ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Սոֆիայում մայիսի 27-ից 29-ն անցկացվող վերարտադրողական և սեռական առողջության խնդիրներին վերաբերող տարածաշրջանային համաժողովին հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է վերջին տասնամյակում մեր երկրում իրականացված բարեփոխումներին:
«Արդեն անցել է 15 տարի, այն ժամանակվանից, երբ Հազարամյակի հռչակագրում հստակ ձևակերպված էր ապագայի համարձակ տեսլականը և դրված էին մարդկանց գոյության և առողջության բարելավման հստակ նպատակներ»,- նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` նշանակալի առաջընթաց կա դրված բոլոր նպատակներին հասնելու հարցում:
«Վերջին տարիներին մայրական մահացության ինդեքսը տատանվում է 15-20-ի միջակայքում: Ինչպես ցույց է տալիս մայրական մահացության վերլուծությունը, դրա հիմնական պատճառներից են մանկաբարձական արյունահոսությունը, էմբոլիան, այլ խանգարումներ»,- ասել է Արմեն Մուրադյանը` հավելելով, որ մայրական մահացության 30 տոկոս դեպքերի պատճառը վերարտադրողական հիվանդություններն են:
«Պետք է նկատեմ, որ Հայաստանում վերջին 8 տարիներին չի արձանագրվել հղիության արհեստական ընդհատմամբ և թարախային բարդություններով պայմանավորված որևէ դեպք: Այս գործում մեծ դեր են խաղացել այնպիսի ծրագրերը, ինչպիսին եք մանկաբարձական անհետաձգելի օգնության ծառայությունը, մանկաբարձագինեկոլոգիական մոբիլ բրիգադը, մայրական մահացության և կրիտիկական դեպքերի վերլուծությունը ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած մանկաբարձագինեկոլոգիական խորհրդի կողմից»,- ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարը:
Նա նշել է նաև, որ ներկա փուլում միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվում են որակավորված բժշկական օգնություն ստանալուն, ընտանիքի պլանավորմանն ուղղված աշխատանքներ:
«Վերջին տասնամյակում Հայաստանի առողջապահական համակարգում իրականացվում են բարեփոխումներ, որոնք էականորեն արտացոլվել են հիմնական ցուցանիշների վրա»,- շեշտել է Արմեն Մուրադյանը:
Մասնավորապես` քայլեր են ձեռնարկվել օրենսդրական դաշտի, բժշկական հաստատությունների օպտիմալացման և գործունեության արդյունավետության բարձրացման, ռազմավարությունների մշակման ուղղությամբ:
Անդրադառնալով Հայաստանում ընդունված և հաստատված ռազմավարություններին և ծրագրերին` նա հատուկ ընդգծել է 2008 թվականի հուլիս 1-ից Ծննդօգնության հավաստագրի ներդրման ծրագրին: Երաշխավորված բժշկական փաստաթուղթը, նրա գնահատմամբ, հղիության և ծննդաբերության ընթացքում պետական նպատակային ծրագրերի շրջանակում հնարավորություն է ընձեռում անվճար բուժօգնություն և սպասարկում ստանալու: