Նոյեմբերի 1-ին Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ Աշոտ Սիմոնյանը փորձել էր պայթեցնել «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի Արտաշատի մասնաճյուղը, քանի որ բանկը իրենցից պահանջում է վաճառել բնակարանը: «Հոգեկան ապրումների եւ այլ ելք չունենալու պատճառով նա անգամ պատրաստվում էր վնասել իր ընտանիքին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց Աշոտ Սիմոնյանի կինը` Գոհար Պողոսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին մի տղամարդ զանգահարել էր ՄԻՊ գրասենյակ եւ հայտնել, որ պայթեցնելու է Արտաշատի Շահումյան փողոցում գտնվող «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկը: Ոստիկանները պարզել են, որ զանգահարողը Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ, 3 անչափահաս երեխաների հայր 41-ամյա Աշոտ Սիմոնյանն է, որին անմիջապես ձերբակալել են:
Տեղեկացնենք, որ Աշոտն ապրում է իր կնոջ եւ երեք անչափահաս երեխաների հետ: Սիմոնյանների ընտանիքն ունեցել է սեփական խանութ, որի հետագա գործունեությունը զարգացնելու նպատակով բանկից վարկով գումար է վերցրել: «2009թ. գողերը մտան, թալանեցին մեր խանութը, եւ դրա պատճառով մենք փակեցինք այն: Այդ օրվանից սկսած՝ հայտնվել ենք վատ վիճակում: Բանկը մեր երաշխավորողներին տրամադրել է մեր դեմ, մենք էլ չգիտենք՝ ինչ անել: Ասում էինք՝ սպասե՛ք, լավ կլինի, բայց բանկից մեզ ասում էին՝ ձեր բնակարանը կվաճառենք կամ ձեր երաշխավորողներինը»,- սրտնեղած պատմեց տան միակ աշխատող կինը, որը երեք երեխաների օրվա հացը վաստակում է՝ գյուղի շուկայում մթերք վաճառելով: Խանութի գողության դեպքից անցել է 3 տարի, սակայն մինչ օրս գողերը հայտնաբերված չեն:
Ինչ վերաբերում է Աշոտ Սիմոնյանի՝ բանկը պայթեցնելու մտադրությանը, նրա տիկինը բացատրեց, որ Աշոտը չուներ համապատասխան գործիքներ կամ պայթեցնող սարք, որ գնար այդ քայլին. «Նա պարզապես դա արել է, որ ուշադրություն դարձնեն իր խնդրին եւ ընդառաջեն»:
Կնոջ պատմելով՝ Աշոտն ազատամարտիկ է, մասնակցել է ղարաբաղյան պատերազմին եւ արդյունքում «կոնտուզիա» ստացել: Պետությունն էլ նրան մոռացել է, ոչ մի կերպ չի աջակցում: «Կռված մարդը ո՞նց կարող Է հանգիստ անձնավորություն լինել. նա շատ բռնկվող է ու նյարդային»,-ընդգծեց կինը՝ հուսալով, որ ամուսնուն մեղադրանք չի ներկայացվի, քանի որ առանց այն էլ ճարահատյալ վիճակում գտնվող ընտանիքն ավելի վատ պայմաններում կհայտնվի:
«Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի մասնաճյուղերից մեկի տնօրեն Նորայր Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ հստակ որոշում չկա՝ մեղադրանք կառաջադրեն Աշոտի նկատմամբ, թե ոչ: Սակայն փաստ է, որ այս քայլով նա ավելի բարդացրեց իրավիճակը:
Իսկ Հովտաշենի ղեկավար Խաչիկ Խաչատրյանի ներկայացմամբ էլ Աշոտը ալարկոտ մարդ Է. «Նա իր երաշխավորողներին շատ վատ վիճակում է դրել: Այդ մարդիկ իրենց աշխատավարձից, թոշակից են վճարում նրա պարտքը, ի՞նչ անեն: Կարո՞ղ է Աշոտի երեսից այդ մարդիկ սնանկանան: Աշոտը ո՛չ աշխատել է սիրում, ո՛չ տանջվել: Ոչինչ չի անում, տունը նստած՝ ասում է, թե ես հիվանդ եմ եւ վերջ»: Զայրացած գյուղապետը կարծիք հայտնեց, որ Աշոտին չեն դատապարտի, սակայն նա պետք է վերադարձնի բանկի պարտքը:
Այս պատմությունից մի հետեւություն կարելի է անել. բանկերը խթանում են գյուղացիների սնանկությանը:
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԱՇՈՏԸ ՉՀԱՍՑՐԵՑ ՊԱՅԹԵՑՆԵԼ ԲԱՆԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ