Armenian text to speach

ՀՀ և ԼՂՀ դատախազերը այցելել են Արդարադատության ակադեմիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Արդարադատության ակադեմիա են այցելել հայկական երկու հանրապետությունների Գլխավոր դատախազները՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ու ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:

Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի ուղեկցությամբ հյուրերը` ՀՀ և ԼՂՀ գլխավոր դատախազները, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Էմիլ Բաբայանը  շրջայց են կատարել, ծանոթացել Ակադեմիայի շենքային պայմաններին, հետևել լսարաններում ընթացող դասերին: Հայկական երկու հանրապետությունների Գլխավոր դատախազները եղել են նաև այն քննասենյակում, որտեղ այդ պահին ընթանում էր դատախազի 16 թեկնածուների «Դատախազի մասնագիտական էթիկա» առարկայի գրավոր քննությունը: Ընդգծելով գիտելիքի բացառիկ կարևորությունն արդի ժամանակաշրջանում՝ Գևորգ Կոստանյանն Ակադեմիայի ունկնդիրներին կոչ է արել լավ սովորել, անընդհատ կատարելագործվել, քայլել իրավունքի զարգացմանը համընթաց:

Այնուհետև անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ակադեմիայի կողմից կատարված աշխատանքը, առաջիկա ծրագրերը՝ առանձնահատուկ շեշտելով մասնագիտական պատրաստմանն ու վերապատրաստմանն առնչվող հարցերը:

Հյուրերը հետաքրքրվել են այս պահին Ակադեմիայում ԼՂՀ-ից մասնագիտական պատրաստում անցնող դատախազի 5 թեկնածուների ուսումնական առաջադիմությունից՝ հատուկ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղին հարկավոր են բացառապես որակյալ ու բանիմաց մասնագետներ: Ակադեմիայում ուսումնառությունը  հաջողությամբ ավարտելու դեպքում հենց այդ կադրերն են համալրելու ԼՂՀ դատախազական համակարգը:

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կապահովի զարգացման նոր հեռանկարներ:




Լրահոս