«ՏԱԹԵՎԵՐ» ՃՈՊԱՆՈՒՂԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏԱԲԱՐ Է ԿԱՆԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում տեղի ունեցած կայծակի պատճառով «ՏաԹեւեր» ճոպանուղու անվտանգության համակարգն ավտոմատ դադարեցրել էր ճոպանուղու ընթացքը, որի պատճառով 41 մարդ մնացել էր խցիկներում: «ՏաԹեւեր» ճոպանուղու հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Զարմինե Զեյթունցյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ բնական աղետների դեպքում ճոպանուղու կանգ առնելուց հետո, մարդկանց անվտանգությունից ելնելով, անմիջապես անջատվում է էլեկտրական համակարգը:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Գինեսի գրքում գրանցված «ՏաԹեւեր» ճոպանուղին հայտնվում է նման իրավիճակում: Նախորդ անգամ այդպիսի «կանգառի» մասնակից էր դարձել նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իր հյուրերի հետ: «ՏաԹեւեր» ճոպանուղու հասարակայնության հետ կապերի ծառայությունն անմիջապես  հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ ճոպանուղու խափանման պատճառը եղել է կայծակը, եւ բոլոր ուղեւորներն արդեն տարհանվել են:
Հաղորդագրության մեջ նաեւ հայտնել էին, որ «ՏաԹեւեր»-ի աշխատանքն ի սկզբանե այնպես է ծրագրավորված, որ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում ճոպանուղու ընթացքն ավտոմատ դադարում է` ապահովելով ուղեւորների անվտանգությունը: Այնուհետեւ ավտոմատ կերպով կարգավորվում են բոլոր ռեժիմները, եւ շարունակվում է խցիկների ընթացքը: Այս անգամ դադարի ժամանակ ճոպանուղու երկու խցիկները գտնվել են ընդամենը 18 մ բարձրության վրա, սակայն հնարավոր չի եղել կարգավորել ռեժիմը ու շարունակել ընթացքը: Հավելենք, որ խցիկներում եղել է 41 ուղեւոր, որոնցից 17-ն օտարերկրյա քաղաքացիներ են, 18-ը` կին, 7-ը` երեխա:
«ՏաԹեւեր» ճոպանուղու նախկին տնօրեն Տիգրան Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ նման դեպքերը հաճախ են կրկնվում: «Ես այդ դեպքից տեղեկություններ չունեմ եւ չեմ կարող խոսել պատճառների մասին: Շահագործման ընթացքում, բնականաբար, նման դեպք ժամանակին տեղի է ունեցել: Որոշակի խնդիրներ են ծագում, դե բնական է, որ պետք է լինեն, քանի որ դա տեխնիկական կառույց է»,-պարզաբանեց նա:  Նշենք, որ տնօրենի պաշտոնում հիմա Ղազարյանին փոխարինում է ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Մանուկյանը:
«ՏաԹեւեր» ճոպանուղու հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Զարմինե Զեյթունցյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց. «Դա պատահական չի ստացվում, եւ սա խաթարում չէ: Doppelmayr-Garaventa ավստրա-շվեյցարական ընկերության մասնագետների վերջին ստուգման ընթացքում ճոպանուղու բոլոր համակարգերը գնահատվել էին գերազանց: Սակայն այս անգամ կայծակի եւ ուժգին քամու դեպքում ճոպանուղին կանգ է առել, որի ժամանակ էլեկտրական համակարգը անջատվել է: Ի վերջո, կայծակ է եղել, եւ մտածելով մարդկանց անվտանգության մասին՝ էլեկտրական համակարգը չի միացել: Մենք «Գառավենտա»-ից հստակ ցուցումներ ունենք»:
Քամու ուժգնացման դեպքում ճոպանուղին 10 րոպեով կանգ է առնում, սակայն այս դեպքում այն երկար ժամանակով էր կանգնել: Փիառի պատասխանատուից տեղեկացանք, որ ճոպանուղին տարին մեկ անգամ երկու տարբեր ընկերությունների կողմից ենթարկվում է համապատասխան փորձաքննության, որը տեւում է 2 շաբաթ:
«Նման երեւույթներ շատ են պատահում, քանի որ մեզանից եւ ոչ ոք պաշտպանված չէ բնական աղետներից: Հիմա այդ ամեն ինչը կարգավորվել է: Շվեյցարական կազմակերպությունը հստակ ուղեցույց է տվել, թե ինչպես պետք է վարվել նման դեպքերում: Օրինակ՝ այս դեպքում պետք է ոչ թե թողնենք, որ ճոպանուղին միանա, այլ մենք մեխանիկական ձեւով այցելուներին հանենք»,-ավելացրեց Զ. Զեյթունցյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ առայժմ ժամանակավոր դադարեցվել է ճոպանուղու աշխատանքը, քանի որ եղանակը վատ է: Իսկ այն այցելուները, որոնք այդ օրը մնացել էին ճոպանուղու խցիկներում, հյուրասիրվել են «Տաթեւատուն» սրճարան-ռեստորանում եւ գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում. «Մենք ամեն օր զանգում եւ հետաքրքրվում ենք իրենց որպիսությամբ: Սրճարան-ռեստորանում նրանց սուրճ, թեյ ենք հյուրասիրել, տաք ծածկոցներ տվել, որպեսզի տաքանան»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս