Ռիգայի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը երեկ ավարտվեց, սակայն Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ստորագրվելիք նոր փաստաթղթի մասին որեւէ հայտարարություն չհնչեց: Չնայած ի սկզբանե տրված հավաստիացումներին` ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի հետ բանակցություններ սկսելու հարցով Եվրահանձնաժողովին համապատասխան մանդատի տրամադրման հարցն էլ այս գագաթնաժողովի շրջանակներում վերջնականապես չհստակեցվեց:
Երկու օր շարունակվող թեժ քննարկումներից եւ ընդունվելիք փաստաթղթի շուրջ հնչած առարկություններից հետո, ի վերջո, երեկ Ռիգայի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ընդունված համատեղ հռչակագրում պահպանվեցին բոլոր վիճահարույց ձեւակերպումները: Հիշեցնենք, որ դեռ մայիսի 21-ին հռչակագրի աշխատանքային տարբերակում ներառված «Ղրիմի եւ Սեւաստոպոլի ապօրինի բռնակցում» ձեւակերպման կապակցությամբ իրենց առարկությունն էին հայտնել Հայաստանն ու Բելառուսը: Ի վերջո, ընդունված հռչակագրում այս ձեւակերպումը մնաց անփոփոխ, սակայն դա ներկայացվեց որպես բացառապես ԵՄ անդամ երկրների դիրքորոշում, որի համար Հայաստանը կամ Բելառուսը որեւէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում: Եվ, այնուամենայնիվ, չնայած բարձրաձայնված անհամաձայնությանը, Հայաստանը, փաստորեն, ստորագրեց «Ղրիմի եւ Սեւաստոպոլի ապօրինի բռնակցումը» ամրագրող փաստաթղթի տակ, մինչդեռ Բելառուսը միացավ ընդհանուր հռչակագրին հատուկ վերապահումներով:
Անփոփոխ մնաց նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հռչակագրում տեղ գտած ձեւակերպումը, որին հատկապես Ս. Սարգսյանի` գագաթնաժողովի առաջին հատվածում հնչեցված կոշտ ելույթից հետո կտրուկ ընդդիմացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովը` լքելով դահլիճը: Իր ելույթում Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել էր.«Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը որեւէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանզի երբեք չի հանդիսացել անկախ Ադրբեջանի մաս, մինչդեռ այդ երկրի իշխանությունը, տարածքային ամբողջականությունը համարելով միակ սկզբունք եւ այն դրոշ դարձրած, հետեւողականորեն վիժեցնում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ մերժելով կարգավորման մյուս՝ համահավասար ու կարեւոր սկզբունքները»:
Ադրբեջանի ԱԳ նախարարի այս ցուցադրական դեմարշից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ստիպված եղավ զանգահարել Իլհամ Ալիեւին, ինչի արդյունքում Ադրբեջանի ստորագրությունը, ի վերջո, հայտնվեց հռչակագրի տակ` հատուկ կարգով լրացուցիչ վերապահում ներկայացնելու պայմանով: Ղարաբաղի հետ կապված հռչակագրում մասնավորապես ասված էր. «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի մասնակիցները հաստատում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերին իրենց աջակցությունը, այդ թվում՝ նախագահների եւ 2009թ-ից նրանց ընդունած հայտարարությունների մակարդակով»: Հիշեցնենք, որ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների՝ լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի եւ Էնիսկիլենի հայտարարությունների մասին է, որոնցում հղում է կատարված Հելսինկյան երեք հայտնի սկզբունքներին` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք: Եվ հատկապես վերջինին ընդդիմանալու Ադրբեջանի փորձերը երեկ արժանացան բավականին կոշտ քննադատության ԵՄ ղեկավարության կողմից: Մասնավորապես ԵԽ նախագահ Մարտին Շուլցը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում «անիմաստ եւ ոչ այնքան խելացի» որակեց Ադրբեջանի պահվածքը, իսկ ամփոփիչ ասուլիսի ընթացքում էլ հայտարարեց, թե Արեւելյան գործընկերության ծրագրում Ադրբեջանի եւ Բելառուսի ներգրավվածությունը սահմանափակում է ծրագրի ընթացքը, քանզի այս երկու երկրներում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերում առկա է խորը հակասություն եվրոպական արժեհամակարգի հետ:
Նշենք, որ երեկվա գագաթնաժողովը մեծ հիասթափություն էր հատկապես Վրաստանի եւ Ուկրաինայի համար, որոնք արդեն այս տարի ակնկալում էին անցում ազատ վիզային ռեժիմի: Չնայած Ռիգայում վրացիների եւ ուկրաինացիների կողմից այս հարցի շուրջ կազմակերպված բողոքի ակցիային, այս երկրների համար ազատ վիզային ռեժիմին անցման հնարավորությանը ԵՄ-ն որոշեց անդրադառնալ 2016թ-ին: Իսկ Հայաստանի մասով այս հարցի շուրջ հռչակագրում ասված է. «ԵՄ անդամները անհամբերությամբ սպասում են սահմանված կարգով Հայաստանի հետ վիզային երկխոսության բացման հարցի քննարկմանը՝ պայմանով, որ Հայաստանը կշարունակի կայուն առաջընթաց ապահովել վիզային ռեժիմի մեղմացման եւ ռեադմիսիայի համաձայնագրի ամբողջական իրականացման հարցում»:
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացմանը, ապա Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ Եվրամիությունը Հայաստանի հետ փոխհարաբերությունների հետագա ընթացքի եւ մասշտաբների վերաբերյալ հասել է լիակատար փոխըմբռնման: Իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ, չնայած ՀՀ-ԵՄ ակնկալվող նոր փաստաթղթի բացակայությանը, «Ազատության» հետ զրույցում հավաստիացրեց. «Այն, ինչ որ սպասվում է, մենք այսօր ունենք»:
Նյութի պատրաստմանն աջակցել է Հայաստանում Լատվիայի դեսպանատունը (նստավայրը՝ Թբիլիսի):
Թ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ռիգա
ԿԱՐՈՂ ԵՆ ԵՎ ՉՊԱՇՏՊԱՆԵԼ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը որոշել է «չհնազանդվել» խմբակցության որոշումներին եւ հունիսի 7-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամ Աբրահամյանի թեկնածությունը: Բանն այն է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք ընտրությունների ժամանակ որեւէ մեկի թեկնածությունը չեն «պաշտպանելու», այլ իրենց տեղամասային կառույցի ներկայացուցիչներին հորդորել են ապահովել արդար ու թափանցիկ ընտրություններ: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ ինքը որոշել է պաշտպանել Արգամ Աբրահամյանի թեկնածությունը: «Խմբակցությունն ազատ է թողել, իսկ ես սատարելու եմ Արգամ Աբրահամյանին, քանի որ Արգամն իմ մտերիմ ընկերն է, ես մարզից եմ, ինչով կարողանալու եմ, կօգնեմ»,- ասաց Ստեփանյանը: Այս պատմության մեջ, սակայն, զավեշտն այն է, որ մինչ ԲՀԿ-ն որոշում էր «չեզոք» դիրք գրավել, վարչապետի որդին մնաց մենակ եւ ստեղծված պայմաններում նա արդեն առանց որեւէ աջակցության էլ կարող է Արտաշատի քաղաքապետ դառնալ:
ԿՍԿՍԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Եկող երկուշաբթի ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում կսկսեն քննարկել «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ որպես զեկուցողներ հանդես են գալու ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ու ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։ Քննարկմանը հրավիրվել են նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Սակայն վերջիններս լավագույն դեպքում քննարկումների մեկնարկին միայն ներկա կլինեն: Սովորաբար հենց այդպես էլ լինում է:
ՍՊԱՆԵՔ ԼԻՍԿԱՅԻՆ
Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կոչ է արել, որ Հայաստանի ողջ ժողովուրդը մասնակցի մայիսի 27-ի` էլէներգիայի թանկացման դեմ երթին: Հիշեցնենք, որ այդ երթը կազմակերպել են քաղաքացիական ակտիվիստները, որոնք որեւէ քաղաքական կուսակցություն չեն ներկայացնում: Փոխարենը, քաղաքական ուժերը եւ գործիչներն արդեն իսկ սկսել են հայտարարել այդ երթին միանալու մասին: Ի դեպ, Լեւոն Զուրաբյանը չի թաքցրել իր զարմանքն այն փաստի առնչությամբ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցների հետ կապված լրագրողներից ոչ մեկն իրեն հարցեր չի տվել: Ուստի նա մի կոչով էլ լրագրողներին է դիմել. «Սպանե՛ք Լիսկային ձեր մեջ»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԿՈՂՄ ԸԼԱԼՈՎ ԷԼ ԴԵՄ ՉԵՆ
ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը` մասնավորապես Եվրամիության հետ կապված, համարել է ճիշտ: «Ճիշտ մոտեցում է որդեգրվում՝ չբացառել եվրոպական ընտանիքի հետ համագործակցության խորացումը: Ճիշտ մոտեցում կա նաեւ ԵՄ-ի կողմից»,- ասել է Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով մայիսի 21-ից 22-ը Ռիգայում ընթացած Արեւելյան գործընկերության երկրների գագաթնաժողովին: Սակայն միեւնույն ժամանակ դաշնակցական պատգամավորը նկատել է, որ այդ բանակցությունների արդյունքում կոնկրետ փաստաթղթի ստորագրումն ինքը այդքան էլ հավանական չի համարում: Ի դեպ, ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՅԴ պատգամավորը խուսափել է քննադատել էլէներգիայի սակագնի հնարավոր թանկացումը: Նա ասել է, թե խնդիրն իրենք դեռ պետք է ուսումնասիրեն: Իհարկե, միեւնույն ժամանակ նա ընդունել է, որ անգամ մեկ տոկոսի թանկացումը Հայաստանի տնտեսության եւ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի համար լուրջ հետեւանքներ կունենա:
ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻՑ՝ «ԳԱՅԻ ՊԼԱՇԱԴԿԱ»
ՀՀ ոստիկանության կողմից երեկ՝ օրվա վերջին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ՀՀ ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 125 ավտոմեքենա: Այս տվյալը ներառում էր ժամը 20:00-ի դրությամբ ոստիկանություն տարված ավտոմեքենաների թիվը, որը հետագայում` գիշերվա ընթացքում, կարող էր նաեւ ավելանալ: Ըստ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության՝ տուգանային հրապարակ տարված վարորդներից 68-ը եղել են անչափահասներ: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ մինչ այդ պահը ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքեր չեն արձանագրվել:
ՔՐԳՈՐԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ
ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Արմավիր մարզի Ալաշկերտ գյուղի մանկապարտեզի երեխաների թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում: Հիշեցնենք, մայիսի 8-ից 10-ը Ալաշկերտից «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էին տեղափոխվել 12 երեխա` լուծ, փսխում, ջերմություն եւ ընդհանուր թուլության գանգատներով: Դրանից տասն օր անց մարզի Արմավիր քաղաքի մի քանի մանկապարտեզներից համանման գանգատներով մոտ մեկ տասնյակ երեխա էր տեղափոխվել հիվանդանոց: Ըստ առողջապահության նախարարության՝ Արմավիր քաղաքի մանկապարտեզներում երեխաների թունավորման պատճառը եղել է սանիտարական կանոնների եւ նորմերի, հիգիենիկ պահանջների կոպիտ խախտումը: