ԼՂՀ Գերագույն դատարանը հրապարակեց ադրբեջանցի դիվերսանտների գործով վճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ԼՂՀ Գերագույն դատարանը դռնբաց դատական նիստում, վճռաբեկության կարգով քննության առնելով անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի դատապաշտպաններ՝ Էրիկ Բեգլարյանի և Արկադի Իսրայելյանի վճռաբեկ բողոքները, վճռել է ուժի մեջ թողնել ԼՂՀ Վերաքննիչ դատարանի 2015 թվականի մարտի 10-ի որոշումը: Այդ մասին հայտնում է Արցախպրեսը:

Դատական նիստը վարում էին դատավորներ Արսեն Հայրապետյանը և Գայանե Գրիգորյանը՝ Վոլոդյա Հովսեփյանի նախագահությամբ, ով հրապարակելով Գերագույն դատարանի, վճիռը նշեց, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Դ. Ասքերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ դատական բողոքարկման բոլոր հնարավորությունները օգտագործվել են, իսկ ԼՂՀ նախագահին ներման խնդրագրով դիմելու հնարավորությունն օգտագործելու հարցում իր պաշտպանյալը դեռ չի կողմնորոշվել:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների վճիռներով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:




Լրահոս