Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է նախկին պաշտոնյաների բնակարանները թալանելու մեջ մեղադրվող 6 անձանց դատավարությունը: Տուժողները երեկ պատմել են գողության մանրամասները:
«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ «Լինսի» հիմնադրամի ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանի կինը՝ Սենիկ Սողոյանը, նկարագրել է անցյալ տարվա հունիսի 1-ի գիշերը տեղի ունեցած դեպքը. գիշերվա ժամը 4-ի սահմաններում, երբ ինքն ու ամուսինը գտնվել են իրենց սեփական տան 3-րդ հարկի ննջարանում, հանկարծ ամուսնու ձայնն է լսել: Վերջինս հազիվ հասցրել է խավարի մեջ նկատած երկու անձանց հարցնել՝ ինչ եք ուզում, նրանցից մեկն անմիջապես փակել է բերանը եւ ասել՝ «հիմա կիմանաք»: Հետո խռպոտ ձայնով մեկը ռուսերեն-վրացերենով իրենից գումար եւ ոսկի է պահանջել: Ներխուժողներից մեկը Սենիկի ամուսնուն գցել է գետնին եւ հարվածելով վրեժով լցված եւ նեղացած մարդու պես ասել՝ «արդա՞ր ես…»: Ամուսինը փորձել է սեւ հագուստով անկոչ հյուրերից մեկի դիմակը հանել, սակայն չի հաջողվել: Իսկ տան չհրկիզվող պահարանը դուետը տարել է Էդ. Բեզոյանի մեքենայով: Ըստ տիկին Սենիկի՝ չհրկիզվող պահարանում գումար չի եղել, բայց այնտեղ է եղել իրենց եւ դստերը պատկանող մինչեւ 90 հազ. դոլարի ոսկեղենը: Մինչդեռ դստեր հաշվարկով՝ այդ ոսկեղենը մոտ 180 հազ. դոլար է արժեցել:
Արդեն նախաքննության ընթացքում՝ «ձայնաճանաչման» ժամանակ, տուժողն իր լսած ձայնը նմանեցրել է «բանդայի» վնասազերծման ժամանակ մահացած Գուրգենի ձայնին: Այդ օրը Բեզոյանների տանը գիշերած ազգականուհին՝ Մանե Սողոյանն էլ, ձայնաճանաչման ժամանակ իր լսած ձայնը նմանեցրել էր ամբաստանյալ Արթուր Մանուկյանի ձայնին, սակայն վերջինս ժխտել է իր մասնակցության հանգամանքը ՌԴ-ում գտնվելու հիմնավորմամբ:
Իսկ ոսկու շուկայի ադամանդների որակավորողի առանձնատուն գիշերը մտած դիմակավորված անձինք տանտիրուհուն՝ Զարուհի Ղազազյանին, «ներկայացել են» 6-րդ վարչությունից, պահանջել սուս մնալ, կապկպել եւ ռուսերեն-չեչեներենով գումարի եւ ոսկեղենի տեղը հարցրել: Չասելու դեպքում սպառնացել են սպանել երեխաներին: Դեպքից հետո ամուսինը շաքարախտով է հիվանդացել, իսկ 11-ամյա աղջիկը դեռ դեպրեսիայի մեջ է: Նրանից հափշտակել են 24 մլն դրամի պատվիրված ապրանք եւ 31 հազար դոլար, որոնք դեռ չեն հայտնաբերվել:
Այսպիսով՝ տուժողները չեն կարողանում ավազակներին դեմքով ճանաչել: Մնում է մեղադրանքը պաշտպանելու հույսը դնել ձայնաճանաչման, տեսագրող սարքերի (եթե եղել են) եւ մատնահետքերի վրա: Ա՜յ քեզ ապացույց:
«ԲԱՆԴԱՅԻ» ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ ՁԱՅՆԱՃԱՆԱՉՄԱՄԲ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ