Քաղաքաշինության նախարարությունը ձեռք է բերել Պալյան ճարտարապետական գերդաստանի արխիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ շուրջ 6 ամիս տևած բանակցությունների արդյունքում Հայաստան է բերվել Կոնստանդնուպոլսի բազմաթիվ բարձրարժեք և հայտնի շենքերի հեղինակ Պալյան ճարտարապետական գերդաստանի արխիվը (նախագծեր, լուսանկարներ, գրավոր նյութեր): Բացառիկ այս ժառանգության հետ ճարտարապետներ՝ Լևոն, Հովհաննես և Արմեն Կուրեղյանների, անծանոթ հեղինակների 1900-1904 թթ-ին հայկական ճարտարապետության հուշարձանների լուսանկարների արխիվը ևս իտալաբնակ հայ ճարտարապետ Արմեն Կուրեղյանի կողմից ՀՀ քաղաքաշինության նախարարությանն է հանձնվել որպես նվիրատվություն:
Մայիսի երկրորդ տասնօրյակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության և ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ համատեղ անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայկական պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցել է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արամ Բադալյանի գլխավորությամբ: Գիտաաժողովը մեկնարկել է Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության Ընդհանրական Աբբահայր Հայր Յեղիա Ծայրագույն Վարդապետ Քիլաղբյանի կողմից մատուցված խորհրդանշական պատարագով:

Պաշտոնական բացմանը Մխիթար Սեբաստացու արձանի մոտ ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Արամ Բադալյանը՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալներ և պատվոգրեր շնորհելով ճարտարապետներ Արա Զարյանին և Քրիստին Լամողուեին՝ Երևանյան ճարտարապետական բիենալե 2014-ին «Պատմամշակութային հուշարձանի վերականգնում» անվանակարգում «Զորավար Սուրբ Գևորգի Լմբատավանքի մանրանկարների պատկերագրություն» աշխատանքի համար:

Պատվիրակությունը մասնակցել է նաև Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանում անցկացված գիտաժողովի աշխատանքներին, որի ընթացքում Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը ներկայացրել է հայ-իտալական ճարտարապետական առնչություններին վերաբերող իր զեկույցը:

Գիտաժողովի օրերին Մուրադ Ռաֆայելյան վարժարանի ցուցասրահում բացվել է քաղաքաշինության նախարարության կազմակերպած՝ Հայոց մեծ Եղեռնը վերապրած հայ ճարտարապետների երեք սերունդների ստեղծագործություններին նվիրված «Վերապրածները…» խորագրով ցուցահանդեսը՝ մեծ հետաքրքրություն առաջ բերելով գիտաժողովի մասնակիցների և հյուրերի շրջանում:

unnamed (3)




Լրահոս