«Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ արդարադատության խորհուրդը մեծ լիազորություններ ունի եւ կարող է տույժի ենթարկել այն դատավորներին, որոնք սխալ վճիռ են կայացրել:
-Պարո՛ն Տեր-Եսայան, վերջին շրջանում Եվրադատարանն անընդմեջ վճիռներ է կայացնում ընդդեմ ՀՀ-ի: Ձեր կարծիքով՝ այս ընթացքը Հայաստանի դատական համակարգի վրա ինչ-որ դրական ազդեցություն ունենալո՞ւ է:
-Յուրաքանչյուր վճիռ ունի իր հոդվածը: Այսինքն՝ բնակարանի խնդիր լինի, թե քրեական գործ, տարբերություն չկա. կոնվենցիայի հստակ հոդվածների խախտում է լինում: Կարծում եմ՝ պետք է ամփոփում կատարվի: Պետք է տեսնեն՝ այս տարիների ընթացքում որ ճյուղն ինչ թերացում է ունեցել, աշխատեն դա վերացնել:
-Բայց մինչեւ «վերացնելը» շատ դատավորների պատճառով տուժում է ՀՀ քաղաքացին, հարկատուն, քանի որ ԵԴ-ի կայացրած վճիռների համար պահանջվող գումարը վճարում է ՀՀ կառավարությունը:
-Ընդունում եմ: Պետք է տեսնեն, թե որ դատավորն է, որ ատյանի սխալն է, եւ ըստ այդմ՝ կարգապահական տույժ կիրառվի այդ դատավորի նկատմամբ: Ի վերջո, ՀՀ արդարադատության խորհուրդ կա, եւ բոլորն էլ տեսնում են, որ, ասենք, իրավունքի կոպիտ խախտումներ են տեղի ունենում: Արդարադատության խորհրդի լիազորությունները շատ մեծ են, խորհուրդը կարող է գործողություններ անել, որով էլ կկարողանան այդ թերությունները վերացնել:
-Միայն կարգապահական կամ ֆինանսական տույժը կփոխի՞ իրավիճակը:
-Ճիշտ եք, պետք է մեկին պատժեն, որ մյուս դատավորին օրինակ լինի, ուշադիր լինի: Բացի ուշադիր լինելուց, եթե անգրագետ է, թող վեր կենա գնա այդ համակարգից: Հիմա խնդիրն այն է, որ որոշ մասնագետներ, երբ քննարկում են, թե դատավորները պետք է գույքով հանդես գան, տեսակետները տարանջատվում են: Ոչ բոլորն են կիսում այդ կարծիքը:
-Իսկ որտե՞ղ փնտրել իրավիճակի մեղավորներին:
-Հարցն անվերջ բարձրացվում է, որ լավ, ասենք՝ հետաքննական մարմնում սխալ են արել, եկել է դատարան, գոնե թող դատարանն արդար որոշում կայացներ: Դուք պատկերացնո՞ւմ եք վաղը, մյուս օրը դնեն, դատավորների տունը, ասենք, բռնագանձեն: Ի՞նչ պիտի անեն, թողնեն՝ տունը բռնագանձե՞ն, ո՞նց կլինի դա: Դատավորները կսկսեն վճիռներ կայացնելուց առաջ մտածել: Արդարադատության խորհուրդը հազար ձեւի տույժեր կարող է կիրառել: Այլ խնդիր է, որ չեն անում, այդ ուղղությամբ աշխատանք չկա: Կարող են վերցնել եւ ամփոփել, թե այս տարիների ընթացքում որ դատավորն է, որ միշտ սխալ որոշում է կայացրել, ու Եվրադատարանով հաղթել է քաղաքացին:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 6 հայցերը Եվրադատարանը մերժեց:
-Ըստ էության բոլորին չէ, որ ծանոթ եմ, բայց դա պրակտիկա է դատարանում, որ, ասենք, տրվում են մի քանի հոդվածներ, բնականաբար, դատարանը նայում է բոլոր ուղղություններով: Ընդհանուր առմամբ շատ քիչ դեպքեր են լինում, որ 6-ից 6-ն էլ վերջնական որոշման ժամանակ ընդունվում է որպես խախտում: Երեւի դա է պատճառներից մեկը:
-Պարո՛ն Տեր-Եսայան, Սերժ Սարգսյանը վերջերս իրավապահ մարմինների հետ խորհրդակցություններ անցկացրեց ու կոշտ հայտարարություններով հանդես եկավ: Ի՞նչ եք կարծում, արդյոք այդ խորհրդակցություններից հետո համակարգում լուրջ փոփոխություններ կլինեն:
-Մեխանիզմ պետք է լինի, թե չէ ամեն անգամ նախագահը վեր կենա մի բան ասի, մեկ էլ այդ ալիքի տակ ինչ-որ բան… այդ խնդիրը պետք է համակարգված լինի:
ՄԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՏՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԲՌՆԱԳԱՆՁԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ