Երևանի մանկատներից օրավարձով երեխաներին վերցնում են մուրացկանության համար. հաղորդում հանցագործության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ իրենք տեղեկություն ունեն, որ Երևանի մանկատներից օրավարձով երեխաներին վերցնում են և օգտագործում մուրացկանության համար:

Զոհրաբյանը Օմբուդսմենից խնդրեց հետամուտ լինել այս հարցում: Իսկ Կարեն Անդրեասյանն էլ ասաց, որ սա նախևառաջ հաղոդում է հանցագործության մասին և իրավապահ մարմինները պետք է զբաղվեն սրանով: «Իհարկե, մենք էլ հետամուտ կլինենք դրան և կփորձենք պարզել»,- ասաց նա: ԲՀԿ խմբակցության ղեկավարը Օմբուդսմենին ասաց, որ եթե պետք լինի ինքը մանկատան անունն էլ կասի:

Այնուհետև Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց ասել, թե որ մանկատանն է նման բան կատարվել. «Ես Աբովյան փողոցում մուրացկանություն անող երեխային հարցրեցի՝ «այս կինը քո հարազա՞տն է», երեխան ասաց, որ ոչ: Նման դեպք է եղել: Բայց, մենք հստակ նման ինֆորմացիա ունենք: Երեխաներին օրավարձով վերցնում են, երեկոյան վերադարձնում մանկատուն: Միգուցե տնօրենի անմիջական մասնակցությամբ չի եղել, բայց եղել է ավելի ցածր օղակների միջոցով»:




Լրահոս