«Նա մեկ բառով հասկացնում էր դերասանին, թե ինչ է ուզում». հայ կինոյի ընկուզենու 88-ամյակն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանդարտ, հումորով, խորը, բարի. ահա այսպես են նկարագրում հայ կինոյի ընկուզենուն` ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանին, այն մարդիկ, ովքեր երբեւէ աշխատել են նրա հետ նկարահանման հրապարակում կամ բախտ են ունեցել պարզապես սեղան նստել հետը, երկու խոսք փոխանակել: «Բարեւ, ես եմ», (ռեժիսոր եւ դերակատար) «Սարոյան եղբայրներ» (գեղ. ղեկավար եւ դերակատար), «Երկունք» (ռեժիսոր), «Մենավոր ընկուզենի» (դերակատար, սցենարիստ, ռեժիսոր), այս եւ մի շարք այլ ֆիլմերում ակնհայտ է նրա յուրահատուկ ձեռագիրը եւ դովլաթյանական հայկականությունը: Նրա մասնագիտական որակների մասին ամենալավը խոսում են հենց նրա ֆիլմերը, իսկ, ահա, մարդ տեսակի մասին առավել մանրամասն պատմում են ընկերներն ու կոլեգաները:

Դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը, ով նկարահանվել է «Երկունք»-ում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ թեեւ Դովլաթյանը հատկապես պատմական ֆիլմերի շրջանակներում ծանր աշխատանք էր տանում, նկարահանման հրապարակում երբեւէ ցույց չէր տալիս այդ ծանրությունը. «Իհարկե, նկարահանումների ժամանակ ամեն ինչ պետք է տեղը տեղին լիներ, սակայն նա այնքան թեթեւ էր այդ գործընթացն անցկացնում: Դովլաթյանի հումորն անսպառ էր. մեկ էլ կգոռար` Վարդո՜ւշ, ասիստենտները վազում էին, հարցնում էին` ում եք ուզում, ասում էր` ինքը գիտի. պարզվում էր` ինձ է կանչում»,- ծիծաղելով պատմեց դերասանուհին:

Նրա խոսքով` Դովլաթյանն անչափ հարգալից էր վերաբերվում դերասաններին. «Պաշտում էր Խորեն Աբրահամյանին, նա ամբողջ օրը գիրք էր կարդում, Դովլաթյանն էլ ասում էր` ա՛յ մարդ, էս խելացի դերասաններին «չեմ սիրում», էդքան չեն կարդա, էլի…»:

Դերասան Ռոբերտ Հարությունյանն էլ, ով նկարահանվել է «Մենավոր ընկուզենի»-ում, մեզ հետ զրույցում հիշեց, որ նկարահանման հրապարակում Դովլաթյանը կարող էր ընդամենը մեկ բառով դերասանին հասկացնել, թե ինքն ինչ է ուզում տեսնել. «Սկսած բանվորից մինչեւ օպերատոր սիրում էին նրան, երբեք ոչ ոքի վրա ձայն չէր բարձրացնում: Դովլաթյանը նաեւ հրաշալի քեֆ անող, համով-հոտով մարդ էր, սեղանի ղեկավար: Նրա հետ ընթրելն արդեն իսկ մեծ հաճույք էր, եւ անգամ սեղանի շուրջ կինոյի մասին այնպիսի բաներ կարող էիր նրանից իմանալ, որ հետո հնարավոր է` օգտագործեիր…Անփոխարինելի մասնագետ եւ հրաշք մարդ էր, որին միշտ կհիշենք…»:

Հ.Գ. Այս տարվա մայիսի 26-ին Ֆրունզե Դովլաթյանը կտոներ իր ծննդյան 88-ամյակը: «Ժողովուրդ»-ն այս առթիվ ներկայացրեց ընկերների հուշերը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս