Ո՞Վ Է ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՐԻՏՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն մի քանի օր է, ինչ ստեղծվել է «Դեմ եմ երիտհանրապետական օլիգարխներին» նախաձեռնությունը: Այս խմբի անդամները, ըստ իրենց հայտարարության, իբր պատրաստվում են մայիսի 27-ին երիտհանրապետականների դեմ բողոքի ակցիա անցկացնել Էրեբունի թանգարանի հարեւանությամբ:

Նախաձեռնության անդամներից մեկը, որը սոցցանցում գրանցված է Կարեն Ֆարմանյան անունով, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փոխանցեց, որ իրենք տեղեկություններ ունեն այն մասին, թե երիտհանրապետականները որքան գումար են վաստակում, ինչ բիզնեսով են զբաղվում: Ի դեպ, Կարեն Ֆարմանյանը հրաժարվեց հեռախոսով հարցերին պատասխանելուց, եւ նրա հետ շփումը հնարավոր եղավ միայն ինտերնետով: Ինչեւէ, ըստ Ֆարմանյանի, երիտհանրապետական բիզնեսմենները խուսափում են հարկերը վճարելուց:
«Դեմ եմ երիտհանրապետական օլիգարխներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է. «Մեր ունեցած տեղեկություններով՝ երիտասարդ քաղաքական գործիչների վերջին մեկ տարվա սեւ եկամուտները կազմել են՝ Սմբատ Ղահրամանյան, ում տարեկան եկամուտը 15 միլիոն դրամ է, նա իր եկամուտները ստանում է քաղաքական գործիչներից՝ պարբերաբար իրենց գովելու համար, Սեւակ Խաչատրյան՝ տարեկան եկամուտը 34 միլիոն դրամ է, ՀՊՏՀ ներկայիս պրոռեկտորը տարեկան վաստակում է այս գումարը ոչ միայն համալսարանի աշխատավարձի տեսքով, աջափնյակում նա ունի խանութներ, Սեւակ Գրիգորյան՝ տարեկան եկամուտը 7 մլն 600 հազար դրամ. Սեւակն իր գումարը վաստակում է բացառապես գրանտների շնորհիվ, Ռուբեն Խաչատրյան՝ տարեկան եկամուտը 17,5 մլն դրամ. ծրագրավորողի դեմքով այս երիտասարդը գումար է վաստականում բիզնեսի միջոցով, կենտրոնում նա ունի պաղպաղակի եւ սուրճի ապարատներ, Տիգրան Հարությունյան՝ տարեկան եկամուտը 20,1 մլն դրամ. ֆերմերական տնտեսությունների նախագահ Տիգրանը, ինչպես երեւում է, խուսափում է հարկերից եւ կարողացել է հասնել բավականին մեծ արդյունքի, Հայկ Դերզյան՝ տարեկան եկամուտը 25 միլիոն դրամ, Հանրապետական կարկառուն ներկայացուցիչ Դերզյանը, լինելով ընդամենը 21 տարեկան, իր եկամուտները ստանում է «Տաշիր» առեւտրի կենտրոնում ունեցած իր խանութներից»:
Նախ տարօրինակ է, որ հայտարարության հեղինակները տիրապետում են վերը նշված երիտասարդների ֆինանսական մուտքերին, եթե, իհարկե, ներկայացված տվյալները համապատասխանում են իրականությանը: Իսկ միգուցե հայտարարության հեղինակները հենց իրե՞նք են բողոքի ակցիայի թիրախները: Ֆարմանյանից փորձեցինք պարզել, թե որտեղից իրենց նշված երիտասարդների ֆինանսների մասին տեղեկությունները, բայց ի պատասխան՝ նա ասաց, որ դրանք «բանկային թղթեր» են, եւ այս պահին չի կարող տրամադրել: Բայց խոստացավ, որ մայիսի 27-ին, ժամը 10:00-ին Էրեբունի թանգարանի մոտ կներկայացնի: Ի դեպ, անհատի ֆինանսների վերաբերյալ բանկային տվյալները համարվում են գաղտնիք, եւ դրանց հրապարակումը օրենսդրությամբ պատժվում է:
Նախ, չգիտես ինչու, հայտարարության հեղինակները որպես բացասական եւ դատապարտելի երեւույթ ներկայացրել են ինչ-որ մարդկանց բիզնեսով զբաղվելու հանգամանքը: Բայց ողջ խնդիրն այն է, որ հանրապետականները, որպես կանոն, ո՛չ բիզնեսով են զբաղվում, ո՛չ էլ մեկ այլ օգտակար գործ անում: Նրանք սովորաբար ձրիակերությամբ եւ պետբյուջեի փողերը մսխելով են զբաղվում:
Մի խոսքով, ինչ-որ մարդիկ իբր որոշել են երիտհանրապետականների դեմ անողոք պայքարել: Իսկ իրենց «պայքարը» որոշել են սկսել վաղ առավոտյան եւ այն օրը, երբ մի խումբ ակտիվիստներ էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա են ծրագրել:
Այնուամենայնիվ, փորձեցինք մեկնաբանություն ստանալ նախաձեռնության «թիրախներից»: 22-ամյա Սեւակ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ապատեղեկատվություն է եւ շատ ծիծաղելի. «Լուրջ մեկնաբանել այն անհնար է»: Տիգրան Հարությունյանն ասաց. «Դե, կասեմ, որ նրանք ունեն շատ վառ երեւակայություն եւ մեծ հումորի զգացում»: Իսկ, ահա, Հայկ Դերզյանը նկատեց. «Չափազանց անլուրջ եմ համարում նման ակնհայտ սուտ եւ զավեշտալի իրադարձություններին անդրադառնալը: Ու զարմանում եմ, որ իմ եւ Ձեր թանկագին ժամանակը հիմա ծախսում ենք սրա վրա»: Մի խոսքով, երիտասարդները հավանաբար իրենք էլ էին զարմացել, որ իրենցով սկսել են լրագրողները հետաքրքրվել: Միայն թե շատ չոգեւորվեն եւ ավելի մեծ ուշադրություն հրավիրելու համար գնան ու իրենք էլ Գորիսի ոլորաններում ինքնակրակվեն:
Հ.Գ. Ի դեպ, ուշագրավ է, որ պայքարի առաջամարտիկի` Կարեն Ֆարմանյանի անունը համընկնում է երկու ՀՀԿ-ական երիտասարդների` Կարեն Ավագյանի եւ Սամվել Ֆարմանյանի անունների խառնուրդի հետ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆՆ ԱՌՋԵՎՈՒՄ Է
Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի էլցանցի հսկիչները հաճախ են ստիպված մի քանի անգամ տնետուն անցնում, խնդրում-հորդորում բաժանորդներին, որ մուծեն սպառած էլեկտրաէնեգիայի դիմաց: Շատերը փող չունենալով, հարեւանից պարտք խնդրելով՝ ամսվա վերջին մի կերպ վճարում են: Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող «Անկյունային» կոչվող շենքում ապրող բազմաբնակարան մի ընտանիք մոմի լույսի տակ բազում գիշերներ է անցկացրել: Նոյեմբերյանում կարիքավոր ընտանիքներ կան, որոնք երեկոները շուտ են քնում, միայն թե քիչ հոսանք սպառեն: Իջեւանում ընտանիքներ կան, որոնք էլցանցից նախազգուշացում են ստացել կուտակված պարտքը մարելու համար, այլապես «Հայաստանի էլեկտրական ցանցերը» սպառնացել է պարտքը գանձելու համար դիմել դատարան:

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
Մայիսի լույս 21-ի գիշերն անհայտ անձինք Իջեւանի «Հազար ու մի մանրուք» խանութից գողացել են տարբեր ապրանքներ՝ խանութի տիրոջը պատճառելով 130 հզ. դրամի վնաս: Դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում: Ի դեպ, այդ խանութը գտնվում է Իջեւանի կենտրոնում, եւ նույնիսկ գիշերվա «ամենամեռյալ» ժամերին այդտեղ մշտապես երթեւեկում են ավտոմեքենաներ, իսկ մարդիկ անցուդարձ են կատարում:

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մայիսի 19-ին որոշում է ստորագրել Իջեւանի քաղաքապետի հերթական ընտրությունները 2015թ. սեպտեմբերի 13-ին նշանակելու մասին: Նույն որոշմամբ՝ նույն օրը համայնքի ավագանու ընտրություններ տեղի կունենան Խաշթառակում եւ Սարիգյուղում: Իջեւանի քաղաքապետի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2011թ. նոյեմբերի 13-ին, որոնց արդյունքում հաղթեց գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս