Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ստուգումներ է կատարել պանրի արտադրությամբ զբաղվող 59 ընկերություններում, որոնցից 18-ի գործունեությունը դադարեցվել է: Այս մասին այսօր կառավարության նիստում, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ, զեկուցեց տեսչության պետ Աբրահամ Բախչագուլյանը:
Խախտում թույլ տված ընկերությունները հիմնականում փոքր տնտեսվարողներն են` Երևանում և մազերում, որոնց արտադրանքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ: Աբրահամ Բախչագուլյանն ընդգծեց, որ աղիքային ցուպիկի մեծ չափաքանակը մարդկանց մոտ մարսողական համակարգի խնդիրներ է առաջացնում: Ստուգումների արդյունքում խախտում կատարած տնտեսվարողների նկատմամբ ավելի քան 10 մլն դրամի տուգանք է սահմանվել, ոչնչացվել է 5.5 տոննա պանիր:
Բախչագուլյանը նշեց, որ նմանօրինակ խախտումներ խոշոր արտադրողների մոտ չեն հայտնաբերվել, քանի որ խոշորներն անվտանգության նորագույն տեխնոլոգիաներ են կիրառում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իրավիճակը մտահոգիչ համարեց` հանձնարարելով խնդրի վերաբերյալ ԶԼՄ-ներին մանրամասն տեղեկություն տալ, որպեսզի մարդիկ խուսափեն անորակ սննդամթերք գնելուց:
Ծառայության պետն ընդգծեց, որ այս փուլում նշված 18 ընկերությունները վերացնում են արձանագրված խախտումները: Ըստ Բախչագուլյանի` սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մինչև տարեվերջ ևս 70 ընկերությունում ստուգումներ կկատարի: