Կարեն Ճշմարիտյանն ընդունել է «Դ-Լինք» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է «Դ-Լինք» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ֆան Դուգլաս Հսիաոնի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ընկերության փոխնախագահներ Տաո Թոմաս Հուանգը, Չիհ-Չանգ Ալեքս Չիանգը և տարածաշրջանային տնօրեն Վլադիմիր Լիպինգը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Նաիրա Նիկողոսյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Ողջունելով հյուրերին` ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը մշտապես աջակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին և ուշադրության կենտրոնում է պահում նրա զարգացման ընթացքը: Իր հերթին Հայաստանի կառավարությունը ջանքերն ուղղորդում է ոլորտի վերազգային ընկերությունների հետ համագործակցության ընդլայնմանը և վերջիններիս հետ համատեղ հեռանկարային ծրագրերի իրականացմանը: Այս համատեքստում, Կարեն Ճշմարիտյանի մեկնաբանությամբ, Հայաստանի  կառավարության կողմից ողջունելի է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում «Դ-Լինք» ընկերության հետ արդյունավետ համագործակցությունը:

Նախարարը նշել է, որ Հայաստանում կան բարձրակարգ և շնորհալի մասնագետներ ճարտարագիտության, ինֆորմատիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառներում, ինչը լավ հիմք է ստեղծում ՏՏ ոլորտի վերազգային ընկերությունների կողմից Հայաստանում հեռանկարային ծրագրերի իրականացման համար: Նախարարը նաև տեղեկացրել է «Դ-Լինք» ընկերության ներկայացուցիչներին, որ Հայաստանը ՏՏ ոլորտի զարգացման քաղաքականության իրականացման ընթացքում ակտիվորեն կիրառում է միջազգային լավագույն փորձը` համապատասխանեցնելով այն երկրում առկա պայմաններին:

Ֆան Դուգլաս Հսիաոնն իր խոսքում նշել է, որ Թայվանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը նույնպես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում և շեշտել, որ ոլորտը զգալի դերակատարում է ունեցել Թայվանի տնտեսության զարգացման գործում: Նրա կարծիքով` Հայաստանն ընտրել է զարգացման ճիշտ ուղի, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ի վերջո նպաստում է նաև երկրի տնտեսական աճին և մրցունակության բարձրացմանը: Պարոն Հսիաոնը նաև խոստովանել է, որ տպավորված է Հայաստանի ՏՏ ոլորտով և նշել, որ դրա վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացնի Թայվանի էլեկտրոնիկայի ոլորտի արտադրողների միությունում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և կառաջարկի վերջիններիս մասնակցել ընթացիկ տարվա աշնանը Հայաստանում կայանալիք «Դիջիթեք» ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ցուցահանդեսին, ինչպես նաև ծրագրեր իրականացնել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել է հյուրերին, որ, հիմք ընդունելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հաջողված մոդելը` արդեն իսկ աշխատանք է իրականացվում Վանաձորում համանման տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման ուղղությամբ:

Էկոնոմիկայի նախարարն ընդգծել է նաև, որ «Դ-Լինք» ընկերության հետազոտական կենտրոնը նշանակալի դերակատարում կունենա Գյումրի քաղաքի և տարածաշրջանի առաջընթացի, Հայաստանում հզոր գիտաարտադրական ներուժի զարգացման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային գործընթացներին Հայաստանի ինտեգրման համար:

Հանդիպման ավարտին պարոն Հսիաոնը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը` ՏՏ ոլորտում Հայաստանի ապագա հաջողություններին «Դ-Լինք» ընկերությանը մասնակից դարձնելու համար:




Լրահոս