
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ: Նախատեսվում է նաեւ հանդիպում Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ: Պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Լիոն, որտեղ հանդիպում կունենա քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ, այնուհետեւ Ֆրանսիայի խոշորագույն արդյունաբերական շրջաններից մեկի՝ Ռոն-Ալպ շրջանի առեւտրաարդյունաբերական պալատում կհանդիպի Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Ավարտելով պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն՝ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի մեկշաբաթյա արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում: