«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկվա դրությամբ դեռ չէր ստացել Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծի գործի նյութերը: Ինչպես հայտնի է՝ նա մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը ՀՀ քննչական կոմիտեից կպահանջի եւ մինչեւ մայիսի 25-ը կստանա Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծի գործը եւ դրանից հետո նոր միայն կկարողանա գնահատականներ տալ:
Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզեց, որ դեռեւս մայիսի 22-ին քրեական գործը հսկող դատախազը պահանջել է նյութերը: Սակայն նրան ՀՀ քննչական կոմիտեից պատասխանել են, որ գործն առայժմ չեն կարող տրամադրել: ՔԿ-ից իրենց մոտեցումը հետեւյալ կերպ մեկնաբանեցին. «Քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ դատավարական գործողություններ, հարցաքննվում են տարբեր անձինք, որոնք կարող են գործի հանգամանքների բազմակողմանի եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով էական ցուցմունքներ տալ:
Ծանուցագրեր են ուղարկվել շուրջ երկու տասնյակ անձի՝ վարույթն իրականացնող մարմնին ներակայանալու համար: Քննության ակտիվ փուլում քննչական գործողությունների ընդհատումը վարույթն իրականացնող մարմնի կարծիքով նպատակահարմար չէ: Քրեական գործի նյութերը կուղարկվեն անհրաժեշտ քննչական գործողությունները կատարելուց հետո»: Իհարկե, եթե գործը պահանջողը լիներ ոչ թե վերահսկող դատախազը, այլ ուրիշ պաշտոնյա, ապա ՔԿ-ի պատասխանը լիարժեք հասկանալի կլիներ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: