Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից երեկ՝ նոյեմբերի 8-ին, Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի փաստով պարզվել է մահացած անձանց ինքնությունները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ “Ֆոլցսվագեն Գոլֆ” մակնիշի 03 ՏՏ 802 համարանիշի ավտոմեքենան, որը “Էլբա” ռեստորանային համալիրի դիմաց բախվել էր էլեկտրասյանը, վարել էր Վարդանանց 5ա շենքի բնակիչ, 54-ամյա Վարդան Նադարյանը: Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևոր, նույն հասցեի բնակիչ Հակոբ Նադարյանը, ում տարիքը պարզվում է, տեղում մահացել էր: Իսկ Վ. Նադարյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: Գ. Շամշյանը հայտնում է, որ Վ. և Հ. Նադարյանները եղբայրներ էին: Վ. Նադարյանը աշխատում էր Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲԸ-ում՝ որպես պահեստապետ: նրան Երևանում ճանաչում էին որպես “բոքսի հայաթի” Նադալ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եղբայրները Երևան էին վերադառնում Աբովյան քաղաքից, որտեղ մասնակցել էին թաղման արարողության:
Ինչպես երեկ՝ նոյեմբերի 8-ին, հայտնել էր Գագիկ Շամշյանը, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, “Ֆոլցսվագեն Գոլֆ” մակնիշի 03 ՏՏ 802 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել երկու հոգու, որոնցից մեկը մահացել է տեղում մյուսը՝ հիվանդանոցում: