Երեւան քաղաքի բնակիչ, 1973թ. ծնված Սոս Բաղդասարյանը 2014թ. մայիսի 29-ին բենզասղոցով հատել է 645 հազար դրամ սակագնային արժեքով անտառային ֆոնդի եւ բնության հատուկ պահպանվող տարածքներ համարվող, Դիլիջան քաղաքի վարչական տարածքում գտնվող, ընդհանուր 8 հատ թաց, կանգուն սոճի տեսակի ծառեր: Այս կերպ նա պետությանը պատճառել է 3 միլիոն 225 հազար դրամի նյութական վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով (Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որը կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում, խոշոր վնաս պատճառելով): Սույն քրեական գործով դատավարությունը կայացել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, նստավայրը՝ Բերդ քաղաք: Մինչ դատաքննությունը սկսելը, Ս. Բաղդասարյանը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն: Նա հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքը համաձայն է դրա հետ: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը:
2015թ. մայիսի 20-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Զոյա Զաքինյանը Ս. Բաղդասարյանին մեղավոր է ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ նրան դատապարտել ազատազրկման մեկ տարի, ութ ամիս ժամկետով: Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ Ս. Բաղդասարյանը նախկինում շորթման համար դատապարտվել է, այդ պատժաչափից դեռ պետք է կրեր: Սոս Բաղդասարյանը Դիլիջանում սոճիներ հատելու համար նաեւ մի այլ կերպ է պատժվել: Դիլիջան քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Արամ Խաչատրյանը՝ տեղեկանալով, որ Սոս Բաղդասարյանը Դիլիջանում անօրինական կերպով ծառեր է հատում, զայրացած, իր հետ վերցնելով 12 մմ տրամաչափի «ՏՕԶ-34» որսորդական հրացանը, իր «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով մեկնել է Դիլիջանի Խորհուրդների փողոցի 40 տան մոտ:
Ա. Խաչատրյանը, տեսնելով կտրված ծառերը, թափված գերանները, հայհոյանքներ է հնչեցրել Ս. Բաղդասարյանի հասցեին եւ մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ կրակել է Ս. Բաղդասարյանի աջ ոտքին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր վնաս: 2015թ. փետրվարի 6-ին Իջեւանում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Ա. Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման: Ա. Խաչատրյանի պաշտպանն այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: Ներկայումս այդ բողոքը քննվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԳՅՈՒՄՐԻՆ ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ
Այս օրերին Գյումրու փողոցներում կարելի է հանդիպել երիտասարդների, ովքեր մոտենալով պատահական անցորդների՝ կոչ են անում. «Միացե՛ք եւ Դուք, գնե՛ք թեկուզ մեկ տոմսակ եվ դրանով Ձեր ներդրումն ունեցեք այս գաղափարին: Բացիկի արժեքն է ընդամենը 500 դրամ»:
Այս նախաձեռնության հեղինակների նպատակը մեկն է՝ Գյումրիում ստեղծել կինոկենտրոն, որի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում, այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց կինոկենտրոնի ստեղծման գաղափարի հեղինակ, ռեժիսոր Սերգեյ Հայրապետյանը:
«Կինոկենտրոնը կարող է ֆինանսական շահույթ չապահովի, քանի որ աշխատելու է ոչ կոմերցիոն ֆիլմերի հետ: Մարդիկ ցանկություն ունեն ստեղծագործել կինոարվեստի բնագավառում, հնարավորություն կստանան ստեղծագործելու: Կան ռեժիսորներ, սցենարիստներ, ունեն իդեաներ, որոնք չեն կարող իրագործել, դա ավելի շատ վերաբերում է երիտասարդներին, քանի որ ֆինանսական միջոցներ են պետք` լույսեր, ձայնային տեխնիկա, տեսախցիկներ եւ այլն: Կինոկենտրոնն այդ հնարավորությունը կարող է տալ, կենտրոնը կտրամադրի տեխնիկա, մարդկային ռեսուրսներ»,-մեզ հետ զրույցում մանրամասնեց Սերգեյ Հայրապետյանը՝ ավելացնելով, որ Գյումրին այսօր ունի կինոկենտրոնի անհրաժեշտությունը, քանի որ կա հիանալի ստեղծագործող սերունդ, իսկ այդ սերունդը մեր երկրում ստեղծագործելու շատ սահմանափակ պայմաններում է հայտնվել, ստիպված շատերը թողնում են երկիրը, քաղաքը կամ զբաղվում առեւտրով:
Ի դեպ, նկատենք, որ հետաքրքրվածությունը բավականին մեծ է, եւ ինչպես Սերգեյ Հայրապետյանն ասաց` հաճելիորեն զարմացած են, քանի որ գաղափարի իրագործմանը միանում են տարբեր խավերի եւ տարբեր տարիքի մարդիկ` ուսանողներ, մտավորականներ, դասախոսներ, առեւտրականներ, վարորդներ, շարքային քաղաքացիներ, պաշտոնյաներ եւ գործարարներ:
Իսկ այն տեղեկություններին, թե Գյումրիում առավել հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ կան, քան կինոկենտրոնի գաղափարը, ու կարելի է այլ ծրագրերի մասին մտածել, որը գյումրեցիներին ավելի շատ օգուտ կբերեր, ռեժիսորը պատասխանեց. «Ես իմ ոլորտից ուշացած մի գաղափար եմ փորձում իրագործել, բոլոր ոլորտներում եթե նախաձեռնողներ ունենայինք, կունենայինք համաչափ զարգացած քաղաք»: Մեր զրուցակիցը վստահ է, որ իրեն աջակցողների դեպքում իրենք շատ շուտ կունենան այն, ինչը տարիներ շարունակ գյումրեցիները երազել են:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի