ՑԱՆԿԱՑԱԾ ՀՐԱՎԵՐ ՄԵՐԺՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ Արա Աբրահամյանի առաջարկությամբ երգիչ, կոմպոզիտոր, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական ՄԱՐԱՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ընտրվել է կոնգրեսի խորհրդի անդամ:
-Խորհրդի ցանկացած անդամ կարող է առաջարկել իր թեկնածուին: Իմ պարագայում առաջարկն արեց հենց նախագահը՝ անձամբ Արա Աբրահամյանը: Բոլորը միաձայն քվեարկեցին, ոչ ոք դեմ չէր:
-Արդեն գիտե՞ք՝ ինչ աշխատանքներ են Ձեզ այնտեղ սպասվում:
-Համաշխարհային կոնգրեսի գործառույթները բազմաշերտ են, դրանք մասնավորապես առնչվում են հայոց Ցեղասպանության ճանաչման, Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման խնդիրներին, հայապահպանությանն առհասարակ: Հիմնական կետերը սրանք են, բայց կան նաեւ այլ հարցեր:
-Գաղտնիք չէ, որ պարոն Աբրահամյանը կորցրել է իր որոշ բիզնեսներ Լիբիայում, եւ խոսակցություններ էին պտտվում, թե որոշել է վաճառել նաեւ Ռուսաստանի իր բիզնեսներն ու գալ Հայաստան:
-Պարոն Աբրահամյանը Հայաստան չի վերադառնում, նա Ռուսաստանի քաղաքացի է, այնտեղ ամենախոշոր ու հարգված գործարարներից մեկն է, ինչպես նաեւ գիտեք իր կապերի մասին Ռուսաստանի ամենաբարձր իշխանությունների հետ: Պարոն Աբրահամյանը տարբեր երկրներում տարբեր բիզնեսներ ունի, կորցրել է միայն Լիբիայի բիզնեսները, ու դեռ հայտնի չէ՝ հնարավոր է, որ այդ կորցրած գումարները հետ բերվեն: Կարծում եմ՝ սա ինձ հետ քննարկելու հարց չէ, քանի որ պարոն Աբրահամյանը որպես բիզնեսմեն չէ Համաշխարհային կոնգրեսի նախագահ: Կոնգրեսի աշխատանքներն իր մասնավոր գործունեության հետ որեւէ կապ չունեն: Կոռեկտ չէ, որ ես եմ պատասխանում այս տեսակ հարցերին:  
-Դուք նաեւ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականն եք, ինչպե՞ս եք հասցնելու համատեղել կոնգրեսի աշխատանքների հետ:
-Մշակույթի նախարարությունում կոնկրետ պաշտոն է` հաստիքով, աշխատավարձով, իսկ խորհրդում գործունեությունը հասարակական սկզբունքով է: Կարծում եմ՝ չհասցնելու խնդիր չի լինի:
-Մշակույթի նախարարությունն ի՞նչ ծրագրեր է մշակել` մեր մշակույթը դեգրադացիայից զերծ պահելու համար:
-Մշակույթի նախարարությունը Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ օրնիբուն տաժանակիր աշխատանք է իրականացնում: Մենք տեսնում ենք, որ մեր մշակույթն այսօր բավական առաջխաղացում է ապրել, պրոգրես կա: Եթե Դուք խոսում եք շոու բիզնեսի մասին, դա մշակույթի շատ փոքր հատվածն է, որն առանձնապես նախարարության գործառույթների շրջանակներում չէ: Շոու բիզնեսով հիմնականում զբաղվում են հեռուստատեսությունն ու ռադիոն: Իսկ դասական արվեստն այսօր զարթոնք է ապրում, դրա երաշխավորը մշակույթի նախարարության բուռն աշխատելաոճն է: Տեսնո՞ւմ եք՝ ինչ հեղինակավոր երաժիշտներ են գալիս Հայաստան, ինչ համերգներ են կազմակերպվում, վարպետության դասընթացներ են տալիս:
-Ներողություն, Դուք կարծում եք, որ միայն հյուրեր հրավիրելով՝ հնարավո՞ր է մշակույթ զարգացնել:
-Չգիտեմ՝ որքանով եք Դուք քաջատեղյակ, բայց մեր կոլեկտիվներն այս վերջին 2-3 տարիների ընթացքում աննախադեպ ակտիվությամբ շրջել են ամբողջ աշխարհով, ամենահեղինակավոր դահլիճներում համերգներ ունեցել: Գոնե դասական արվեստում առաջխաղացումը չնկատել չի կարելի, էլ չեմ խոսում մեր թատերական ու կինո փառատոների մասին, որոնք պարբերաբար կազմակերպվում են Հայաստանում:
-Դուք ինքներդ էլ դասական արվեստի ներկայացուցիչ եք, ի՞նչ եղավ Ձեր երաժշտական կարիերան:
-Ամեն ինչ նորմալ է, նոր երգեր ու ստեղծագործություններ եմ գրում, ձայնագրում, շուտով պատրաստ կլինի իմ երրորդ ձայնասկավառակը, որտեղ մասնավորապես կլինեն պատմահայրենասիրական երգեր: Դրանք շատ եմ կարեւորում, քանի որ դրանց պակասն ու անհրաժեշտությունը հիմա կա, մարդկանց ոգին ամրապնդելու լուրջ խնդիր ունենք: Ես գոնե զբաղվում եմ դրանով` չհետապնդելով որեւէ կոմերցիոն շահ:
-Մի քիչ վիրավորակա՞ն չէ այն հանգամանքը, որ այսօր դասական արվեստով շատ գումար չես վաստակի:
-Պետք է համակերպվել դրա հետ: Վիրավորվելով կամ չվիրավորվելով ոչինչ չես փոխի: Բնական է, որ այլ կատարողներ իրենց գումարը վաստակում են խնջույքներին ու հարսանիքներին, բայց չեմ կարծում, որ որեւէ մեկը խնջույքին պատմա-հայրենասիրական երգեր լսելու ցանկություն ունենա, կարող է 1-2 հատ, ոչ ավելի: Ամբողջ աշխարհում է այդպես, չեմ ուզում սա տեղայնացնել ու ասել, որ միայն մեր երկրում կա այս խնդիրը:
-Դուք երբեւէ չե՞ք երգել նման խնջույքներին:
-Երբեւէ չեմ մասնակցել, ցանկացած հրավեր մերժվել է: Միայն մասնակցել եմ այն պարագայում, երբ այդ մարդը եղել է ինձ շատ մտերիմ ու հարազատ, հյուր եմ եղել ու իմ կամքով նվիրվել եմ տվյալ միջոցառման գլխավոր «մեղավորներին»:
-Դա սկզբունքայի՞ն հարց է Ձեզ համար, թե՞ գումարը բավականաչափ չի եղել:
-Միայն սկզբունքային հարց է, գումարի չափն այստեղ որեւէ կապ չունի: Ես որեւէ վատ բան չեմ տեսնում, երբ մարդիկ գումարի համար են մասնակցում, պարզապես իմ տեսակը, իմ երաժշտաոճական ընկալումները հաշվի առնելով՝ չեմ կարծում, որ հարմար եմ նման  միջոցառումներին երգելու համար:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս