ՁԱԽՈՂՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Հայաստանում հարցում անցկացվի, թե ով է իր ոլորտում ամենաձախողված պաշտոնյան, ապա Սերժ եւ Տիգրան Սարգսյաններից հետո պատվավոր առաջին եռյակում կարող է լինել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Իհարկե, հանուն արդարության նշենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական ձախողումները սկիզբ են առել դեռեւս Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ ԱԳ նախարարն էլ Վարդան Օսկանյանն էր: Իսկ Ս. Սարգսյանն ու Էդ. Նալբանդյանն այս ընթացքում ոչ միայն որեւէ քայլ չարեցին իրավիճակն ուղղելու համար, այլեւ ավելի խորացրին այն:
Վերցնենք, թեկուզ, հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությունն» ու Ցեղասպանության ճանաչման գործընթացը: 2013թ. պետական բյուջեի ուղերձում, արտաքին քաղաքականության ոլորտում, որեւէ տող անգամ չկա հայ-թուրքական հարաբերությունների, Հայաստանի ֆուտբոլային դիվանագիտության մասին: Ասել է թե՝  ՀՀ իշխանությունները սրանով  փակված են համարում իրենց նախաձեռնողական քաղաքականության այս էջը եւս: Ճիշտ է, երեկ ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումների ժամանակ Նալբանդյանը հպարտանում էր, որ Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ հավասարը հավասարի սկզբունքով խոսեց Թուրքիայի հետ, իսկ հայ-թուրքական գործընթացի ժամանակ Հայաստանն առաջին անգամ ամբողջ աշխարհից աջակցություն ստացավ. «Չկա երկիր, որ աջակցություն չհայտնեց Հայաստանի ձեռնարկած քայլերին»:
Նկատենք, սակայն, որ այդ ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում թուրքական դիվանագիտությունը հասավ նրան, որ շատ աննկատ կերպով, ինքնըստինքյան ձախողվեց Ցեղասպանության ճանաչման գործընթացը: ԱՄՆ-ում ավարտվեցին նախագահական քարոզարշավը, եւ այսօր կայանալու են ընտրությունները: Վերջին տասնամյակների ընթացքում սրանք ԱՄՆ-ում առաջին նախագահական ընտրություններն են, որոնցում թեկնածուներից ոչ մեկը չանդրադարձավ հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրին, չքննարկեցին, թե ընտրվելու դեպքում ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել այդ հարցում: Իսկ պատճառը մեկն է. իրենց կողմից նման հայտարարություններն ԱՄՆ նախագահի թեկնածուները դիտում են որպես խոչընդոտ թեկուզ եւ արդեն ձախողված հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությանը: Ուստի գերադասում են լռել թեկուզ Թուրքիայի կրքերը չլարելու համար: Նալբանդյանը երեկ ԱԺ-ում, չկարողանալով սպառիչ մեկնաբանություն տալ այս մասին հարցին, պարզապես պատասխանեց. «ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավը ԱՄՆ քաղաքացիներին է վերաբերում, ոչ թե Հայաստանի ԱԳ նախարարին»:
Իհարկե, Նալբանդյանին էլ պետք է հասկանալ: Երեկ՝ բյուջետային քննարկումների ժամանակ նա ավելի շատ տարված էր իր՝ Հարավային Ամերիկա, Աֆրիկա եւ Օվկիանիայի երկրներ կատարած այցերը որպես հերոսական արարք ներկայացնելու, իրեն դրա համար քննադատած գործիչներին «սպանիչ պատասխան հասցնելու» մտքով: Այդ նպատակով նույնիսկ գեղեցիկ սցենար էր մշակվել. այցերի մասին «տհաճ» հարցը շատ հաճելի ու մեղմ ձեւակերպումներով հնչեցրեց ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, հետո՝ երբեմնի ՕԵԿ-ական Սամվել Ֆարմանյանը: «Առնվազն կոռեկտ չէ որեւիցե երկիր էկզոտիկ կոչել: Կոնգոն մի քանի անգամ ավելի մեծ երկիր է, քան թե Հայաստանը: Ինդոնեզիան ամենամեծ իսլամական բնակչություն ունեցող երկիրն է՝ 250 մլն բնակչություն ունեցող երկրի 86 տոկոսը իսլամ է»,-միանգամից ոգեւորվեց Նալբանդյանը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հակադարձեց, թե ՀՀ ԱԳ նախարարը պետք է մտահոգվի, որ իր այցելած երկրներում, այնտեղի մամուլում ՀՀ-ին էկզոտիկ չհամարեն, ոչ թե հայ քաղաքական գործիչների կամ քաղաքացիական հասարակության նման հայտարարություններով: «Արտերկրում ինչպե՞ս են գնահատում այն պետությանը, որի գործող դեսպանը Եվրոպայի առանցքային երկրներից մեկում հանդես է գալիս հայտարարությամբ՝ ասելով, որ երկիրը, որը ինքը ներկայացնում է, սպիտակ ցեղասպանություն է իրականացնում ժողովրդի նկատմամբ, եւ մաֆիան բռնագրավել է այդ երկիրը»,-ասաց Փաշինյանը: Էդվարդ Նալբանդյանն էլ սկսեց արդարանալ, թե պատգամավորների կողմից այլ երկրներին էկզոտիկ համարելով՝ փակվում են դրանց հետ համագործակցելու հնարավորությունները: «Չեմ կարծում, որ այն մարդիկ, որոնք պատկերացում ունեն աշխարհից ու արտաքին քաղաքականությունից դպրոցական աշխարհագրության դասագրքերով, պետք է իրենց իրավունք վերապահեն խորհուրդներ տալ, թե ինչ պետք է անել դիվանագիտության ու արտաքին քաղաքականության ոլորտում»,-ասաց Նալբանդյանը՝ շտապելով նաեւ ասել, որ խոսքը ամենեւին էլ Փաշինյանի մասին չէ:
Պարզվեց՝ նա նկատի ուներ ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանին, որը ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ հարցրել էր, թե ինչ է անում ԱԳ նախարարն այն երկրներում, որոնց մասին ՀՀ-ում ծանոթ են լավագույն դեպքում աշխարհագրության դասերից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Էլինար Վարդանյանը ԱԳ նախարարի հայտարարություններին հակադարձեց. «Առնվազն կոռեկտ չէ կոռեկտության կոչ անել չարած հայտարարությունների համար: Իմ խոսքում էկզոտիկ երկրների մասին խոսք չի եղել: Եվ հետո, տարօրինակ է, որ ԱԳ նախարարը բյուջետային ողջ քննարկումները նվիրում է այդ հարցին, կարծես դա է երկրի արտաքին քաղաքականության միակ խնդիրը»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս