ՕՖՇՈՐԻ ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտի «օֆշորային սկանդալի» քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Չնայած այս պատմության հետ բազմաթիվ անուններ հնչեցին, այդ թվում նաեւ՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, սակայն գործով անցնող միակ մեղադրյալը գործարար Աշոտ Սուքիասյանն է, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, մասնավորապես, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը յուրացնելու մեջ: Ընդունված է համարել, որ հենց այս պատմությունը դարձավ Տիգրան Սարգսյանի քաղաքական մայրամուտի պատճառը: Եթե չլիներ «օֆշորային սկանդալը», ապա հետագա զարգացումները դժվար թե նախկին վարչապետի համար այդքան ծանր հետեւանքներ ունենային: Ինչեւէ, ներկայումս քրեական գործի նյութերը, որոնք 32 հատորից են բաղկացած, տրվել են պաշտպանական կողմին` ծանոթանալու եւ միջնորդություններ ներկայացնելու համար: Այդ փուլի ավարտից հետո քրեական գործը կուղարկվի դատարան: Այս գործով դատաքննությունն ուշագրավ կլինի այն տեսանկյունից, թե ինչպես է իրավապահներին հաջողվել նախկին վարչապետին եւ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին «մաքրել»: Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանը մի քանի տասնյակ միլիոն դոլարի ունեցվածքն իրենից խլելու պատմության մեջ հիմնականում մեղադրում էր ոչ միայն Աշոտ Սուքիասյանին, այլ նաեւ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին: Սակայն նրանցից այսօր մեղադրյալի աթոռին է միայն Աշոտ Սուքիասյանը:

 

 

 

 

2013-ի սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությամբ, երբ Հայաստանը համաձայնեց դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, եվրամիության անդամ երկրները շոկ ապրեցին՝ հայտարարելով, որ հուսախաբ են եղել: Սակայն իրադարձություններն այնպես զարգացան, որ հիմա Հայաստանը կարող է դառնալ կամուրջ ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում այս առումով, «Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում, պատասխանելով այս հարցին, Լատվիայի Հանրապետության վարչապետ Ստրաույումա Լայմդոտան ասաց. «Տարբեր միությունների միջեւ համագործակցությունն անխուսափելի է եւ վաղ թե ուշ կայանալու է: Եւ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը չվախեցավ համագործակցել ե՛ւ Եվրասիական տնտեսական միության հետ ե՛ւ շարունակել փոխգործակցությունը Եվրամիության հետ: Դա լրացուցիչ առավելություն է` քաղաքական եւ հատկապես տնտեսական: Ես կարծում եմ, որ նման բազմավեկտոր հարաբերությունները միայն հարստացնում են: Եւ այս առումով ես միայն կարող եմ շնորհավորել Հայաստանին»:

 

 

 

 

Երեկ հայտնի դարձավ, որ Արտաշատի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հովհաննես Ղազարյանը, նույն ինքը՝ Գազի Հովոն, պատրաստվում է ինքնաբացարկ ներկայացնել եւ դուրս գալ ընտրապայքարից: Ինչպես հայտնի է՝ Արտաշատի քաղաքապետի մյուս թեկնածուն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է՝ Արգամ Աբրահամյանը: Այսպիսով վարչապետի որդին մնում է միակ թեկնածու, եւ նրա՝ Արտաշատի քաղաքապետ դառնալն այլեւս տեխնիկայի հարց է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հովհաննես Ղազարյանն իր որոշման պատճառների մասին խոսելիս բավական ուշագրավ խոստովանություն է արել: Նա ասել է, որ Արգամ Աբրահամյանն ավելի լավ կկառավարի, քանի որ. «Եթե ես քաղաքին վերաբերող հարցեր ներկայացնեմ, որոնք պետք է լուծվեն, ապա դրանցից կարող է մեկ-երկուսը լուծվի, մյուսները` ոչ: Իսկ նրա դեպքում բոլոր հարցերն էլ կլուծվեն»: Այսինքն՝ Գազի Հովոյին հասկացրել են, որ եթե ընտրվի էլ, միեւնույն է՝ թույլ չեն տա կառավարել, եւ այդ դեպքում ինքը կարժանանար արտաշատցիների ատելությանը: Ուստի նա որոշել է նահանջել:

 

 

 

 
Երեկվա լրահոսը հեղեղված էր լուրերով, թե ինչպես է այս կամ այն պաշտոնյան որեւէ դպրոց գնացել, մասնակցել «Վերջին զանգի» միջոցառմանը: Բնականաբար, ընտրված դպրոցները բոլորը լավ կահավորված եւ գեղեցիկ զարդարված էին: Իսկ Հայաստանի մի շարք գյուղերում երեկ վերջին զանգ չեն նշել, որովհետեւ ո՛չ շրջանավարտ ունեն եւ ո՛չ էլ դպրոց: Պաշտոնյաները գուցե այդ գյուղերն այցելեին: Ասենք` Սյունիքի մարզի Շրվենանց գյուղը, նախկինում ունեցել է 400 աշակերտ, այժմ դպրոցը փակվել է: Արմավիրի մարզի Կողբավան, Արագածոտնի մարզի Օթեւան համայնքները արդեն մի քանի տարի է՝ դպրոց չունեն: Շիրակի մարզի Լեռնագյուղ համայնքը 14 տարի է` ո՛չ դպրոց ունի, ո՛չ էլ աշակերտ: «Ծերերն են մնացել գյուղում, իսկ երիտասարդներն էլ քաղաքից չեն գալիս գյուղ: Այս տարի գյուղապետարանի հաշվապահն է երեխա ունեցել, հեսա մեծանա, հասնի դպրոցական տարիքի, գյուղից կգնա: Դրսից բերած հարս է, դեռ մնում է գյուղում: Էրեխեքը մեծանան, ինքն էլ կէրթա»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Լեռնագյուղի գյուղապետ Հմայակ Մարտիրոսյանը:

 

 

 

 

ՍԱ ԱՀԱԶԱՆԳ Է

Աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը` «Սամսունգը», Հայաստանից հեռանում է: Հայաստանում «Սամսունգի» պաշտոնական ներկայացուցչության նախկին ղեկավար Անդրանիկ Շահբազյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմել է համաշխարհային ճանաչում ունեցող ընկերության՝ մեր երկրից հեռանալու նախապատմությունը: Իսկ եղելությունն այն է, որ «Սամսունգի» ղեկավարությունը 2014-ի վերջին որոշել է, որ իրենց ընկերությունը պետք է ունենա անկախ կովկասյան գլխամաս, որը որոշվել է տեղակայել Բաքվում: Իսկ երբ արդեն այդ գլխամասը Բաքվում սկսել է գործել, որոշ ժամանակ անց սկսել են խնդիրներ ի հայտ գալ՝ Հայաստանի ներկայացուցչության գործունեության հետ կապված:
Մասնավորապես, Բաքվում տեղակայված գլխամասի ղեկավարությունը պահանջել է՝ Ստեփանակերտի խանութներից մեկից հանել «Սամսունգի» պաշտոնական ցուցանակը: Սա այն դեպքում, երբ տվյալ խանութը ժամանակին պաշտոնապես վաճառել է «Սամսունգի» արտադրանքը, իսկ ցուցանակն էլ ընկերության ղեկավարության համաձայնությամբ է տեղադրվել: Մի խոսքով, Ադրբեջանի իշխանություններին հաջողվել է այնպես անել, որ «Սամսունգի» կովկասյան գլխամասի ղեկավարությունը սկսի զգուշանալ ՀՀ-ի հետ հարաբերություններում:
Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, որ այս պատմությունը ՀՀ իշխանությունների կամքից անկախ գործընթացի արդյունք է, եւ նրանք բան չէին կարող անել, որպեսզի Հարավային Կորեայի Հանրապետությունը ներկայացնող ընկերության ղեկավարությունը Ադրբեջանի իշխանությունների հիվանդագին քաղաքականության ազդեցության տակ չընկներ: Սակայն այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա, որը վերջին առնվազն տասնհինգ տարիներին ձեւավորվել է եւ պարբերաբար իրեն զգացնել է տալիս: Խոսքն այն մասին է, որ արտաքին աշխարհի աչքերում, կլինի տնտեսական հարաբերությունների ժամանակ, թե մշակութային հարցերում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, զուտ քաղաքական տեսանկյունից, հավասարություն է դրվում: Իսկ երբ պետության ներքին ազատության, մասնավորապես, տնտեսական գործունեություն ծավալելու տեսանկյունից, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարություն է դրվում, ապա հաջորդ քայլին, հաշվի առնելով նավթադոլարների գործոնը, ընտրությունը հենց տվյալ երկրի օգտին է լինում: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները պարտավոր էին եւ պարտավոր են այնպես անել, որ իրավական պաշտպանության եւ հարկային քաղաքականության տեսանկյունից Հայաստանը մշտապես լինի մեկ-երկու քայլ առաջ Ադրբեջանից: Եթե ՀՀ իշխանություններն ի վիճակի լինեին այս խնդիրը լուծելու, ապա ոչ միայն Հայաստան եկած ընկերությունները չէին հեռանա, այլեւ մնացած խոշոր ընկերությունները եւս կձգտեին, որպեսզի տարածաշրջանում իրենց գլխամասային գրասենյակը հենց Հայաստանում լիներ: Այլ կերպ ասած՝ Հայաստանը մշտապես պետք է մի քանի անգամ գրավիչ լինի, քան Ադրբեջանը, հակառակ դեպքում ընտրությունը մշտապես լինելու է այդ երկրի օգտին:




Լրահոս