Նոյեմբերի 2-ին` ժամը 09:30-ի սահմաններում, Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար: Իրար են բախվել «Գազ 31 10» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները: Արդյունքում «Գազ 31 10»-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել: Բախման հետեւանքով «Մերսեդես»-ի վարորդ, 1966թ. ծնված Մանվել Ալեքսանյանը, «Գազ 31 10»-ի վարորդ, 1977թ. ծնված Արմեն Սարգսյանը եւ ուղեւոր, 1997թ. ծնված Սերյոժա Տուրբարյանը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Հոսպիտալացված երեք հիվանդներից 15-ամյա Սերյոժա Տուրբարյանը, ում մոտ եղել են թեթեւ վնասվածքներ, տեղափոխվել է Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց: Բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբան Կարեն Պողոսյանից տեղեկացանք, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու հիվանդներից մեկը՝ Ա. Սարգսյանը, արդեն ենթարկվել է վիրահատության, իսկ մյուս հիվանդը վիրահատության էր ենթարկվելու ավելի ուշ:
«Ա. Սարգսյանի մոտ ախտորոշվել են ձախ ազդոսկրի, ձախ սրունքի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, ծնկոսկրի կոտրվածք, հեմորագիկ տրավմատիկ շոկ: Շտապ վիրահատությամբ կատարվել է ոսկրերի օստրիոսինթեզ, ստանում է ինտենսիվ, հակաշոկային բուժում: Հիվանդի մոտ գիտակցությունը պահպանված է, բայց ծանր շոկային վիճակի մեջ է»,-տեղեկացրեց Կ. Պողոսյանը:
Մյուս հիվանդի՝ Մանվել Ալեքսանյանի վիճակը բժիշկը գնահատեց միջին ծանրության: Նրա մոտ ախտորոշվել է աջ ծնկոսկրի կոտրվածք: Մեր այնտեղ գտնվելու պահին հետազոտությունները դեռ շարունակվում էին: Մեզ հետ զրույցում բժիշկն ասաց, թե կասկած կա, որ հիվանդի մոտ առկա է ներքին արնահոսություն:
Դեպքի վայրում աշխատել են Գյումրու ճանապարհային ոստիկանության եւ Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցները, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ԱՎՏՈՎԹԱՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ