ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՎ ՎԱՏԹԱՐ ՎԻՃԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին գյուղաշխատողի օրվա առթիվ նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալի է արժանացրել հանրապետության 5 մարզպետերի, այդ թվում՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Հայտնի չէ, թե գյուղատնտեսության նախարարն ինչ չափանիշներով է առաջնորդվել: Ոսկին փայլուն է, սակայն սահմանամերձ, հեռավոր մարզում գյուղատնտեսության վիճակը, մեղմ ասած, փայլուն չէ: Ղուլարյանը ՀՀ «ամենաերկարակյաց» մարզպետն է. նա արդեն 13 տարի պաշտոնավարում է, սակայն այդպես էլ չի լուծում գյուղատնտեսական շուկա ունենալու խնդիրը: Մարզի տնտեսության գերակա ոլորտը գյուղատնտեսությունն է, սակայն Դիլիջանի, Բերդի, Իջեւանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում չեն գործում գյուղատնտեսական շուկաներ, որտեղ գյուղացին կարողանա իրացնել դառը քրտինքով աճեցրած բերքը: Երեւանի շուկան  էլ հեռու է` զբաղեցված Արարատյան դաշտի ֆերմերների կողմից:
Բացի ծխախոտի տերեւներից եւ խաղողից, Տավուշի մարզում գյուղատնտեսական արտադրանքի կենտրոնացված մթերում չի իրականացվում: Ավարտվել է գինու եւ կոնյակի գործարանների կողմից խաղողի ընդունումը, մարզում աշխատող 5 գործարաններն ընդհանուր առմամբ մթերել են 7426 տոննա խաղող: Այս տարի «Իջեւանի գինու կոնյակի գործարան» ԲԲԸ-ն մթերել է շատ քիչ՝ 706 տ խաղող, այն էլ միայն սեւ տեսակը: Այդ պատճառով իջեւանցի խաղողագործները ստիպված էին հավելյալ ծախսեր կատարել՝ խաղողը տեղափոխելով Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններ: Մարզում գործունեություն իրականացնող գինու եւ կոնյակի գործարանների մեծ մասն ընդունած խաղողի համար դեռեւս չի վճարել գյուղացուն: Մինչդեռ խաղողագործները դրա կարիքը շատ ունեն, քանի որ բանկերից վարկեր են վերցրել եւ «տոկոսի տակ են»:
Վատ վիճակում է նաեւ հացահատիկի մշակությունը: Ամեն տարի Տավուշի մարզում հացահատիկի միջին բերքատվությունը կազմում է 18-20 ցենտներ: Ցածր բերքի պատճառը հողն ագրոնոմիական պահանջներին ոչ համապատասխան մշակելն է, նաեւ՝ հացահատիկահավաք կոմբայնների սակավությունը եւ մաշվածությունը: Մարզում կա 70 հացահատիկահավաք կոմբայն, որից սարքին են ընդամենը 39-ը: Դրանցից 9-ը ձեռք են բերվել վերջին 5-6 տարում տարբեր ծրագրերի եւ բարերարների միջոցով, իսկ մնացած 30-ն ունեն 20-25 տարվա վաղեմություն: Գյուղացին հնձի շրջանում դժվարանում է կոմբայն ճարել, հին, մաշված կոմբայններն էլ արտհունձը կորուստներով են կատարում:
Մի քանի անգամ գրավոր դիմել ենք Տավուշի մարզպետին, որպեսզի նա տրամադրի համայնքներից յուրաքանչյուրում ցանված արտերի վերաբերյալ տվյալներ, սակայն չի տրամադրում: Կարծում ենք՝ դրա պատճառն այն է, որ մարզպետարանը մարզի գյուղատնտեսության, կատարված վարուցանքի մասին ուռճացված տեղեկություններ է ուղարկում կառավարություն: Իսկ մեզ նման տեղեկատվություն տրամադրելու դեպքում սուտը կբացահայտվի: Մարզի ցանքատարածությունների կեսից ավելին չի մշակվում: Եւ դրա՞ համար են մարզպետին ոսկե մեդալի արժանացնում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս