ԵՄ-ն Ղարաբաղի հարցում աջակցում է Մինսկի խմբին. Կարեն Նազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանից հետաքրքրվեց Ռիգայի գագաթնաժողովում ընդունված հռչակագրի մասին: Արամ Մանուկյանը նախ նշեց, որ այդ հռչակագրում խոսք է գնում Ուկրաինայի հետ եռակողմ ձևաչափով բանակցությունների և հարաբերությունների մասին և հետաքրքրվեց, թե Հայաստանի դեպքում ինչպես է դա հնարավոր:

«Ես չեմ բացառում որևէ այլ ձևաչափով բանակցությունների հավանականությունը, քանի որ ԵՏՄ-ի փաստաթուղթը եթե նայենք, արգելքներ գոյություն չունեն: Եվ կանխատեսումներ անելուց պետք է հենվենք այն իրավական դաշտի վրա, որն առկա է ԵՏՄ-ից հետո և ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելուց առաջ», – նշեց Նազարյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էլ հետաքրքրվեց, թե Ռիգայի գագաթաժողովից հետո ինչ առաջընթաց է սպասվում Լեռնային Ղարաբաղի հարցում:

Ի պատասխան Կարեն  Նազարյանը նշեց, թե ԵՄ-ն արտահայտել է կոնսոլիդացված մոտեցում, որով աջակցում են Մինսկի խմբի ջանքերին և տեսնում հարցի լուծումը հենց նրանց կողմից արված հայտարարությունների հիման վրա: Նազարյանը նշեց, որ նման ձևակերպումներ ԵՄ-ի կողմից նախկինում էլ են եղել:

Վահան Բաբայանը նաև հետաքրքրվեց, թե հայկական կողմից ով է ստանձնելու ԵՄ հետ բանակցությունների մանդատը: Ի պատասխան Նազարյանը նշեց, թե նախկինում դա ստանձնել է Արտաքին գործերի նախարարությունը և հույս հայտնեց, որ այդ հարցում փոփոխություններ չեն լինի:




Լրահոս