Ֆրանսիայի հայ համայնքը վրդովված է. «Թորոսյանների ընտանիքը ստում է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր առաջ Armlur.am«Հայկական եկեղեցին Ֆրանսիայում հայ ընտանիքին սպառնացել և դստերը ցմահ հաշմանդամ է դարձրել. ահազանգում է տուժած ընտանիքը» վերնագրով նյութում ներկայացրել էինք մեզ դիմած քաղաքացիների պատմությունը: Ըստ վերջիններիս ներկայացրածի` 2009 թվականին Հովհաննես Թորոսյանը որոշում է իր խուլ ու համր աղջկա հետ մեկնել Ֆրանսիա, որպեսզի աղջիկն այնտեղ սովորի: Սակայն, Ֆրանսիա գնալը շատ թանկ է նստում այս ընտանիքի վրա: Ամուսինները պատմեցին, որ հայր ու աղջիկ Ֆրանսիա հասնելուն պես ընկել են հանցագործների թակարդը: Մասնավորապես` Լիոն քաղաքի ավետարանչական եկեղեցին իրենց ոչ միայն չի օգնում որպես հայեր, այլ նաև կործանում է իրենց աղջկա` Մարիաննա Թորոսյանի կյանքը` դարձնելով ցմահ հաշմանդամ:

Տեսանյութում ներկայացված մարդիկ բավական վրդովված են: Armlur.am-ի հետ զրույցում Ֆրանսիայից Սուրեն Թութունջյանը, ով Թորոսյան ընտանիքի պատմածով, «ԿԳԲ»-ի աշխատող է, Էջմիածնից է, ասաց` այս ընտանիքի անդամների պատմածներն իրականությանը չեն համապատասխանում: «Ես ո´չ «ԿԳԲ»-ի աշխատող եմ, ո´չ էլ Էջմիածնից եմ: Նրանց պատմածները բոլորը սուտ են»,- ասաց նա:

Հայ համայնքի անդամ Ս. Թութունջյանը պատմեց, որ Հովհաննես Թորոսյանի հետ հանդիպել է 2010 թվականին և մոտ մեկ ժամ է խոսել իրենց հետ: «Ինձ պարզապես խնդրեցին գնալ հիվանդանոց և իրենց օգնել թարգմանել: Ես այդ շփման ժամանակ միայն իմացա, որ ինքը Գյումրիից է, կինը մահացել է երկրաշարժի ժամանակ, այնուհետև հիվանդ երեխային բուժելու համար գնացել է Ֆրանսիա: Հետո այստեղ երբ նրանք ապրել են հյուրանոցում, մի օր սոցիալական ոլորտի աշխատողը գնում է նրանց մոտ և տեսնում, որ իր աղջկա հետ լրիվ տկլոր պառկած է: Իսկ աղջիկը խուլ ու համր է: Այդտեղ աշխատակիցը խփել է նրան, և այնուհետև տեղափոխել են հոգեբուժարան:  Ես նրանց մասին շատ ինֆորմացիայի չեմ տիրապետում, բայց այստեղի հայերը պատմում են, որ նա բռնաբարել է իր դստերը: Ես երբ խոսում էի աղջկա հետ, ինքը ինձ խնդրեց, որ Հովհաննես Թորոսյանը սենյակում չլինի: Հարցրեցի ինչու, չէ որ իր հայրն է, աղջիկը գլխով արեց, որ ոչ, իր հայրը չէ: Ես եթե դա թարգմանեցի, իրեն հենց այդ պահին կձերբակալեին»,- պատմեց Սուրեն Թութունջյանը:

Նա նշեց, որ իրենք այդ ընտանիքին շատ են օգնել և հիմա վիրավորական է, որ հայը նման կերպ է պատասխանում օգնությանը. «Գիտեք` մենք այստեղ իրենց շատ ենք օգնել, ավելի շատ քան մնացած հայերին: Ու իրենք հիմա էդպես են մեզ պատասխանում: Եկեղեցուն են կպնում, այստեղի բժիշկներին են վատաբանում: Այստեղ բոլորը շատ վրդովված են»:

Թութունջյանը մեզ փոխանցեց բոլոր այն մարդկանց կոնտակտային տվյալները, որոնց անունները հիշյալ ընտանիքի անդամները շոշափել են: Armlur.am-ը հանգամանորեն կներկայացնի դեպքի մանրամասները դեպքի հետ առնչություն ունեցող անձանց հետո խոսելուց հետո:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս