Գլխավոր քարտուղարի ուղերձը Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահների օրվա առթիվ
Այս անգամ Խաղաղապահների օրը նշում ենք ՄԱԿ-ի 70-ամյակի տարում, ինչը հնարավորություն է տալիս արժևորել «կապույտ սաղավարտների» անգնահատելի ներդրումը կազմակերպության փառավոր պատմության մեջ: Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ առաքելությամբ է պայմանավորված ՄԱԿ-ի կանոնադրության նպատակը՝ «միավորել ուժերը միջազգային խաղաղությունը և անվտանգությունը պահպանելու համար»: Պայքարի և զոհաբերության տարիների ընթացքում նշանավոր «կապույտ սաղավարտը» վաստակել է իր տեղը որպես հույսի խորհրդանիշ՝ պատերազմից բզկտված տարածքներում ապրող միլիոնավոր մարդկանց համար:
ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությունը խթանում է համատեղ պատասխանատվությունը ՝ ռիսկերը և հնարավորությունները բաժանելով թե՛ փոքր, թե՛ մեծ, և՛ զարգացած, և՛ զարգացող աշխարհի երկրների միջև: Ես ողջունում եմ ներկայում 16 խաղաղապահ առաքելություններում ծառայող ավելի քան 107 հազար համազգեստավոր խաղաղապահներին, որոնք ներկայացնում են զինվորական և ոստիկանական ստորաբաժանումների միջոցով մասնակցող 122 երկիր:
Իր 70-ամյա պատմության ընթացքում ՄԱԿ-ը 71 խաղաղապահ գործողություն է իրականացրել: Ավելի քան մեկ միլիոն մարդ ծառայել է որպես խաղաղապահ՝ երկրներին օգնելով անկախություն ձեռք բերել, աջակցելով պատմական ընտրությունների, զինաթափելով հարյուր հազարավոր նախկին մարտիկների, օգնելով հաստատել իրավունքի գերակայություն, խթանելով և պաշտպանելով մարդու իրավունքները և պայմաններ ստեղծելով փախստականների ու տեղահանված անձանց տունդարձի համար: Մենք բոլորս պետք է հպարտ լինենք այս ձեռքբերումներով:
Այսօր խաղաղապահությունը հարմարվում է համաշխահային նոր իրողություններին, այդ թվում՝ աշխարհի որոշ ամենաբարդ տարածքներում առկա անհամաչափ սպառնալիքներին: Մենք արդիականացրել ենք մեր գործողությունները, ներդրել նոր տեխնոլոգիաներ, ընդլայնել ենք մասնակիցների բազան և ամրապնդել գործընկերությունը տարածաշրջանային կազմակերպությունների հետ:
Միևնույն ժամանակ, պահանջարկն էապես գերազանցում է ռեսուրսները: Մենք կարիք ունենք մեծացնելու ֆինանսական ներդրումները, բարձրացնելու վերապատրաստումների և սարքավորումներով հագեցվածության մակարդակը: Մեր զինվորական ու ոստիկանական ուժերը պետք է իրականացնեն էլ ավելի բարդ խնդիրներ՝ միաժամանակ պահպանելով վարքագծի ամենաբարձր չափանիշները: Անհրաժեշտ է, որ զարգացած երկրները վերստանձնեն իրենց պատմականորեն ազդեցիկ դերը որպես զինուժ տրամադրող երկրներ: Եվ մենք կարիք ունենք ավելի հզոր քաղաքական աջակցություն անդամ երկրներից, որոնց վրա է առաքելությունների իրավազորման, ֆինանսավորման և գործողություններին զինվորական ու ոստիկանական միավորումներ տրամադրելու պատասխանատվությունը:
Այս մարտահրավերներին լավագույնս դիմակայելու հնարավոր ուղիներն ուսումնասիրելու նպատակով ես բարձրաստիճան անկախ հանձնախումբ նշանակեցի, որպեսզի համակողմանիորեն գնահատվեն խաղաղության հաստատմանն ուղղված ՄԱԿ-ի գործողությունների՝ ինչպես խաղաղապահ, այնպես էլ հատուկ քաղաքական առաքելությունների այսօրվա վիճակն ու ապագայի ի հայտ եկող կարիքները: Սա 2000 թ.-ից ի վեր առաջին խոշոր վերլուծությունը կլինի, և ես ակնկալում եմ ստանալ առաջարկների հստակ և համապարփակ փաթեթ:
Այսօր մենք հարգում ենք հանուն խաղաղության իրենց կյանքը տված բոլոր մարդկանց հիշատակը և արժանին մատուցում բոլոր այն կանանց ու տղամարդկանց, ովքեր շարունակում են նրանց գործը՝ ծառայելով տեղերում: Ավելի քան 3300 խաղաղապահներ, այդ թվում 125-ը՝ անցյալ տարի, զոհել են իրենց կյանքը ՄԱԿ-ի դրոշի ներքո ծառայության ընթացքում: Եվ վտանգներն ավելանում են, քանի որ խաղաղապահներն ավելի ու ավելի հաճախ են ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների կամ ահաբեկչական բարդ գործողությունների թիրախ դառնում:
Մինչ նշում ենք ՄԱԿ-ի հիմնադրման 7-րդ տասնամյակը, եկեք բոլորս անենք մեզնից կախված ամեն բան՝ ապահովելու կազմակերպության այս կարևորագույն առաքելության արդյունավետությունը: