2015թ. մայիսի 26-ին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկությունում տեղի ունեցավ ցմահ բանտարկյալ Մանուկ Հրաչյայի Սահակյանի «1000 տոննա տարողության բանջարեղենի սառնարանի նախագիծ» թեմայով դիպլոմային աշխատանքի պաշտպանությունը։
Հիմք ընդունելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ուսանող Մանուկ Հրաչյայի Սահակյանի և նրա ծնողի դիմումները, համապատասխան համաձայնության գալով Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկության հետ՝ Պոլիտեխնիկը կազմակերպել էր Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկությունում Մեքենաշինական ֆակուլտետի «Սառնարանային, կրիոգեն տեղակայանքներ և կոնդիցիոնացման համակարգեր» մասնագիտության Մ546 ակադեմիական խմբի նախկին ուսանող, ցմահ բանտարկյալ Մանուկ Հրաչյայի Սահակյանի դիպլոմային աշխատանքի պաշտպանությունը։
«Սառնարանային, կրիոգեն տեղակայանքներ և կոնդիցիոնացման համակարգեր» մասնագիտության ամփոփիչ քննությունն ընդունեցին հանձնաժողովի նախագահ՝ «Նեռու» ՍՊԸ տնօրեն, տ.գ.թ. Ն.Հակոբյանը, նախագահի տեղակալ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Գյուղմեքենաշինության տեխնոլոգիա և նորոգում» ամբիոնի դոցենտ, տ.գ.դ. Ս.Կոխլիկյանը, «Գրանդ Տոբակո» ՀՁ ՍՊԸ Սիգարետի արտադրության տեխնիկական ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ա.Ղարայանը, «Պրոգրեստեղ Արմենիա» ՍՊԸ խմբի ղեկավար, տ.գ.թ. Դ.Յուրմուզյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Ս.Աղբալյանը, Մեքենաշինական ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ա.Արշակյանը, «Մեքենաշինության ավտոմատացում և համալիր մեքենայացում» ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Բ.Բալասանյանը, նույն ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ֆ.Փարիկյանը։
Դիպլոմային աշխատանքի պաշտպանությանը ներկա էին նաև Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկության Սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ, փոխգնդապետ Օ.Չարչյանը և Տեր Գրիգոր քահանան։
Դիպլոմային աշխատանքի պաշտպանության գործընթացն սկսվեց Տեր Գրիգոր քահանայի Տերունական աղոթքով։
Հանձնաժողովի նախագահ Ն.Հակոբյանը ներկայացրեց հանձնաժողովի անդամներին։ Այնուհետև հնարավորություն տրվեց Մ.Սահակյանին ներկայացնել իր աշխատանքը։ Հանձնաժողովի անդամների կողմից տրվեցին թեմային առնչվող հարցեր, որոնց պատասխանեց Մ.Սահակյանը։
Մանուկ Սահակյանը դիպլոմային աշխատանքը պաշտպանեց գերազանցությամբ (94 բալ)։
Ասվեցին շնորհավորանքի և շնորհակալական խոսքեր։
Տեր Գրիգոր քահանան իր երախտագիտության խոսքն ուղղեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությանը և դասախոսական անձնակազմին Մանուկի դիմումին ընդառաջելու համար։ Նա նշեց, որ նման մոտեցումը ցմահ բանտարկյալներին ոչ միայն բակալավրի կոչում ստանալու կամ մասնագիտություն ձեռք բերելու համար է, այլև այն օգնում է ապրել և հուսալ։
Մ.Սահակյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությանը, Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկության աշխատակիցներին, Սոցիալ-հոգեբան Օ.Չարչյանին և Տեր Գրիգոր քահանային։ Նա նաև հատուկ շնորհակալություն հայտնեց դիպլոմային աշխատանքի իր ղեկավար Ֆ.Փարիկյանին, ով ջանքեր չի խնայել իր դիպլոմային աշխատանքի կատարման համար։ Նա չմոռացավ նաև բանտախցի իր ընկերներին, ովքեր օգնել են իրեն և հանդուրժել իր դիպլոմային աշխատանքի կատարման հետ կապված անհարմարությունները։ Մանուկը իր ապագա պլաններում նախատեսում է նաև մագիստրոսական կրթություն ստանալ։
Պրոֆեսոր Ս.Աղբալյանը ողջունելով Մանուկի ցանկությունը նշեց, որ անհնարին չէ նման ձգտում ունեցող երիտասարդը ստանա նաև մագիստրոսական կրթություն։
Դոցենտ Ֆ.Փարիկյանը շնորհավորեց Մ.Սահակյանին, գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքի համար։
Ատեստավորման քննությանը և դիպլոմային աշխատանքի պաշտպանությանը նախորդել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Մեքենաշինական ֆակուլտետի կողմից կազմակերպված կոնսուլտացիաներ և ավարտական աշխատանքի ղեկավարում, որն իրականացրել է Ֆ.Փարիկյանը։
2015թ. մայիսի 12-ին նա նույն հանձնաժողովին հանձնել է ատեստավորման քննություն և ստացել է «գերազանց» գնահատական։
Ատեստավորման քննությանը և ավարտական աշխատանքի պաշտպանությանը նախորդել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Մեքենաշինական ֆակուլտետի կողմից կազմակերպված կոնսուլտացիաներ և ավարտական աշխատանքի ղեկավարում, որն իրականացրել է Ֆ.Փարիկյանը։