Գազալցակայանում անվտանգության պահանջները չեն պահպանվել. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելու դեպքի առթիվ։

2015 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 16կմ-ի աջակողմյան հատվածում՝ Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում, ժամը 09։30-ի սահմաններում, անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչն առաջացրել է պայթյուն։

Բռնկված հրդեհի հետևանքով գազալցակայանում գտնվող Արմեն Ռաֆիկի Հակոբյանը, Արմեն Հակոբի Հակոբյանը և Արթուր Գասպարյանն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այրվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»։ Վնասվել է նաև գազալցակայանի մոտակայքում կայանված «Ֆոլցվագեն Տուարեգ» ավտոմեքենան:

Նախապատրաստված նյութերով Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։




Լրահոս