ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԸՆԿԱԼԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում երեկ տեղի ունեցավ երկու կարեւոր իրադարձություն, որոնց Հայաստանը մասնակցում էր երկրի նախագահի մակարդակով: Նախ` կայացավ ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպումը, ապա մեկնարկեց Արեւելյան գործընկերության անդամ երկրների գագաթնաժողովը, որին մասնակցում են շուրջ քսաներեք երկրների պատվիրակություններ` հիմնականում առաջին դեմքերով: Այդ թվում` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:

Կոնկրետ ԱլԳ անդամ 6 երկրներից միայն երեքն են ներկայացված նախագահների մակարդակով` Հայաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան, Վրաստանը ներկայացված է վարչապետի, իսկ Ադրբեջանն ու Բելառուսը` արտգործնախարարների մակարդակով: Ադրբեջանի նախագահը վերջին պահին չեղարկել էր իր այցը` պաշտոնապես «զբաղվածության», իսկ իրականում` ԵՄ-ի կողմից Ադրբեջանի իշխանությունների հասցեին հնչող կոշտ քննադատության պատճառով այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի կապակցությամբ:
Բնականաբար, երեկ Ռիգայում քննարկվող հարցերի առանցքում էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, որին անդրադարձան ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցող գրեթե բոլոր առաջնորդները: Այս համատեքստում ուշագրավ էր ԵԺԿ ԱլԳ անդամ երկրների առաջնորդների հանդիպմանն ունեցած ելույթում Սերժ Սարգսյանի տարած զուգահեռը. «Եվրոպայում ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Հայաստանն իր հավասարակշռված քաղաքականությամբ ոչ միայն չստեղծեց լրացուցիչ լարվածության օջախ եվրոպական տարածաշրջանում, այլեւ, ընդհակառակը, կարողացավ իր քաղաքականությունը կառուցել տարբեր ինտեգրացիոն համակարգերի համատեղելիության, հավասարակշռության եւ բազմավեկտոր համագործակցության սկզբունքների հիման վրա,- ընդգծեց Սարգսյանը` հավելելով,-հենց այս պատկերացումներն են դրվելու առաջիկայում ԵՄ հետ նախատեսվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական փաստաթղթի հիմքում»:
Նկատենք, որ Հայաստանի կողմից վարվող համատեղության` եւ-եւ-ի քաղաքականությունը երեկ հիշատակվեց նաեւ այլ ֆորմատներով եւ խրախուսանքի արժանացավ թե՛ Լատվիայի նախագահի, թե՛ Գերմանիայի կանցլերի կողմից: Անգելա Մերկելն անընդունելի որակելով ավելի վաղ ԵՄ կողմից առաջադրված կամ-կամ-ի սկզբունքը եւ ընդգծելով, որ ԱլԳ ծրագիրը ԵՄ ընդլայնման գործիք չէ եւ ուղղված չէ որեւէ երկրի դեմ՝ Գերմանիայի Բունդեսթագում ունեցած ելույթում որպես օրինակ էր նշել Հայաստանը` ընդգծելով.«Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը սերտ տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ»: Իսկ Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպման ընթացքում ասել էր, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը պրագմատիկ որոշում էր.«ՀՀ բազմակողմ, հավասարակշիռ մոտեցումը ողջունելի է: Ըստ իս, այսօր ԵՄ-ում դրա արդյունավետությունն ու օգտակարությունն ավելի ու ավելի են ըմբռնում»,- նշել էր նա:
Ի դեպ, նկատենք, որ գագաթնաժողովի աշխատանքներին հետեւող բազմաթիվ եվրոպացի փորձագետներ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ ԱլԳ ծրագրի անդամ պետությունների նկատմամբ անհատականացված մոտեցում ցուցաբերելու որոշումը զգալի չափով պայմանավորված է հենց Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու շահագրգռությամբ: Իր խոսքում ԵՄ այս մոտեցումը ողջունեց նաեւ Ս. Սարգսյանը` նշելով, որ «Դեպի նոր Եվրոպական հարեւանության քաղաքականություն» հայեցակարգային փաստաթղթի հիմքում ընկած գործընկեր պետությունների իրական կարիքները հաշվի առնելու եւ նրանց անհատականացված մոտեցում ցուցաբերելու սկզբունքը կնպաստի ԵՄ հետ համագործակցության խորացմանը:
Երեկ մեկնարկած ԵՄ ԱլԳ անդամ երկրների գագաթնաժողովում շրջանառության մեջ դրվեց գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի տեքստը, որի չորրորդ կետը նվիրված է Ուկրաինայի ամբողջականությանը, եւ պարունակում է այնպիսի ձեւակերպումներ, որոնց միանալը Հայաստանի համար խնդրահարույց կարող է լինել: Մասնավորապես ասվում է, որ «գագաթնաժողովի մասնակիցներն աջակցում են բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են Ուկրաինայում լարվածության թուլացմանը՝ անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա», եւ, որ ամենակարեւորն է, վերահաստատում են «Ղրիմի եւ Սեւաստոպոլի ապօրինի բռնակցման անթույլատրելիության» մասին իրենց դիրքորոշումը: Այս կապակցությամբ Հայաստանն ու Բելառուսն արդեն իսկ հայտնել են իրենց առարկությունը: Նշենք, որ ավելի վաղ ԵԺԿ գագաթնաժողովի ընդունած հռչակագրում եւս հենց այս հարցով կային խնդրահարույց ձեւակերպումներ, որոնց կապակցությամբ Սերժ Սարգսյանը հարկ էր համարել հայտնել իր դժգոհությունը եւ ընդգծել, որ կոնսենսուս չի եղել:
ԵՄ ԱլԳ հռչակագրի աշխատանքային տարբերակում անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նշված է, որ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի եւ նորմերի հիման վրա, եւ որ ԵՄ-ն աջակցում է խնդրի կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Ի դեպ, նշենք, որ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում:
Գագաթնաժողովը կշարունակվի այսօր:
Նյութի պատրաստմանն աջակցել է Հայաստանում Լատվիայի դեսպանատունը (նստավայրը Թբիլիսի):

Ա. ՍԱՀԱԿՅԱՆ
Ռիգա

 

 

 

 

ՎԱՐԿ ԿՎԵՐՑՆԵՆ
Երեկ, ի վերջո, քվեարկության դրվեց նախօրեին այդքան բուռն քննարկված վարկային համաձայնագիրը, որը կնքվել է ՀՀ Կառավարության եւ «Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկ»-ի միջեւ: Համաձայնագիրը հաստատվեց 72 կողմ, 4 դեմ եւ 23 ձեռնպահ քվեարկությամբ: Սակայն նման արդյունք դժվար թե հնարավոր լիներ ապահովել, եթե ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից մի քանիսը իրենց բացակա ընկերների փոխարեն էլ չքվեարկեին: Հիշեցնենք, որ այս համաձայնագրով Հայաստանը 3.5 մլն դոլարի վարկ եւ նույնքան դրամաշնորհ պետք է ստանա «Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկ»-ից: Այդ 7 մլն դոլարը նախատեսվում է ծախսել մի քանի համայնքների աղբահանությունը բարելավելու համար:

 

ԼՂՀ ԱԺ-Ն ԿԱԶՄԱՎՈՐՎԵՑ
Երեկ տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, որը վարել է տարիքով ավագ պատգամավոր Արպատ Ավանեսյանը: ԼՂՀ խորհրդարանի 6-րդ գումարման առաջին նստաշրջանի բացմանը մասնակցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք: ԼՂՀ նոր խորհրդարանի նախագահ է ընտրվել Աշոտ Ղուլյանը, որը նախորդ երկու գումարումներին եւս նույն պաշտոնն է զբաղեցրել: Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 3-ին, եւ դրանցում հաղթել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Քվեներով երկրորդը ՀՅԴ-ն է, երրրոդը` Աշոտ Ղուլյանի ղեկավարած ԱԺԿ-ն: Հունիսի 10-ին Արցախի խորհրդարանը պետք է սկսի քննարկել ԼՂՀ նոր Կառավարության ծրագիրը:

 

ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից պարզել, թե ինչ կարծիք ունեն նախօրեին իրենց կուսակից-մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ հնչեցրած կրակոցների վերաբերյալ: ՀՀԿ-ական պատգամավորները խուսափում էին հրապարակային պատասխան հնչեցնել: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց. «Կարծում եմ, որ Ձեր հարցը սխալ մարդու եք ուղղում, քանի որ այժմ այդ հարցերին պետք է պատասխանի իրավապահ համակարգը, հետաքննություն է իրականցվում: Ես չեմ կարծում, որ իմ կողմից ճիշտ կլինի որեւէ վարկած առաջարկելը, կրկնում եմ՝ դա իրավապահ մարմինների խնդիրն է»: Իսկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւս հրաժարվեց այս թեմայով խոսել` պատճառաբանելով, որ մանրամասներին չի տիրապետում: Միակ ՀՀԿ-ականը, որը երեկ ի պաշտպանություն Սուրիկ Խաչատրյանի խոսեց, Սեյրան Սարոյանն էր, որը հայտարարեց, թե երկրապահի վրա կրակողը թուրք է:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԷԼԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԴԵՄ
Մաշտոցի պուրակում երեկ մի խումբ քաղաքացիներ քննարկել են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը ու իրենց առաջարկները ներկայացրել թանկացումը կանխելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում aravot.am կայքը: Իբրեւ թանկացման դեմ պայքարի ձեւեր քննարկվել է մայիսի 25-ին մի քանի ժամով հոսանքն անջատելու տարբերակը: Քաղաքացիներին առաջարկվելու է այդ օրը բոյկոտել եւ չօգտագործել էլէներգիա երեկոյան ժամը 21:00-ից 23:00-ը:
Իսկ մայիսի 27-ին ակտիվիստները պլանավորում են երթեր կազմակերպել Հայաստանի տարբեր քաղաքներում:

 

ԴՈՒ ԻՆՁ, ԵՍ ՔԵԶ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը եւ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը երեկ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում է armlur.am կայքը: Կողմերը պայմանավորվել են համագործակցել փաստաբանական դպրոցի ունկնդիրների կամ շրջանավարտների պրակտիկան նախարարության համակարգում կազմակերպելու, փաստաբանական գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ վերլուծական, վիճակագրական եւ այլ նյութերի կազմման, ինչպես նաեւ՝ համատեղ համաժողովներ եւ սեմինարներ կազմակերպելու ուղղությամբ:

 

ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄ 4 ՏԱՐՈՎ
Մայիսի 18-ից 20-ը Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման եւ սեփականության իրավունքի փոխանցման արգելմանը եւ կանխմանն ուղղված միջոցարումների մասին 1970թ. կոնվենցիայի անդամ պետությունների հանդիպումը: Հանդիպման շրջանակներում մայիսի 20-ին տեղի է ունեցել կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամների ընտրությունները: Քվեարկության արդյունքում Հայաստանը դարձել է կոմիտեի անդամ` 4 տարի ժամկետով:




Լրահոս