ԿՈՐՑՆՈՂԸ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ Է ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնորոշելով հայրենի կառավարությանը «անգործունակներ» եզրույթով՝ հաշվի չէինք առել նրանց գործունեության հիմնական նպատակը՝ որքան հնարավոր է շատ փող պոկել աշխատավոր քաղաքացուց եւ պետական բյուջեից: Տիգրան Սարգսյանի կառավարության հերթական «բարեփոխումը» վերաբերում է կենսաթոշակների ոլորտին, ինչը բնութագրվում է որպես անհրաժեշտ ու ժողովրդանպաստ:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է այդ ոլորտում գրեթե ամբողջությամբ կատարել համակարգային փոփոխություններ, հարվածում է քաղաքացու գրպանին ու ժամանակավրեպ է՝ հաշվի առնելով Հայաստանում հաստատված տնտեսական պայմանները: Ըստ այս օրենքի՝ մինչեւ 40 տարեկան յուրաքանչյուր քաղաքացի ինքն է կուտակելու իր կենսաթոշակը: Քաղաքացին իր աշխատավարձի 5 %-ը փոխանցելու է համապատասխան հիմնադրամում իր համար բացված անհատական հաշվին, պետությունն էլ իր հերթին է նույն չափով գումար հատկացնելու: Քաղաքացին կարող է այդ գումարը տնօրինել երեք դեպքում. կա՛մ 63 տ. լրանալուց հետո, կա՛մ այլ երկիր տեղափոխվելու, կա՛մ էլ անաշխատունակության պարագայում:
Իշխանությունների առաջ քաշած հիմնավորումների շարքում առաջինը թերեւս մտահոգությունն է քաղաքացիների ապագայի մասին: Ֆինանսների փոխնախարար Վ. Արամյանը պնդում էր, թե այս համակարգը նոր մշակույթ է սերմանելու հասարակության մեջ, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք ինքը պիտի մտածի իր ապագայի մասին եւ դրա համար կատարի խնայողություններ իր աշխատելու ժամանակ: Ստացվում է, որ կառավարությունը խստաբարո ծնողի նման բռնում է քաղաքացու ձեռքից՝ արգելելով ծախսել սեփական աշխատավարձը եւ պարտադրում խնայել «նեղ օրերի համար»: Ավելին, օրենքով նախատեսվում է 2014թ. այս գործընթացը դարձնել պարտադիր եւ ստիպել մարդուն կուտակել սեփական կենսաթոշակը:
Նոր կենսաթոշակային համակարգի հայաստանյան մոդելի հեղինակներն իրենց բացատրության մեջ շեշտում են այն հանգամանքը, թե իբր կենսաթոշակային խնայողությունները ներդրվելու են արժեթղթերում՝ բաժնետոմսերում, պարտատոմսերում, բանկերում ավանդների տեսքով եւ այլն: Ներկայում յուրաքանչյուր ոք կարող է գնալ բանկ եւ իր անձնական խնայողությունները ձեւակերպել որպես ավանդ: Այս օրենքով բանկին ավանդ հանձնելը դառնում է պարտադիր ակտ: Քաղաքացին իր աշխատավարձից 5 % պետք է տա մասնավոր կազմակերպությանը, որպեսզի նա շրջանառի այդ գումարը, ծաղկեցնի սեփական բիզնեսը՝ անվանելով դա քաղաքացու ավանդի ավելացում: Աշխատավորի գումարը բանկը վերցնելու է ու ծառայեցնի սեփական կարիքների բավարարման ուղղությամբ: Քաղաքացուն մնում է հուսալ, որ տնտեսական ճգնաժամ չի լինի, իր կողմից վստահված բանկը չի սնանկանա, երկրում ֆորս-մաժոր չի ստեղծվի, եւ ինքը 25-30 տարի հետո կկարողանա բարեկեցիկ ապրել կուտակած գումարով ու դրա վրա գոյացած տոկոսներով:
Այս մոդելը հիշեցնում է խորհրդային ավանդային համակարգը: Մարդիկ իրենց խնայողությունները հանձնում էին խնայդրամարկղերին՝ հետագայում դրանցով ապրելու հույսով: Նույնն էլ ծրագրվում է հիմա՝ աշխատավարձից պարտադիր պահում կատարել հետո վերադարձնելու հույսով: Բայց բոլորն են հիշում, թե ինչ եղավ խորհրդային ավանդների հետ: Երկիրն ապրեց տնտեսական խորը ճգնաժամ, ռուբլին արժեզրկվեց, ԽՍՀՄ-ը քանդվեց, առանձին հանրապետություններում ստեղծվեցին ազգային արժույթներ, իսկ քաղաքացիների ավանդները հնարավոր չեղավ վերադարձնել, ու հազարավոր մարդիկ զրկվեցին իրենց «կուտակային ապագան» վայելելու հնարավորությունից: Մինչդեռ որքա՜ն գեղեցիկ ու գայթակղիչ էր խորհրդային ավանդային մոդելը: Մի՞թե որեւէ մեկը հայրենի կառավարությունից կարող է երաշխավորել, որ նման իրավիճակ այլեւս չի լինի: Ի վերջո, այն, որ տնտեսական անհաջողությունների հավանականություն կա, փաստվում է անգամ ԱԺ-ում այս օրենքի քննարկումների ժամանակ` պաշտոնյաների խոսքում:
Այսպես. պարզվում է, որ այդ գումարները կարող են կորսվել կենսաթոշակային ֆոնդերի սնանկացման եւ նմանօրինակ այլ անհաջողությունների պատճառով: Եւ պատկերացրե՛ք՝ պետությունը հանդես է գալիս երաշխավորի դերում՝ խոստանալով անհաջող ելքի դեպքում բյուջեից փոխհատուցել քաղաքացիներին: Հարց է առաջանում. իսկ այդ նույն պետբյուջեն արդյո՞ք չի գոյանում նույն այդ քաղաքացիների վճարած հարկերից: Ստացվում է մի ցնցող իրավիճակ, երբ մեր աջ գրպանից գումար վերցնելով ու դա տալով մասնավոր կազմակերպություններին (դրանք հիմնականում պատկանում են օլիգարխներին ու բարձրագույն պաշտոնյաներին)՝ անհաջողության դեպքում պետությունը մեր ձախ գրպանի գումարը կդնի աջում եւ կհամարի վնասը փոխհատուցված: Իսկ ո՞վ շահեց այս դեպքում. իհարկե խոշոր բիզնեսը, օլիգոպոլիաներն ու մոնոպոլիստները, որոնք մեր աշխատավարձի մի մասը կներդնեն սեփական բիզնեսի մեջ՝ նույնիսկ տնտեսական անհաջողությունների դեպքում ոչինչ չկորցնելով: Կորցնողը լինելու է միայն ու միայն քաղաքացին:

շարունակելի
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս