Ինչպես արդեն հայտնել էինք, Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի տարածքային կառույցի երկրապահների միջև առկա են տարաձայնություններ: Բանն այն է, որ մարզային կառույցը հայտարարություն էր տարածել և հայտարարել, որ հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իրենք սատարելու են Վահագն Գևորգյանին: Սակայն Աբովյանի տարածքային խորհրդի 28 անդամներից 20-ը սատարում են Արթուր Հարությունյանին՝ Պալաչին:
Այսօր Աբովյանում Կոտայքի մարզայինի ներկայացուցիչները դռնփակ հանդիպում էին ունեցել համայնքայինի ներկայացուցիչների հետ և քննարկել ընտրությունների հարցը: Քննարկումից հետո մարզային կառույցի ղեկավարը հայտարարեց, թե ընտրությունն ազատ է թողնված և ԵԿՄ-ականները կարող են սատարել՝ ում ցանկանան:
Armlur.am-ը կապ հաստատեց ԵԿՄ նախագահ Վարդան Վարդանյանի հետ՝ Մանվել Գրիգորյանի պաշտոնական տեսակետն իմանալու նպատակով: Նա նշեց, թե քանի որ այս ընտրությունները ոչ թե համապետական են, այլ համայնքային, Մանվել Գրիգորյանը նախընտրել է որոշումը թողնել մարզային կառույցի վրա:
Սա նշանակում է, որ այլ կերպ ասած, գեներալ Մանվելն այս ընտրություններին չի «խառնվում»: