Տիգրան Սարգսյանը դեսպան դառնալուց հետո հասկացա՞վ, որ ուրիշի գույքը խլելու մեջ մեղադրվելը վատ բան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը հայտնի «Օֆշորային գործով» տուժող գործարար Փայլակ Հայրապետյանի դեմ դատական հայց է ներկայացրել եւ պահանջում է նրանից 1 մլն դրամ բռնագանձել` իբր թե իրեն զրպարտելու համար:

Պարզվում է՝ դեռեւս 2015թ. ապրիլի 27-ին Տիգրան Սարգսյանը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին shamshyan.com լրատվական կայքի միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաեւ՝ պատասխանողից հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն դրամ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Նշված լրատվական կայքի հրապարակման համաձայն՝ Փայլակ Հայրապետյանը կայքի լրագրողին պատմել էր, որ իր ունեցվածքը խլելու նպատակով խարդախության սցենարը սկսել է գործել դեռ 2009թ-ին` էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն է եղել: «23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի` Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 մլնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով` ադամանդի հումքով, իսկ 100 մլն-ի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել: Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խարդախությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում` Սիրերա Լեոն պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի»,- պատմել է Փայլակ Հայրապետյանը: Վերջինս նաեւ ասել էր, որ այն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանի բանկային հաշվին փոխանցվել է 7 միլիոն եւ 500 հազար դոլարը: Ուստի գործարարը հարց է բարձրացրել, որ ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պետք է վերադառնա Հայաստան, պարզաբանի, թե այդ գումարները ի՞նչ է արել: Փոխարենը Տիգրան Սարգսյանը վերադարձել է եւ Փայլակ Հայրապետյանի դեմ հայց ներկայացրել: Նախկին վարչապետն իր հայցում նշել է, որ Փայլակ Հայրապետյանի նշած գումարը ինքը չի ստացել: Ավելին՝ հայցադիմումում նշվել է, որ Տիգրան Սարգսյանը 7.5 մլն դոլար որեւէ մեկից չի ստացել, երբեւէ չի մասնակցել Հայրապետյանի կողմից նշված ոսկու գնման գործընթացին, հոդվածում նշված ծավալների ոսկի չի ստացել, ինչպես նաեւ ներկա չի եղել Փայլակ Հայրապետյանի նշած 2009թ. էկոնոմիկայի նախարարությունում Ներսես Երիցյանի հետ հանդիպմանը:

Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ Տիգրան Սարգսյանին հասցեագրված բոլոր մեղադրանքները, որոնք տեղ են գտել վերը նշված կայքի հրապարակման մեջ, հնչում են դեռեւս 2013 թվականի մայիսից, սակայն Տիգրան Սարգսյանը միայն այժմ է դիմում դատարան` հայտարարելով, որ Փայլակ Հայրապետյանն իրեն զրպարտում է:

Հիշեցնենք, որ առաջին անգամ 2013 թվականին գործարար Փայլակ Հայրապետյանը հայտարարեց, որ իր ունեզրկման ակունքներում կանգնած են ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Արարատյան» թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ գործարար Աշոտ Սուքիասյանը: Այդ մասին հրապարակումները եւ Փայլակ Հայրապետյանի բոլոր հայտարարությունները Տիգրան Սարգսյանն անտարբերության էր մատնում: Այս ընթացքում միակ փոփոխությունն այն հանգամանքն է, որ ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է «օֆշորի» քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում խարդախության մեղադրանք է առաջադրվել միայն Աշոտ Սուքիասյանին:

Կարելի է կարծել, որ Տիգրան Սարգսյանը սպասել է քրեական գործի նախաքննության ավարտին, որպեսզի ապահով լինի, որ պաշտոնապես իր հետ կապված ոչ մի փաստաթուղթ ի հայտ չի գա, դրանից հետո նոր միայն համարձակվել է դիմել դատարան: Հակառակ դեպքում, եթե նա այն ժամանակ դիմեր դատարան, հանկարծ ու նրա դեմ փաստաթղթեր ի հայտ գային… Հայրապետյանի ասածները փաստաթղթերով ապացուցվելու դեպքում Տիգրան Սարգսյանը ոչ միայն դեսպան չէր կարողանա դառնալ, այլեւ նույնիսկ դեսպանատան պահակի պաշտոնին էլ չէր կարող հավակնել:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնից հեռացավ 2014 ապրիլի 3-ին, իսկ հունիսի 26-ին նշանակվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատարանում նախկին վարչապետի լիազոր ներկայացուցիչ արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ չի թաքցնում՝ պարզապես չգիտի, թե ինչու է Տիգրան Սարգսյանը նոր որոշել դատի տալ Փայլակ Հայրապետյանին:

Իսկ արդյո՞ք Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւս պատրաստվում է դիմել դատարան` հերքում եւ 1 միլիոն դրամ փոխհատուցում պահանջելու, իրեն զրպարտելու համար: Կճոյանը պատասխանեց.«Չէ, դատի չեմ տալու, քանի որ հոգեւորական եմ, եւ իմ հասկացողությունները տարբերվում են: Ես պարզապես այդպիսի անհեթեթություններին փորձում եմ չպատասխանել, այսքանը»: Ի դեպ, երեկ մեզ չհաջողվեց կապվել Փայլակ Հայրապետյանի հետ եւ նրանից մեկնաբանություն ստանալ:

Քնար Մանուկյան




Լրահոս