Armlur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի լրատվության վարչությունից տեղեկանում է, որ ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Դ. Հարությունյանին։
Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Դ.Հարությունյանը, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, իր թվացյալ գերակայությունն ընդգծելու շարժառիթներով, վիրավորել և բռնություն է գործադրել զինծառայող Հ.Համբարյանի նկատմամբ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Դ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, զինծառայողին վիրավորելը):
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանը մերժել է։
Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողոթյուն իրականացնող դատախազը դատարանի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք։
Հիշեցնենք, որ Հարություն Համբարյանի հայրը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել էր, որ իր որդին չէր կարող ինքնասպանություն գործել: Ըստ հոր, կատարվածը կա՛մ պատահականություն է, կա՛մ սպանություն, բայց ոչ երբեք ինքնասպանություն: Իսկ զորամասի հրամանատար Սամվել Գրիգորյանը նշել էր, որ բաներ է լսել զինվորի մասին եւ առայժմ չի ցանկանում գնահատական տալ կատարվածին:
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ քրեական գործ էր հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանշներով: