Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Տավուշի մարզային կենտրոնի ղեկավար Վասիլ Գալստյանի հետ զրույցում «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Իջեւան քաղաքում սիբիրախտ հիվանդության մեջ կասկածվող անասունի մսեղիքից փորձանմուշներ են ուղարկվել Երեւան:
Նոյեմբերի 5-ի դրությամբ լաբորատոր ուսումնասիրության արդյունքները դեռեւս հայտնի չեն: Պարոն Գալստյանի հավաստմամբ՝ իրավիճակն իրենց մշտական հսկողության ներքո է գտնվում, իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Փորձեցինք տեղեկանալ Իջեւան քաղաքի հարավային մուտքի մոտ՝ դեպի սարամասեր տանող ճանապարհին, անասնապահական կարանտինային կետի տեղադրման մասին: Գալստյանը նշեց, որ սիբիրախտի հետ կապված կարանտին հայտարարված չէ, եւ այդ կետը տեղադրվել է Իջեւանի շրջակա սարամասերից անասունների եւ դրանց մսի տեղափոխումը վերահսկելու համար:
Նշենք, որ Իջեւանում սիբիրախտի հետ կապված անորոշ իրավիճակը խիստ անհանգստացրել է գյուղատնտեսական այս ոլորտի պատասխանատուներին: Անցած ուրբաթ օրը՝ նոյեմբերի 2-ին, շուրջ երկու տասնյակ մասնագետների հետ Տավուշի մարզ էր ժամանել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության տեսչության պետ Գրիշա Բաղյանը: Նա տեղում ծանոթացավ իրավիճակին: Իջեւանի այն անասնագոմում, որտեղ պահվել է սիբիրախտ հիվանդության մեջ կասկածվող անասունը, պահվում են եւս 3 կով եւ 3 հորթ: Նրանք այժմ գտնվում են նորմալ վիճակում, այդ անասունների ջերմությունը կայուն է, իսկ սիբիրախտով հիվանդության դեպքում անասունները բարձր ջերմություն են ունենում: Սակայն անասնաբուժության բնագավառի մասնագետ մեր աղբյուրները տարօրինակ են համարում, որ գյուղատնտեսության նախարարության լաբորատորիան 3 օրվա ընթացքում՝ ուրբաթ օրվանից մինչեւ երկուշաբթի, չկարողացավ պարզել, թե Իջեւանում ոչնչացված անասունի մսի մեջ արդյոք կան սիբիրախտի մանրէներ: Նրանք հավանական են համարում, որ լաբորատոր ստուգման արդյունքներն առայժմ չեն հրապարակվում, որպեսզի խուճապային տրամադրություններ չառաջանան:
Տավուշ