ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Կառավարության նիստի ժամանակ բավականին ուշագրավ հայտարարություն է արել: Նա հղում կատարելով ինչ-որ միջնաժամկետ ծրագրից՝ ասել է, թե 2015 թվականի համար նախատեսվում է 1 տոկոս տնտեսական աճ: Բայց միեւնույն ժամանակ վարչապետն ասել է. «Ես համոզված եմ, որ լինելու է առնվազն 2-3 տոկոս տնտեսական աճ»: Այսինքն՝ պաշտոնական բոլոր կանխատեսումներով, այդ թվում Հովիկ Աբրահամյանի անձնական համոզմունքով եւս, այս տարվա տնտեսական աճը «2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված 4,1 տոկոսից ցածր է լինելու: Սակայն առավել ուշագրավ են վարչապետի հետեւյալ խոսքերը. «Նման դատարկ խոսակցություններին պետք է վերջ տրվի, այն, որ տնտեսական անկում ենք ունենալու: Որոշ քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժերի այն ցանկությունը, թե Կառավարությունը կձախողվի եւ տնտեսական անկում կարձանագրվի, չի իրականանալու»: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը կամաց-կամաց «բռնում է» իր նախորդի` Տիգրան Սարգսյանի ճամփան: 2008-ի աշնան վերջին, երբ ողջ աշխարհին համակել էր միջազգային տնտեսական ճգնաժամը, բոլորը նախազգուշացումներին, որ այն շուտով նաեւ Հայաստան կհասնի, Տիգրան Սարգսյանը պատասխանում էր «մուննաթով», թե տնտեսական ճգնաժամի մասին չպետք է խոսել, որպեսզի այն Հայաստանը շրջանցի: Արդյունքը եղավ այն, որ 2009-ին Հայաստանն աշխարհում ամենամեծ տնտեսական անկումն արձանագրեց` ավելի քան 14 տոկոս:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները Աբրահամ Մանուկյանի եւ Մուրադ Գուլոյանի հետ երեկ Գառնիում խնջույք են կազմակերպել: ԲՀԿ-ականները որոշել են նշել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշերի Մելոյի եւ Արշակ Մխիթարյանի՝ Բրիլյանտի Արշակի ծննդյան տարեդարձները, որոնք դեռեւս ամսվա առաջին կեսին են եղել: Մելիք Մանուկյանի ծննդյան տարեդարձը եղել է մայիսի 5-ին, իսկ Արշակ Մխիթարյանինը` մայիսի 15-ին: Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ ԲՀԿ-ական պատգամավորները ԱԺ նիստի ընթացքում անգամ ակտիվ նախապատրաստական եռուզեռի մեջ էին` պայմանավորվելով, թե որտեղ եւ որ ժամին պետք է կայանա խնջույքը: Նկատենք, որ կերուխումը կազմակերպվել է այն օրերին, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Հայաստանից բացակայում է: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ականները ծննդյան արարողությունն անգամ հետաձգել են, որպեսզի կարողանան միայն տղերքով «քեֆ անել»:
Երեկ ՀՀ ԱԺ-ի միջանցքներում պատգամավորների քննարկման հիմնական թեման նախօերին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա հնչած կրակոցներն էին: Նույնիսկ ՀՀԿ-ականներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս պատմությանը մի տեսակ տարակուսանքով էին վերաբերվում: Բոլորի համար անհասկանալի էր, թե ինչպես է ստացվել, որ 20-ից ավել կրակոցներ են հնչել շուրջ 10 րոպե, ինչպես ասել է մարզպետը, բայց ավտոմեքանայի մեջ գտնվող երեք անձինք` մարզպետը, նրա օգնականն ու վարորդը, որեւէ վնասվածք չեն ստացել, այն դեպքում, երբ, ըստ լուրերի, կրակոցները հնչել են «Մակարով» տեսակի ատրճանակից: Բացի այդ՝ շատերի մոտ տարակուսանք էր առաջացրել այն փաստը, որ, ըստ վկայությունների, ավտոմեքենայի վրա կրակել են ընթացքի ժամանակ, մինչդեռ հետքերը դիմահար կրակոցի են: Ու հենց այս փաստն էլ ստիպել էր շատ օրենսդիրների հիշել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ Ռոմեն Ղազարյանի՝ գեներալ Բուդոյի՝ 1998թ. հունվարի 18-ին ինքն իր դեմ մահափորձ կազմակերպելու պատմությունը:
Վերջին շրջանում համացանցում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Ինչ-որ երիտասարդներ հայտարարում են, թե իբր իրենք երիտհանրապետական օլիգարխների դեմ պայքար են սկսում, քանի որ այդ ջահելները տարեկան մեծ գումարներ են աշխատում: Բայց երիտհանրապետականների դեմ պայքարը այնպես են հիմնավորում, որ ոչ մի գիտակից մարդ դրան չմիանա, այսինքն՝ իրականում հնարավոր չլինի ծրագիրն իրագործել: Գլխավորն այստեղ այն է, որ անանուն պայքարի կազմակերպիչները ծրագրել են մայիսի 27-ին ակցիա անցկացնել: Ճիշտ այն օրը, երբ նախատեսված է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Այնպիսի տպավորություն է, որ երիտհանրապետականները երկար մտածել են, թե ինչ անեն, որ իրենց ավագ կուսակիցներին օգնեն, որոշել են համացանցն ու լրատվական դաշտը մայիսի 27-ին հագեցնել դատարկաբանությամբ: Այդ քայլով նրանք հընթացս բոլորին կհամոզեն, որ տակավին պատանի, բայց արդեն կարկառուն ՀՀԿ-ական են, ասել է թե՝ ե՛ւ փող ունեն, ե՛ւ կարող են դատարկաբանել ու ծաղրել հասարակության լայն շերտերին:
ՀԵՏԻՆ ԹՎՈՎ
Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Արժեքների հեղափոխության» մասնակից, քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանը, որ 2013 թվականի հոկտեմբերից կալանքի տակ է, այս տարվա մայիսի 14-ից հացադուլ է հայտարարել: Այդ քայլով նա իր բողոքն է հայտնում քաղաքական շարժառիթներով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների եւ աջակիցների նկատմամբ զանգվածային հետապնդումների ու Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը մերժելու ապօրինի գործողությունների դեմ: Շուրջ մեկ շաբաթ է, ինչ անազատության մեջ գտնվող Պետրոսյանը պայքարի ամենածայրահեղ մեթոդներից մեկն է ընտրել, սակայն իշխանական դաշտից որեւէ արձագանք չկա: Ձկան նման լուռ են:
Երեկ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանն է քաղբանտարկյալ Պետրոսյանին հրապարակավ կոչ արել հրաժարվել սկսած հացադուլից: Թե ինչպես է արձագանքել կամ կարձագանքի այս կոչին ինքը՝ Լիպարիտ Պետրոսյանը, դեռ վաղ է ասել: Բայց այն, որ վերջին մի քանի ամսիներին վակուումում գտնվող Հայաստանի քաղաքական դաշտում պայքարի մի նոր թիրախ է ձեւավորվել, փաստ է: Բոլորը տեղի-անտեղի հիշում են քաղբանտարկյալներին: Ու թեեւ Շանթ Հարությունյանը եւ ընկերները կալանավորվել են 2013 թվականի հոկտեմբերին, այնուամենայնիվ, նրանց նկատմամբ հետաքրքրությունն ու մտահոգությունը հիմա առավել ցցուն դրսերումներ են ունենում: Նույնիսկ տպավորություն է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կապիտուլացիայից հետո քաղաքական պայքարի թիրախ էր փնտրում, ու վերջապես գտել են այն: Մեր երկրում ընդդիմադիր դաշտը գրաված ուժերը հատկապես վերջերս են սկսել ընդգծված մտահոգություն հայտնել այն փաստի շուրջ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, ինչն անպատվաբեր է:
Իհարկե, հասկանալի է, որ քաղբանտարկյալների թեման առավել ձեռնտու է երկու իմաստով. նախ՝ անշառ է, քանի որ ելույթները կոնկրետ հասցեատեր չունեն, որի հետ հետագյում խնդիրներ ունենան, բացի այդ՝ նման թեմա բարձրացնելով՝ ավելի հեշտ է աչքի ընկնել արեւմտյան կառույցների կողմից:
Ընդգծենք, որ Ժիրայր Սէֆիլյանը Հայաստանի քաղաքական դաշտում գտնվող եզակի ազնիվ գործիչներից է, եւ նրա մտահոգություններն իսկապես ի խորոց սրտի են: Բայց փաստն այն է, որ նրա թիմի մեջ եւս կան այնպիսի անձինք, որոնց համար գլխավորը արեւմտյան արժեքների տարածման քողի տակ դրամաշնորհ ստանալն է, այլ ոչ թե իրական պայքարը ռեժիմի դեմ: Դրա համար էլ նույնիսկ ամենաանկեղծ ասված խոսքը, տվյալ դեպքում Ժիրայր Սէֆիլյանի կոչը, միանշանակ չի ընկալվում. արժեքների դեգրադացիան լայն թափով զարգանում է մեր երկրում: Ցավոք: