Հայաստանյան ապահովագրական ընկերությունների եւ պատգամավորների ջրերը մի առվով չեն հոսում: Ինչպես երեւում է՝ օրենսդիրների հետ ապահովագրական ընկերությունները դատարանի միջոցով են սկսել խոսել: Այս անգամ դատարանում է հայտնվել ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Գարանտ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին կարգադրի դատարանի միջոցով ընկերությանը վճարել 50.000 դրամ: Ասել է թե՝ պատգամավորն ու ապահովագրական ընկերությունը չեն հասկացել միմյանց, Հանրապետական խմբակցության ներկայացուցիչը հրաժարվել է գումարը վճարել, արդյունքում ընկերությունը, չկարողանալով բանակցությունների միջոցով ՀՀԿ-ական պատգամավորից 50.000 դրամ վերցնել, ստիպված է եղել դատարանի միջոցով կարգավորել խնդիրը:
Բայց նույնիսկ դատական ճանապարհով հարցը հեշտությամբ չի լուծվել: Մեզ հաջողվեց պարզել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորին պարտավորեցնել վճարել 50 հազար դրամ, սակայն պատգամավորը դատարանի կողմից կայացված վճիռը ստանալուց հետո առարկել է որոշման դեմ: Ինչպես տեղեկացանք, ըստ էության, պատգամավորը դատարան է ներկայացրել համապատասխան հիմնավորում՝ խնդրելով վերացնել դատարանի կողմից իրենից 50.000 դրամ գանձելու որոշումը:
Նշենք, որ «Գարանտ Ինշուրանս» ՓԲԸ-ի հիմնական գործունեությունը ծավալել է առողջապահության ոլորտում ապահովագրությամբ: Ընկերության բաժնետերերից մեկը Մանուշակ Երիցյանն է, որը ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանի կինն է: Սակայն 2013թ. հոկտեմբերի 1-ին «Գարանտ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ն լուծարվել է եւ պայմանագիր կնքել «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի հետ՝ միավորվելով նրան:
Եվ այսպես, կատարվածի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց ընդունել, որ երբեւէ դատարանում է հայտնվել. «Առաջին անգամ եմ լսում, ինչի՞ մասին է խոսքը, եւ Դուք եք առաջինն այդ մասին ինձ ասում: Ի՞նչ ապահովագրական ընկերություն, ի՞նչ գործ ունի նա ինձ հետ»:
Մեր այն հարցին, թե մեզ մոտ կան համապատասխան փաստաթղթեր, Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ երբեւէ ապահովագրական ընկերության հետ խնդիր չի ունեցել եւ դատարանի հետ էլ կապ չի ունեցել: Ինչպես երեւում է՝ իրականությունը հերքելը ՀՀԿ-ական պատգամավորի համար հոբբի է: Իրականությունից խուսափելու ձգտումը, սակայն, այս դեպքում անհարմար վիճակի մեջ է դրել Ավետիսյանին: Այնպիսի տպավորություն էր, թե պատգամավորի փոխարեն ուրիշ մեկն է նամակը ստացել եւ անձնական շահագրգռվածությամբ բողոքել դատարան, որ 50 հազար դրամը չվճարի: Այսպիսի հեքիաթի ո՞վ կհավատա:
Իսկ, ահա, «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունից մեզ տեղեկացրին. «Ապահովագրական ընկերությունը հաճախորդի հետ կնքած ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագրի ուժով, տեղի ունեցած պատահարի արդյունքում հատուցում է տուժողին պատկանող գույքին պատճառված վնասը: Հատուցման իրականացումից հետո ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի հիմքով Ընկերությունն իր կողմից հատուցված գումարի չափով ձեռք է բերում հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք, որը կարող է իրականացվել դատական կարգով»:
Երրորդ դասարանի երեխային ապահովագրական ընկերության գործառույթները բացատրող այս ընդհանրական պատասխանից կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել ավտոպատահար, ընկերությունը սկզբում փոխհատուցել է պատգամավորին կրած վնասի համար, սակայն ավելի ուշ պարզվել է, որ մեղավորը Սուքիաս Ավետիսյանն է եղել, դրա համար էլ ընկերությունը հետ է պահանջել իր փոխհատուցած գումարը: Բայց, ինչպես նկատում ենք, այդպես էլ արդյունքի չի հասել:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը մայիսի 16-ին գրել էր, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն էլ դատի էր տվել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը, որպեսզի ընկերությունը փոխհատուցի իր վթարված մեքենայի ծախսը: Այս գործով դատական նիստերը դեռեւս շարունակվում են, եւ հայտնի չէ՝ արդյո՞ք պատգամավորին կհաջողվի ստանալ իր հասանելիք գումարը, թե՞ ոչ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՐՏԱՇԱՏՑԻՆԵՐԻ ՈՒ ԳԱԶԻ ՀՈՎՈՅԻ ԵՐԱԶԱՆՔԸ
Երեկ պարզ դարձավ, որ Արտաշատի քաղաքապետի ընտրություններում ինքնառաջադրված, անկուսակցական ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հիմնական մրցակից համարվող Հովհաննես Ղազարյանը՝ Գազի Հովոն, հանելու է իր թեկնածությունը: Ի դեպ, այս մասին «Ժողովուրդ»-ը կանխատեսել էր դեռեւս մայիսի 20-ի իր համարում:
Մինչ Հովհաննես Ղազարյանի ինքնաբացարկին անդրադառնալը, նշենք, որ Գազի Հովոն «Գազպրոմ Արմենիա»-ի Արարատի մասնաճյուղի նախկին տնօրենն է, ով վարչապետի եւ նրա գերդաստանի հետ թշնամության պատճառով ստիպված եղավ մի որոշ ժամանակով Հայաստանից Ուկրաինա արտագաղթել: Հիշեցնենք, որ տարիներ առաջ Աբրահամյանի որդու ու նրա թիկնապահների եւ Գազի Հովոյի կողմնակիցների միջեւ վիճաբանություններ էին տեղի ունեցել: Ի դեպ, Գազի Հովոյին էին վերագրել նաեւ Ջոնիկ Աբրահամյանի դեմ իրականացված մահափորձը: Նա Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազգականն է: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը զրուցեց Հովհաննես Ղազարյանի հետ՝ հասկանալու, թե ինչու նա որոշեց պայքարի կեսից հետ կանգնել:
-Պարո՛ն Ղազարյան, տեղեկություն տարածվեց այն մասին, որ Դուք ինքնաբացարկ եք հայտարարում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը:
-Ճիշտ են ասում, հանում եմ:
-Ի՞նչն է պատճառը:
-Ես մտածում եմ, որ Արգամ Աբրահամյանն ավելի լավ քաղաքապետ կլինի: Քաղաքի համար շատ բան կանի: Նա ավելի երիտասարդ է: Այնպես է, որ մենք՝ արտաշատցիներս, երազում ենք լավ քաղաքապետ ունենալ ու կունենանք:
-Պարո՛ն Ղազարյան, մինչ այս, ակտիվ քննարկվում էր այն մասին, որ Դուք Աբրահամյանների երդվյալ թշնամին եք: Գուցե Ձեզ ճնշե՞լ են, որ հրաժարվեք, ինքնբացարկ հայտարարեք:
-Դուք հայտարարում եք, Դուք էլ՝ պատասխանում: Ես բազմիցս ասել եմ, որ մենք դեռեւս չորս տարի առաջ հաշտվել ենք, երեխաներն էլ են իրար հետ շփվում, մենք էլ: Դուք զոռով-զոռով ուզում եք, որ անպայման ընենց մի բան լինի, որ… Ձեր սիրտը վա՞տ բաներ է ուզում: Ասում եմ՝ հաշտվել ենք: Ամեն օր, օրական մի քանի անգամ կրկնե՞մ: Ուզում եք, որ բոլորն իրար սպանե՞ն: Սրո՞ւմ եք ամեն ինչ:
-Դուք նշեցիք, որ Արգամ Աբրահամյանն ավելի լավ քաղաքապետ կլինի: Դուք Ձեզ թերագնահատո՞ւմ եք: Ձեր ուժերի վրա վստահ չե՞ք:
-Ես իմ ուժերի վրա վստահ եմ, բայց հանգամանքներ կան:
-Ի՞նչ հանգամանքների մասին է խոսքը:
-Դուք պետք է հասկանաք, որ ավելի լավ կկառավարի Արգամ Աբրահամյանը, քան Հովհաննես Ղազարյանը: Եթե ես քաղաքին վերաբերող հարցեր ներկայացնեմ, որոնք պետք է լուծվեն, ապա դրանցից կարող է մեկ-երկուսը լուծվի, մյուսները՝ ոչ: Իսկ նրա դեպքում բոլոր հարցերն էլ կլուծվեն: Լոգիկա է: Ինչո՞ւ եք ուզում, որ անպայման ես իմ բերանով ասեմ, Դուք չե՞ք հասկանում դա:
-Դա կապվա՞ծ է իր հոր՝ վարչապետի զբաղեցրած դիրքով:
-Ամեն ինչն էլ մեկը մյուսի հետ կապված է: Անպայման ուզում եք, որ իմ բերանով ասեմ: Մի քիչ էլ Դուք մտածեք ու կհասկանաք, որ ես ճիշտն եմ ասում:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԴԵՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ պատգամավոր Կարեն Բոթոյանի աները՝ Սերյոժա Մանուկյանը, որ առավել հայտնի է Շինանյութի Սերգեյ անվամբ, դիմել է դատարան: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «ԵՎՐՈՊԱ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Սերյոժա Մանուկյանն է, դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով բնակարաշինությամբ զբաղվող «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ից հօգուտ իր ընկերության բռնագանձել 355 հազար դոլար: Ավելին՝ գործով դատավորը վճռել է բավարարել հայցի պահանջը եւ «Լեւոն Ամիրխանյան» ընկերությանը պարտադրել, որ վճարի վերը նշված գումարը: Սակայն այդ հայցի քննվելուց մեկ տարի էլ չանցած` 2015թ փետրվարի 16-ին, «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանն իր առանձնատանը ինքնասպան եղավ, եւ նրա ընկերության պարտքերի գանձումն այլեւս այդքան էլ հեշտ գործ չէ, նույնիսկ եթե առկա է անգամ համապատասխան վճիռ:
ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտարարեց միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելլիկ Հարությունյանի սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատման մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նելլիկ Հարությունյանն ասաց, որ հրամանից հետո նոր աշխատանք է փնտում: Ըստ նրա՝ իր համար այդպես էլ անհասկանալի մնաց տեղի ունեցածի պատճառը: «Առաջարկներ կան, ընտրում եմ ամենահարմարը եւ հնարավորինս շուտ ցանկանում եմ նոր աշխատանքի անցնել»:
Հարցին, թե արդյո՞ք դատախազի հետ հանդիպել է՝ պարզաբանում ստանալու եւ հասկանալու համար, թե ինչու են որոշել իրենից ազատվել, Նելլիկ Հարությունյանն ասաց, որ ինքը դատախազի բացատրության կարիքը չունի: «Նախաձեռնությունն իմն է, դիմումը ես եմ գրել, գործընկերական հարաբերություններ են, որոնք մի օր սկիզբ են առնում եւ մի օր էլ վերջանում: Կարծում եմ, որ սա աշխարհի վերջը չէ, յուրաքանչյուր բաժանում նոր հանդիպման սկիզբն է»,- ասաց Հարությունյանը:
ՊԱՐՏՔԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2014 դեկտեմբերի 17-ին, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սամվել Մարգարյանի որդին` 26-ամյա Սուրեն Մարգարյանը, բազմաթիվ պարտքեր է ունեցել: Ըստ նույն լուրերի՝ նա ընտանիքի անդամներից պարբերաբար գումար է ուզել, բայց չի ասել, թե ինչ նպատակով: Արդյո՞ք պարտքերը կարող էին ինքնասպանության առիթ եւ պատճառ դառնալ, դեռեւս հայտնի չէ, եւ այս գործով նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեում դեռ շարունակվում է:
Հիշեցնենք, որ երիտասարդը, մինչ դեպքը, բաց նամակ էր գրել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին եւ օմբուդսմենին` խնդրելով օգնել իրեն պաշտպանվել ապօրինություններից եւ իր կյանքին սպառնացող վտանգներից, սակայն ապարդյուն: