Հրապարակ. ԲՀԿ-ական էլիտան Կարեն Կարապետյանին համոզում է նախագահի թեկնածու կամ վարչապետ դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե այս օրերին Մոսկվայում է գտնվում ԲՀԿ-ական-քոչարյանական թեւի էլիտան, որի նպատակն առաջիկա նախագահական ընտրություններում վերջնական կողմնորոշվելն է: Մեր տեղեկություններով, նրանք փորձում են համոզել “ՀայՌուսգազարդի” նախկին տնօրեն Կարեն Կարապետյանին` համաձայնել դառնալ նախագահի թեկնածու կամ ստանձնել վարչապետի պաշտոնը: Սակայն մոսկովյան մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանը չի համաձայնում: “Նա նման ամբիցիաներ երբեք չի ունեցել, մշտապես աշխատել է հեռու մնալ հայաստանյան քաղաքական դաշտից”,- տեղեկացրին մեզ:
Քննարկվո՞ւմ է նման սցենար ԲՀԿ-ում, եւ ինչո՞ւ է մեկնել Ծառուկյանը Մոսկվա՝ հարցրինք ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին: “Պարոն Ծառուկյանի այցը Մոսկվա բացառապես պայմանավորված է մրցանակաբաշխությանը մասնակցությամբ. տեղյակ եք` նա հռչակվել է “Տարվա մարդ”` հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական, քաղաքական, տնտեսական, մշակութային ամրապնդման գծով: Եվ եթե պարոն Ծառուկյանի այցն ունենա պետական, քաղաքական, հասարակական այլ նշանակություն, մենք այդ մասին հավելյալ կտեղեկացնենք”,- ասաց նա:




Լրահոս