Գյումրիի “Շիրակ կենտրոնի” կայքից տեղեկանում ենք, որ Գյումրի ոստիկանությունը կալանք է դրել Գյումրիի բնակչուհի Արմենուհի Մաթոսյանի կիսաքանդ տնակի վրա այն բանից հետո, երբ վերջինս 24 տարի խոնավ ու ցուրտ տնակներում բնակվելուց հետո օրերս վերջապես Մուշ-2 թաղամասում իր երկու երեխաների և տարեց մոր հետ բնակարան է ստացել և փորձել է քանդել իր տնակը։ Կենտրոնի կայքում Արմենուհի Մաթոսյանի տնակի հետ կապված պատմության մասին ասվում է հետևյալը.
“Առաջին հայացքից թվում է, թե Գյումրին վագոն-տնակներից ազատման գործում պիտի շահագրգռված լինեին բոլորը, այդ թվում առաջին հերթին բնակիչները, ապա տեղական ու հանրապետական իշխանությունները:
Սակայն 2010թ.-ից Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացի մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բնակարան ստացած անօթևան բազմաթիվ ընտանիքներ տնակների քանդման ժամանակ երբեմն հանդիպում են արհեստածին խոչընդոտների և որ ամենացավալին է դրանց հաղթահարման գործում նրանք մնում են անօգնական վիճակում:
Իսկ, աղետի գոտում ՀՀ կառավարության բնակարանների բաշխումը կանոնակարգող որոշումներով սահմանված կարգի համաձայն, նոր բնակարան ստացած ընտանիքները, որպեսզի կարողանան իրենց նոր բնակարանները սեփականաշնորհել պետք է քանդեն իրենց տնակները և ազատեն տարածքները, ինչպես նաև այդ փաստը պիտի հիմնավորվի տեղական իշխանությունների կողմից տրված համապատասխան գրավոր տեղեկանքով:
Ավելացնենք, որ յուրաքանչյուր բնակբաշխման գործընթացի ժամանակ Գյումրիում ձևավորվում են հատուկ շինարարական բրիգադներ, ովքեր բնակարաններ ստացած ընտանիքներից գնում են ժամանակավոր կացարանները, դրանք քանդում և վաճառում են որպես շինանյութ: Այդ գործարքները շահավետ են նաև բնակարան ստացած ընտանիքներին, ովքեր տնակների վաճառքից ստացած գումարները օգտագործում են բնակարանամուտի ծախսերը հոգալու և նոր բնակարանը կահավորելու համար որևէ անհրաժեշտ գույք գնելու նպատակով:
Տնակները քանդելու գործում երբեմն խոչընդոտում են այն անձինք, ովքեր տարիներ առաջ գյումրեցու խոսքերով ասած, “շան մսի գնով” ձեռք են բերել քաղաքի երբեմնի հզոր հիմնարկ-ձեռնարկություններն ու երկրաշարժից հետո Գյումրիում նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններից ժամանած և վերականգնողական աշխատանքներ իրականացրած շինարարների կողմից թողած հիմնարկությունների գույքն ու բանվորական հանրակացարանները:
Խնդիրը նրանում է, որ այդ տարածքներում տեղադրված վագոն-տնակներում բնակվող անօթևանները, երբ բնակարաններ են ստանում և փորձում են իրենց տնակները քանդել, հայտնվում են այդ տարածքների սեփականատերերը և պահանջում են տնակները իրենց հանձնել, պատճառաբանելով, թե իրենք տարածքները գնել են այնտեղ տեղադրված տնակներով հանդերձ: Իհարկե, նման պարագաներում լինում են շատ անօթևան ընտանիքներ, ովքեր էլի փառք են տալիս Աստծուն, որ իշխանությունները տարածքների և տնակների հետ միասին նաև իրենց չեն վաճառել…
Բնականաբար ցավալի է, որ Գյումրիում որոշ մարդիկ խափանում և քաշքշոցների մեջ են ներքաշում 24 երկար ու ձիգ տարիներ բնակարանամուտի ուրախությանը սպասած ընտանիքներին:
Նման վիճակում է հայտնվել նաև “Շիրակ կենտրոնի” այսօրվա տեսանյութի հերոսը, ով 24 տարի խոնավ ու ցուրտ տնակներում բնակվելուց հետո օրերս վերջապես Մուշ-2 թաղամասում իր երկու երեխաների և տարեց մոր հետ բնակարան է ստացել և փորձել է քանդել իր տնակը, սակայն նրա` Արմենուհի Մաթոսյանի կիսաքանդ տնակի վրա Գյումրու ոստիկանության կողմից կալանք է դրվելե:
Առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում: