ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվեցին Լոռու, Արարատի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերում իրականացված ստուգումների արդյունքները: Հայտնաբերվել են անբարեխիղճ մրցակցության տասնյակ դեպքեր: Այդ խախտումներն իրականացրած  ընկերություններն են՝  «Արմեն Ղազարյան» ԱՁ-ն, «Մհեր Բարսեղյան» ԱՁ-ն, «Ավգոռ» ՍՊԸ-ն, «Բազիս Ս.Ա.Ռ.» ՍՊԸ-ն, «Դիետ» ՍՊԸ-ն, «Նալբանդյան եղբայրներ» ՍՊԸ-ն, «Ռոստոմ եւ Զոհրաբ» ՍՊԸ-ն եւ «Սանի սիթի» ՍՊԸ-ն:
«Վարույթները հարուցվել են ՏՄՊՊՀ-ի կողմից մարզային այցելությունների ժամանակ հայտնաբերված խախտումների, մասնավորապես վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, ինչպես նաեւ մրցակցային այլ խնդիրների եւ օրենքի տարբեր խախտումների առնչությամբ: Տնտեսվարողների նման վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը: Նրա խոսքով՝ հանձնաժողովը հայտնաբերել է, որ մի շարք պարենային ապրանքներ իրացվում են օրենսդրության կոպիտ խախտումներով: Ստուգայցերի ընթացքում նաեւ հայտնաբերվել են կարագի անվան տակ վաճառվող բուսասերուցքային սփրեդ, մարգարին, անհայտ ծագման կաթնամթերք, հավկիթ, մսամթերք եւ այլն:
«Այս ընկերությունները փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են եւ գործում են արտադրական փոքր ծավալներով: Որպես իրավախախտ ընկերություն՝ հանձնաժողովի տեսադաշտում առաջին անգամ են: Հաշվի առնելով այս հանգամանքներն ու նաեւ այն, որ նրանց հանդեպ կիրառվելիք ֆինանսական պատիժը կարող է էականորեն ազդել նրանց հետագա գործունեության վրա, որոշվեց օրենքի շրջանակում անհամեմատ մեղմ պատիժ կիրառել իրենց նկատմամբ` տալով խիստ նախազգուշացում»,-պարզաբանեց խոսնակը:
Ըստ նրա՝ տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է հասարակությանը  մոլորեցնել առաջարկված ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: «Մոլորեցում է համարվում որակի, քանակի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, տնտեսվարողի անվան, հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր այլ նշումների բացակայությունը, որը սպառողի մոտ կարող է հանգեցնել թյուր տպավորության»,-լրացրեց Գայանե Սահակյանը:
Զրուցեցինք նաեւ «Նալբանդյան եղբայրներ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արայիկ Բարոյանի հետ, որի խանութը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Նա կարագի անվան տակ վաճառել էր բուսասերուցքային սփրեդ. «Դե տեղյակ չենք եղել: Մարդիկ, որ մտնում են խանութ, ասում են՝ էժան կարա՛գ տվեք: Ուղղակի մենք սփրեդի փոխարեն գրել ենք կարագ, բայց այն էժան ենք վաճառել, ոչ թե օգտվել ենք առիթից ու թանկ վաճառել: Խաբեբայություն չենք արել: Չենք պատկերացրել, որ խախտում ենք արել: Բացի այդ, հենց նույն օրը, երբ ստուգողները եկան ու նկատեցին այդ խախտումը, մենք անմիջապես ուղղեցինք մեր սխալը ու գրեցինք սփրեդ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս