«ԵՂԵԼ ԵՆՔ ԿԻՍԱՍՈՎԱԾ, ՇՓՎԵԼ ԵՆՔ ՍՈՂՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս կայացավ «Սպանել 15 րոպեում» մարտաֆիլմի պրեմիերան, որում նկարահանվել է նաեւ դերասան Նիկոլայ Եղիազարյանը` այս անգամ եւս բացասական կերպարում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա պատմեց իր նոր կերպարի, պրեմիերայի օրը դահլիճում առկա ծիծաղի հնարավոր պատճառների մասին: Դերասանն անդրադարձավ նաեւ իր ստեղծագործական դադարին` նշելով, որ տեւական ժամանակ չի համակերպվել դրա հետ:

-Նիկոլա՛յ, թեեւ հանդիսատեսը սովոր է Ձեզ տեսնել բացասական դերերում, այս վերջին կերպարն, այնուամենայնիվ, թվում է՝ բավական դաժան է տրվել…
-Թեեւ այս ֆիլմի մարտական տեսարաններում ընդգրկված չեմ, մարմնավորել եմ ուժեղ, դաժան կերպար, որին, սակայն, շատ սիրեցի: Ֆիլմի դիտմանը ներկա էր նաեւ ընտանիքս, եւ ես զգացի, թե մայրս ինչ ծանր տարավ իմ ներկայությամբ տեսարանները, որտեղ անխղճորեն սպանում էի մարդկանց, ես նկատեցի, թե նա որքան էր լարվել: Բացասական կերպարներով հանդես գալ, առհասարակ, սիրում եմ, թեեւ դրանք բավական հեռու են իմ բնույթից, փորձում եմ հետաքրքիր մատուցել:
-Ֆիլմի որոշ տեսարաններ դիտելիս հանդիսատեսը չի կարողացել զսպել ծիծաղը: Ոմանց կարծիքով՝ որոշ հատվածներում առկա են եղել չափազանցություններ: Ի՞նչ կասեք:
-Իրոք, կային պահեր, որ հանդիսատեսը ծիծաղում էր: Չեմ կարող ասել, թե որն էր այդ ծիծաղի առիթը, քանի որ ամեն մարդու մոտեցումը սուբյեկտիվ է, սակայն պետք է նկատենք, որ ֆիլմում կային հումորային դրվագներ: Միգուցե մարտական տեսարաններում զենքերն ու կրակոցները շատ էին, գուցե որոշ դրվագներ անհավատալի էին թվում, բայց պետք չէ մոռանալ, որ դա ֆիլմ է: Ինքս այն կարծիքին եմ, որ չափազանցություն կար, հերոսները կարող էին ավելի քիչ կրակել, այդ դեպքում ֆիլմը որոշ անձանց ծիծաղի տեղիք չէր տա: Ամեն դեպքում, կուզենամ, որ ժողովուրդն ըմբռնումով մոտենա կատարված աշխատանքին ու քաջալերի պրոդյուսեր եւ մտահղացման հեղինակ Էդուարդ Փոռեյանին:
-Մի ժամանակատված կար, երբ Դուք անընդհատ էկրաններին էիք, սակայն վերջին շրջանում Ձեզ չենք տեսնում սերիալներում: Ի՞նչն է պատճառը, գուցե կոնֆլի՞կտ ունեք ստեղծագործական անձնակազմի հետ:
-Ո՛չ, որեւէ կոնֆլիկտ չունեմ, անձնակազմի անդամների հետ շատ մտերիմ եմ: Իսկ ստեղծագործական դադարն, իսկապես, գուցե երկար տեւեց: Մի պահ կար, երբ չէի համակերպվում այն մտքի հետ, որ զբաղվածություն չունեմ: Նախ` հոգեւոր սնունդի կարիք առաջացավ, բացի այդ` ինչո՞ւ ոչ` ֆինանսական դժվարություններ էլ ծագեցին: Բայց ես չեմ չարանում, այս դադարին նորմալ եմ նայում: Հիմա սպասում եմ հարմար առաջարկի:
-Վերջին շրջանում բեմում էլ Ձեզ չենք տեսնում, իսկ որոշ ժամանակ առաջ Ռասկոլնիկով էիք խաղացել. նման դերերը պարտավորեցնող չե՞ն:
-Առհասարակ, շատ եմ սիրում թատերական աշխարհը, միշտ հետաքրքրվում եմ մեր մեծերով, հաճախ այցելում եմ պանթեոն, եւ երբեմն ինձ վախեցնում է նրանց մեծությունը. վախենում եմ, օրինակ, Մհեր Մկրտչյանից, Խորեն Աբրահամյանից, Վահրամ Փափազյանից հետո ինչ-որ բան անել կամ ինչ-որ բան վատ անել: Բայց ես գիտեմ, որ, միանշանակ, լինելու եմ թատրոնում: Ինչ վերաբերվում է Ռասկոլնիկովին, ինքս իմ եւ նրա միջեւ տեսնում եմ որոշ ընդհանրություններ. դրանք նկատել են անգամ որոշ մասնագետներ:
-Հեռուստադիտողներն արդեն հնարավորություն ունեն տեսնելու Ձեզ «Անհայտ հասցե» ռեալիթի շոու-նախագծի շրջանակներում` էքստրեմալ իրավիճակներում: Գիտենք, որ ստիպված եք եղել մի շարք փորձություններ հաղթահարել, կպատմե՞ք:
-Իրոք, շատ հետաքրքիր նախագիծ է, որը երկու ամիս լինելու է եթերում: Այդ խաղը հնարավորություն տվեց ճանաչելու մասնակիցներին` դժվարության, փորձության, հաղթանակի ու պարտության պահին: Մենք եղել ենք կիսասոված, շփվել ենք սողունների հետ, հասկացել ենք, թե դժվարության պահին ով է պատրաստ մեզ օգնելու, ով է ցավ ապրում, երբ սայթաքում ենք եւ այլն: Մասնակիցների թվում եղել են Լիլիթ Կարապետյանը, Թինա Քեյը, Դավիթ Աֆրիկյանը, Տաթեւ Սարգսյանը եւ այլք:
-Նիկոլա՛յ, վերջում եկե՛ք մի փոքր էլ խոսենք Ձեր անձնական կյանքի մասին: Մի ժամանակ ակտիվորեն պատմում էիք Ձեր սիրելիի մասին, անգամ մտադիր էիք օրինականացնել հարաբերությունները: Վերջին շրջանում, սակայն, կարծես թե լռում եք այդ մասին:
-Անկեղծ ասած` չեմ ուզում անդրադառնալ այդ թեմային: Իրոք, չեմ ուզում խոսել այդ մասին, երբ լինում է ռեալ ասելիք, ես փորձում եմ կիսվել, բայց հիմա կոնկրետ ասելիք չունեմ:

 

 

 

 

 
Ո՞ՒՐ ԵՆ ՄԵՐ «ԿՈՐԱԾ ԱՍՏՂԵՐԸ»

Ընթերցողները պարբերաբար «ահազանգում են» մեզ եւ խնդրում գտնել իրենց սիրելի աստղերին, որոնք արդեն տեւական ժամանակ լռում են, սակայն չեն մոռացվել հանդիսատեսի կողմից: Հանրությանը հետաքրքրում է՝ այժմ որտեղ են նրանք, ինչով են զբաղված, եւ արդյոք երկրպագուների համար կլինեն անակնկալներ:

Այսպիսով` երբեմնի հայտնի աստղերից մեկը, ով վերջին շրջանում էկրաններին չի երեւում, դերասանուհի, երգչուհի, նախկին «4 տարբերակ» խմբի անդամ Քնարիկ Զաքարյանն է: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ ընթերցողների անհանգստությունը շուտով հնարավոր կլինի փարատել:
«Այս պահին նկարահանվում եմ Ալբերտ Մկրտչյանի «Լակոտը» գեղարվեստական ֆիլմում (Սոս Սարգսյանի համանուն վիպակի հիման վրա), կերտում եմ գլխավոր հերոսուհու կերպարը»,-տեղեկացրեց նա:
Քնարիկի խոսքով` ինքը երգարվեստի ոլորտի համար եւս նոր ասելիք ունի եւ վաղուցվանից անակնկալ է պատրաստում երկրպագուների համար. «Գուցե առաջիկայում միայնակ հանդես չգամ… Չեմ ուզում փակագծերը բացել»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է նախկին «4 տարբերակ»-ը վերականգնվի, Քնարիկը պատասխանեց, որ հնարավոր է` չցանկանալով հայտնել մանրամասներ: Նա նաեւ հավելեց, որ պատրաստվում է առաջիկայում միաժամանակ հանդես գալ որպես դերասանուհի-երգչուհի:
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհին նաեւ տեղեկացրեց, որ ինքը զբաղվածություն ունի նաեւ թատրոնում նոր բեմադրվող ներկայացումներում:
Հաջորդ աստղը, որի ճակատագիրը եւս հետաքրքիր էր ընթերցողներին, երգիչ, դերասան Մայքլ Քոթանջյանն է: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը երբեւէ չի դադարել աշխատելուց, պարզապես վերջին երկու տարվա ընթացքում նվիրվել է անձնական կյանքին, երեխային: Մայքլի խոսքերով` ինքը տարվա մեջ իր հայրիկի` Ռաֆայել Քոթանջյանի հետ հանդես է գալիս մեկ տասնյակից ավել համերգներով: «Դրանց մեկնարկը տրվեց հայրիկի 70-ամյակին, հետո դարձան շարունակական: Բենեֆիսային ներկայացմամբ, որը ներառում է հայրիկի լավագույն մանրապատումներն ու իմ լավագույն կատարումները, հանդես եկանք Երեւանում, մարզերում, երկրից դուրս, իսկ շուտով մեկնելու ենք Ռուսաստան»,- տեղեկացրեց նա:
Մայքլ Քոթանջյանի խոսքով` կան նաեւ նոր գրված երգեր, որոնց վրա ինքն այժմ աշխատում է: Նա նաեւ նշեց, որ մտադիր է կյանքի կոչել մի հետաքրքիր, մարդասիրական հեռուստանախագիծ, սակայն դեռեւս չբացեց փակագծերը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ՓՈՐԱԳՐԱՆԿԱՐՆԵՐԸ ԿՈՐԵԼ ԵՆ
ԱՄՆ-ի խոշորագույն գրապահոցներից մեկում` Բոստոնի հանրային գրադարանում, «կորել են» Ռեմբրանդտի եւ Ալբրեխտ Դյուրերի երկու փորագրանկարներ` հարյուր հազարավոր դոլար արժողությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է Boston Herald թերթը: Գրադարանի տնօրինությունը փորագրանկարների կորստի մասին ոստիկանության տեղական վարչությանը տեղեկացրել է ապրիլի 29-ին` այն բանից հետո, երբ գրադարանի տեսուչը չի կարողացել գտնել երկու գործերը: Ոստիկանությունում կարծում են, որ փորագրանկարները կորել են դրանց անհետանալու մասին հայտարարությունից դեռ մեկ տարի առաջ:
Բոստոնի հանրային գրադարանում պահվում են հայտնի վարպետների շուրջ 200 հազար գծանկարներ, ճեպանկարներ եւ փորագրանկարներ, այդ թվում` Ռեմբրանդտի շուրջ 30 եւ Դյուրերի 100 գործեր:

 

Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ ՄԵՐ ԴՐՈՇԸ
«Եվրատեսիլ 2015»-ի երկրորդ կիսաեզրափակչից առաջ մրցույթի նախորդ տարվա հաղթող, սկանդալային արտիստ Կոնչիտա Վյուրսթը մայիսի 21-ին մամուլի ասուլիս է տվել, որտեղ պատասխանել է լրագրողների հարցերին: Ասուլիսին ներկա NEWS.am STYLE-ի թղթակիցը հարց է ուղղել Կոնչիտային, թե ինչ է արել նա հայկական դրոշը, որը կարմիր գորգի վրա նրան նվիրել էր «Genealogy» խմբի անդամ Եսայի Ալթունյանը: Կոնչիտան պատասխանել է. «Այդ օրը բազմաթիվ նվերներ եմ ստացել եւ դրանցով զարդարել եմ իմ զգեստապահարանը»: Թղթակցի հարցին, թե արդյոք նա հավանել է Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը, Կոնչիտան պատասխանել է. «Իհարկե, հիանալի խումբ է»:

 

ԴԱՎԱՃԱՆՈ՞ՒՄ Է ԹԻՄԱԹԻԻՆ
Super կայքի պապարացիները Թիմաթիի կնոջը` Ալյոնա Շիշկովային, «բռնեցրել են» հայտնի ֆուտբոլիստ Անտոն Շունինի հետ: Նրանք մասնակցել են մի շարք միջոցառումների եւ գիշերը միասին են անցկացրել: Ինչպես երեւում է՝ «Դինամո» թիմի դարպասապահը կնոջից բաժանվելուց հետո նոր սեր է գտել:
Լրագրողները փորձել են կապ հաստատել նրանց հետ. հաջողվել է մեկնաբանություն ստանալ Շունինից, ով նշել է, որ իրենք թաքցնելու ոչինչ չունեն:
Նշենք, որ վաղուց են լուրեր պտտվում այն մասին, որ Թիմաթիի եւ Ալյոնայի հարաբերությունները վատացել են, սակայն նրանք ամեն կերպ փորձում են թաքցնել դա: Ամեն դեպքում, հայտնի չէ, թե որն է զույգի տարաձայնությունների պատճառը:




Լրահոս