
Քաղաքացի Ռոմիկ Քոչարյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իր որդին՝ զորակոչիկ Արթուր Քոչարյանը, N զորամասում սույն թվականի սեպտեմբերից հիվանդացել է դեղնախտով, այնուհետեւ՝ ջրծաղիկով: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրված զինվորին զորամասում հետեւողական ու նորմալ բուժման կուրս չանցնելու պատճառով տեղափոխել են Արյան փոխներարկման ինստիտուտ, որտեղ արյան վարակը բուժելու հույս չեն տվել՝ խորհուրդ տալով շտապ տեղափոխել Մոսկվա: Դրա համար անհրաժեշտ է 65 հազար ԱՄՆ դոլար, սակայն ՊՆ բուժվարչության պետ Արտաշես Փարսադանյանն ու աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը զինվորի ծնողներին ասել են, թե ՊՆ-ն չի կարող ֆինանսավորել, որպեսզի զինվորը բուժում ստանա: Ստացվում է, որ ծնողն իր առողջ զավակին ուղարկել է բանակ՝ ծառայության, սակայն զորացրվելուց մեկ ամիս առաջ ծայրահեղ ծանր վիճակով նրան տարել են հիվանդանոց՝ հրաժարվելով օգնություն ցույց տալ: Իսկ Ս. Օհանյանն ու բանակի հաշվին իրենց գոյությունը քարշ տվող մանր հայրենասերները փորձում են մեղադրել լրատվամիջոցներին՝ բանակի մասին բացասական հրապարակում անելու համար: Սակայն մենք, հետեւելով Սերժ Սարգսյանի հորդորներին, կշարունակենք հրապարակել այն իրականությունը, որը, ցավոք, առկա է հայոց բանակում: