Հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածու Էդվին Թադևոսյանը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարեկամն է՝ մորաքրոջ թոռը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրանց հարաբերությունները այնքան էլ լավ չեն: Նրա առաջադրումից հետո խոսակցություններ տարածվեցին, թե նրան առաջադրել է Գագիկ Ծառուկյանը, որպեսզի «փոշիացնի» Արթուր Հարությունյանի՝ Պալաչի ձայները:
Այս և այլ հարցերի մասին Armlur.am-ը զրուցեց Էդվին Թադևոսյանի հետ: Նա նաև նշեց, թե Աբովյանում մշտապես վախի մթնոլորտ է տիրել և ինքը նպատակ ունի առաջին հերթին հենց դա վերացնել քաղաքից:
– Պարոն Թադևոսյան, ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:
– Հաղթելու ենք, ժողովուրդը մեզ հետ է: Աբովյանցիները փոփոխություն են ուզում, իսկ դա տեսնում են մեզ հետ:
– 28 տարեկանում դեռ վա՞ղ չէ այդքան բեռ Ձեր ուսերի վրա վերցնել:
– 28 տարեկանում շատ բանի եմ հասել: Ես երկար տարիներ աշխատել եմ Վերահսկիչ պալատում, վերջին տարիներին բացահայտ զբաղվում եմ բիզնեսով: Քարոզչության ամբողջ ծախսերը ես եմ հոգում:
– Դուք ասացիք, որ վախի մթնոլորտ է տիրել: Ո՞վ է այդ մթնոլորտը ստեղծել:
– Տարիների ընթացքում է ձևավորվել: Եթե դպրոցներում, մանկապարտեզներում մարդկանց թեկնածուներ են ներկայացնում, ստիպում ընտրել, դա հենց վախի մթնոլորտն է: Բայց հիմա այդ մթնոլորտը չկա, ես առաջադրվել եմ և մեր հաղթանակով ամեն ինչին վերջ կդնենք:
– Երկար տարիներ Աբովյան քաղաքը համարվել է Գագիկ Ծառուկյանի «տարածքը»: Այսինքն՝ նա՞ էլ է վախի մթնոլորտը ստեղծողներից:
– ՀՀ-ում չկան մարզեր կամ տարածքներ, որոնք կոնկրետ որևէ անձին են պատկանում:
– Այդ դեպքում վախի մթնոլորտը ո՞վ է ստեղծել: Միգուցե նախո՞րդ քաղաքապետն էր, այսինքն՝ Կարապետ Գուլոյանը:
– Ընդհանուր մթնոլորտն է, չեմ ուզում անուններ տալ:
– Գագիկ Ծառուկյանը ձեզ սատարու՞մ է:
– Միանշանակ ոչ:
– Իսկ իր հետ շփվու՞մ եք:
– Բնականաբար որպես բարեկամ՝ իհարկե:
– Տարածված լուրեր կան, որ Գագիկ Ծառուկյանն է ձեզ առաջադրել՝ Արթուր Հարությունյանի ձայները փոշիացնելու համար:
– Բոլոր աբովյանցիները, ճանաչելով Էդվին Թադևոսյանին, գիտեն, որ Էդվին Թադևոսյանն ինքնուրույն մարդ է: Էդվին Թադևոսյանին ոչ մեկ չի կարա առաջադրի:
– Ձեզ հիմնական մրցակից ո՞ւմ եք համարում:
– Անուններ չտամ: Մի թեկնածու կա, որի հետ հարաբերություններ կա և ում ազնիվ մարդ եմ համարում՝ Արթուր Հարությունյանը:
– Ո՞ր Արթուր Հարությունյանը (նշենք, որ նույն անուն ազգանունով երկու թեկնածու կա):
– Իրական Արթուր Հարությունյանը:
– Այսինքն՝ մյուսը կե՞ղծ է:
– Դե բնականաբար, եթե մարդուն ոչ մեկ չի ճանաչում: Ոչ շտաբ ունի, բնականաբար բոլորը գիտեն, ժողովուրդն էլ խոսում է:
– Նրա՞ն են բերել Արթուր Հարությունյանի ձայները փոշիացնելու համար, ոչ թե ձեզ:
– Պրովակացիոն հարցեր եք տալիս: Բերողներին պետք է հարցնել: Ես չգիտեմ, թե ով է բերողը:
Հավելենք, որ Էդվին Թադևոսյանի նախընտրական շտաբը գտնվում էր «Ամրոց» կոչվող ռեստորանային համալիր հիշեցնող շենքում, որը, ըստ տեղեկությունների, պատկանում է հենց իրեն: Թադևոսյանը, սակայն այդպես էլ չասաց, թե դա ինչ հաստատություն է: Նշենք նաև, որ անկուսակցական թեկնածուն զբաղվում է սպասարկման և առևտրի բիզնեսներով:
Նաիրա Հովհաննիսյան