ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրում հերթական բողոքի ակցիայով հավաքվել էին գյումրեցի մի շարք անհատ տաքսու վարորդներ: Նրանց բողոքի պատճառը կրկին նույնն էր՝ ճանապարհային ոստիկանության եւ տեսուչների կողմից իրականացված ստուգայցերը, որոնց ընթացքում մի քանի տաքսու վարորդներ տուգանվել են: Հավաքվածներից ոմանք նշում էին, թե ոստիկաններն իրենց մեքենաները կանգնեցրել են փաստաթղթերը ստուգելու պատրվակով, որից հետո ոստիկանական մեքենայից իջել է քաղաքացիական հագուստով մեկը եւ կազմել արձանագրություն վարորդի տուգանված լինելու մասին:
Անհատ տաքսու վարորդների նկատմամբ տուգանքների կիրառումը հետեւանք է դեղին պետհամարանիշ եւ համապատասխան լիցենզիա չունենալու, բայց տուգանված վարորդները չեն շտապում այդ տուգանքները վճարել, քանի որ դրանց չափերը բավական մեծ են, իսկ իրենք այդքան գումար չեն աշխատում: Վարորդները հստակ պատասխան են պահանջում այս խնդրով զբաղվող համապատասխան կառույցներից, թե երբ եւ ինչպես է այս խնդիրը կարգավորվելու, ինչի դեմ պայքարում են մի քանի տարի:
Բողոքի ակցիայի ժամանակ իրենց ձայնը լսելի դարձնելու եւ այս խնդրին լուծում տալու հույսով անհատ տաքսու վարորդները դիմել էին նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, նաեւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին: Նախկին քաղաքապետն էլ վստահեցրել էր՝ ամեն հարցում օգնել ու կանգնել նրանց կողքին, եթե վարորդներն ամեն ինչ անեն օրենքի սահմաններում՝ առանց  օրինապահ մարմինների հետ կոնֆլիկտների մեջ մտնելու: Մարզպետն ասել էր, թե խնդրի մասին համապատասխան մարմիններն արդեն տեղեկացվել են՝ վարորդներին հորդորելով շարունակել իրենց աշխատանքը, մինչեւ համապատասխան ատյանները խնդրով զբաղվեն ու պատասխանեն:
Իսկ մինչ համապատասխան ատյանները կզբաղվեն, տաքսու վարորդները շարունակում են տուգանվել: Նրանք պատրաստվում են այսօր եւս բողոքի ակցիա անցկացնել ու իրենց ձայնը լսելի դարձնել իշխանություններին:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ




Լրահոս