Դուք ո՞ր թևին եք պատկանում`լավատեսների՞, թե հոռետեսների. Նաիրա Զոհրաբյանը` Կարեն Նազարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանից հետաքրքրվեց, թե ինչ է լինելու Ռիգայի գագաթաժողովից հետո: Պատգամավորն ընդգծեց, որ հանձնաժողովից հետո երկու խումբ է ձևավորվել` լավատեսների և վատատեսների:

«Լավատեսները վստահ են, որ մինչև տարեվերջ կունենանք Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները կարգավորող նոր փաստաթուղթ, իսկ վատատեսներն էլ, որ սա հերթական իմիտացիան է և մեր ռազմավարական գործընկերը կկասեցնի Հայաստան-Եվրամիություն «ռեստարտ» եղած հարաբերությունը: Դուք ո՞ր թևին եք պատկանում, լավատեսների՞, թե հոռետեսների», – հարցրեց ԲՀԿ-ական  պատգամավորը:

Նա ընդգծեց, որ ակնհայտ է` ԵՄ-ն կողմ է  Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն: Նա հետաքրքրվեց, թե մենք ինչքան ժամանակում կունենանք նոր փաստաթուղթ:

Կարեն Նազարյանը նախ նշեց, թե ինքը պատկանում է լավատեսների կարգին և իրավունք էլ չունի վատատես լինելու, քանի որ մեծ աշխատանք է տարվել և հիմնական նպատակը եղել է ի հայտ բերել համատեղելի տարրեր:

«Այդ գործընթացը, կարելի է ասել, տվել է դրական արձագանք, ունենք արդեն պատկերացում հարաբերությունների կառուցվածքի վերաբերյալ, բայց ես չէի ցանկանա առաջ ընկնել և ավելին ասել», – նշեց արտգործնախարարության ներկայացուցիչը և հույս հայտնեց, որ ԵՄ արձագանքից հետո կսկսվի բանակցությունների նոր փուլ:




Լրահոս