ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրատարակել է գիտագործնական մեկնաբանություններ՝ «Պետական ծառայության դեմ ուղղված պաշտոնեական հանցագործությունների որակման և քննության մեթոդիկայի առանձնահատկությունները» վերտառությամբ աշխատությունը:
Աշխատանքը հեղինակել են Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի քննչական աշխատանքների կազմակերպման և կատարելագործման բաժնի պետ, իրավագիտության դոկտոր Սերգեյ Առաքելյանը, բաժնի աշխատակիցներ՝ Տիգրան Խաչիկյանը, Գրիգոր Ամիրյանը, Տիգրան Ղազարյանը և Արթուր Նահապետյանը:
Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի նյութերի, ինչպես նաև տեսական աղբյուրների ուսումնասիրության հիման վրա աշխատությունում վերլուծվել են պաշտոնատար անձանց կողմից կատարվող՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցանքների քրեաիրավական որակման և քննության մեթոդիկայի տեսական ու գործնական նշանակություն ունեցող մի շարք արդիական հիմնախնդիրներ:
Մասնավորապես՝ ներկայացվել են պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր բնութագիրը,ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական անփութության որակման ու քննության մեթոդիկայի առանձնահատկությունները:
Աշխատության գիտական խմբագիր, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենատ, ՀՀ վաստակավոր իրավաբան Վահրամ Շահինյանի խոսքով՝ հայաստանյան իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատական, դատախազական և քննչական մարմինների ներկայացուցիչները որոշակի բարդություններ են ունենում պաշտոնատար անձանց կողմից կատարվող հանցանքները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցակազմերով ճիշտ որակելու, դրանք միմյանցից և հարակից այլ հանցագործություններից սահմանազատելու, ապացուցողական համապատասխան բազան ձևավորելու և այն ճիշտ գնահատելու գործառույթներն իրականացնելիս:
– ՀՀ քրեական գործող օրենսգրքի շատ դրույթներ աչքի են ընկնում անհստակությամբ, տարատեսակ վիճելի հարցեր առաջացնելու հատկությամբ, ինչն էլ բարդություններ է ստեղծում քննարկվող հանցագործությունների վերաբերյալ գործերով արդյունավետ նախաքննություն իրականացնելու համար: Քննարկվող հանցագործությունների դեմ պայքարի գործում առանձնահատուկ դերակատարություն ունի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Բանն այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 190-ի 6-րդ և 10-րդ մասերի, ինչպես նաև «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը կատարում են բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները,- ասում է Վահրամ Շահինյանը և փաստում, որ վերը նշված հանգամանքները վկայում են գիտագործնական սույն մեկնաբանությունների պատրաստման անհրաժեշտության և հրատապության մասին:
Այդ առումով տվյալ աշխատության շրջանակներում նպատակ է դրվել պարզաբանելու պաշտոնատար անձանց կողմից կատարվող՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցանքների որակման և դրանց վերաբերյալ քրեական գործերի քննության մեթոդիկայի առանձնահատկությունները, ինչպես նաև մշակելու իրավակիրառ պրակտիկայի արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ:
Ասենք, որ գիտագործնական հիշյալ մեկնաբանությունները նախատեսված են ՀՀ-ում նախաքննություն իրականացնող մարմինների, դատական-դատախազական համակարգերի, իրավապահ այլ մարմինների աշխատողների, փաստաբանների, ինչպես նաև իրավաբանական բուհերի ու ֆակուլտետների ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, դասախոսների և քրեական իրավունքի հիմնախնդիրներով հետաքրքրվող այլ անձանց համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն