ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԻ ՏԱԼԻՍ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կրկին հրաժարվել է ցուցմունքներ տալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Այս անգամ ԱԱԾ-ի աշխատակիցների ուշադրությանն է արժանացել «Սիվիլիթաս» հիմնադրամի՝ նոյեմբերի 2-ին տարածած հայտարարությունը, որի մեջ ասվում էր, թե Օսկանյանի եւ «Սիվիլիթաս»-ի նկատմամբ հետապնդումը սկսվել է դեռեւս 2009 թվականից:

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
Երեկ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՍԴՀԿ-ի (Հնչակյան կուսակցություն) 125-ամյակին նվիրված պաշտոնական նիստը: Ատենապետ Սեդրակ Աճեմյանն օգոստոսին խոստացել էր, որ նոյեմբերին իրենց կուսակցությունն անակնկալ է անելու, որը շատերը սպասում էին գալիք նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու տեսքով: Սակայն Սեդրակ Աճեմյանն ասաց, որ իրենք դեռ ձեռնպահ կմնան որեւէ թեկնածուի սատարելու հայտարարություն անելուց՝ միաժամանակ նշելով, որ Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի գործողությունները լավատեսություն են ներշնչում, եւ որ իրենք համակրում են այդ գործիչներին: Ներկաների թվում էին  վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՓՈՂ Է ՈՒԶՈՒՄ
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում երեկ հայտարարեց, որ եկող տարվա բյուջեով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հատկացված գումարները բավարար չեն: Նա բյուջեից 14,4 մլն դրամ է խնդրել, որից 11,8 մլն դրամը չի բավարարվել: Հավելյալ գումարները հարկավոր են բժշկի, սոցիոլոգի, սոցիալական աշխատողի, աուդիտի հաստիքներ ավելացնելու, ներքին գործուղումների համար: Ըստ Անդրեասյանի՝ լրացուցիչ հատկացումները բխում են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից, մասնավորապես՝ «Խոշտանգումների դեմ միջազգային կոնվենցիայի» անդամ լինելուց:

ՆԻՍՏ ՈՉՆՉԻ ՄԱՍԻՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ գլխավորությամբ տեղի է ունեցել վերջերս Հայաստանի Հանրապետության կառավարության համար հույժ կարեւոր դարձած խնդրի՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: Նիստին մասնակցել են այդ արատավոր երեւույթի ոխերիմ թշնամիներ՝ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ինչպես նաեւ ԱԺ մի քանի խմբակցությունների եւ հասարակական ու միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ամփոփելով այս հույժ կարեւոր եւ կառուցողական նիստի արդյունքները՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԿ-ների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին մասնակցության համար եւ հույս հայտնել, որ վերջիններս առաջիկայում գրավոր կներկայացնեն իրենց առաջարկությունները, որոնք կդառնան քննարկման առարկա:

ՄԱՀԱՑԵԼ Է

Երեկ N զորամասի մարտական հենակետի գետնատնակի մոտ հայտնաբերվել է հերթափոխում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սեյրանի Սահակյանի դին՝ բերանի հատվածում մահացու հրազենային վիրավորումով: Տեղեկացնենք, որ Սարգիսը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակիչ էր: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում  հարուցվել է քրգործ ՀՀ քր. օր.-ի 110 հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս