Oրեր առաջ ԱԺ պետական-իրավական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստում քննարկեցին 2014-ի պետական բյուջեի կատարողականը: ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց գործադիրի աշխատակազմին հատկացված միջոցների ծախսման հաշվետվությունը: Իսկ պատգամավորները նրան ուղղված հարցերով փորձում էին պարզել, թե ինչու է Կառավարությունը նման ճգնաժամային պայմաններում ահռելի գումարներ ծախսել «ուտուշ-խմուշների» համար:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ՀՀ Կառավարությունը չի անցնում տնտեսման արտակարգ ռեժիմի, երբ Հայաստանում 1 մլն աղքատ բնակչություն կա: «Ներկայացուցչական բազմաթիվ ծախսեր, ավտոմեքենաներ, չհաշված ընդունելություններ, ընթրիքներ, ֆուրշետներ: Մի՞թե հնարավոր չէր դրանք կրճատել»,- հարցրեց պատգամավորը:
«Արտակարգ տնտեսման ռեժիմը միշտ պետք է լինի, որովհետեւ երբեւէ որեւէ երկիր չի կարող ունենալ այնքան փող, որ գոհ լինի: Բայց դա չպետք է դառնա ծայրահեղ: Եթե խոսքը վերաբերում է արարողակարգային միջոցառումներին, չեմ կարծում, որ այդտեղ տնտեսումներ պետք է անել: Փորձս է ցույց տալիս, որ նման դեպքերում տնտեսումը բերում է հակառակ արդյունքի, կորուստների: Իհարկե, տնտեսումներ անհրաժեշտ են: Մենք իրականում մեքենա ձեռք չենք բերել անցյալ տարվա ընթացքում: Կարծում եմ, Դուք դա պետք է ողջունեիք, պետք է ասեիք՝ ես ուրախ եմ, որ, ի տարբերություն նախորդ տարիների, անցյալ տարի ձեռք չեք բերել»-հայտարարեց Դավիթ Հարությունյանը: Սակայն ըստ պատգամավորի՝ ինքն ուրախանալու որեւէ բան չի տեսնում, ու իրականում հասարակությունն այսօր շատ ծանր պայմաններում է ապրում, որին գումարվում է նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացումը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է նա գնահատում Կառավարության մեկ տարվա գործունեությունը: Հարությունյանը հրաժարվեց գնահատել իր աշխատանքը՝ նշելով, որ իր կողմից սխալ է գնահատական տալ իր գործունեությանը:
-Պարո՛ն Հարությունյան, ՀՀ Կառավարության նախորդ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուշագրավ հայտարարություն էր արել, մասնավորապես նշել էր, թե «Նման դատարկ խոսակցություններին պետք է վերջ տրվի, այն, որ տնտեսական անկում ենք ունենալու: Որոշ քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժերի այն ցանկությունը, թե Կառավարությունը կձախողվի, եւ տնտեսական անկում կարձանագրվի, չի իրականանալու»: Ովքե՞ր են այն ուժերը, մարդիկ, ովքեր ցանկանում են ձախողել Ձեր Կառավարությունը, կա՞ն նման մարդիկ:
-Իհարկե, կան մարդիկ, որոնք… խոչընդոտել, ես կարծում եմ, որ վարչապետը նկատի չի ունեցել, որ ուղղակի խոչընդոտում են Կառավարության աշխատանքին, այլ տեղեկատվական ապատեղեկատվությամբ փորձում են խոչընդոտել:
-Բայց կոնկրետ այս ընթացքում ի՞նչ է արվել՝ Ձեր աշխատանքները խոչընդոտելու համար, տեսակետ կա, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության «ձախողումները» փորձում է այդ կերպ մեղքը ուրիշների վրա գցել:
-Ես պատասխանեցի Ձեր հարցին ու կարծում եմ, որ Ձեր որակումները սխալ են: Ես արդեն նշեցի, որ սխալ տեղեկատվություն տարածելով է այդ ամենն արտացոլվում:
-Օրինակ՝ Կառավարությունն այդպես էլ չկարողացավ խոստացած տնտեսական աճն ապահովել, դա Կառավարության ձախողումը չէ՞, դրա համա՞ր է ՀՀ վարչապետը արդարացումներ փնտրում՝ ուրիշներին մեղադրելով:
-Ես կարծում եմ, որ թվերն ավելի խոսուն կլինեն, ու սպասեք մի քիչ եւ թվերի հիման վրա կհամոզվեք, որ դա այդպես չէ: Մոտեցումը շատերի մոտ հոռետեսական է:
-Կառավարությունը տնտեսական աճ կանխատեսել էր 5.3 տոկոս, սակայն այսօր պաշտոնապես արձանագրվում է 3.4 տոկոս տնտեսական աճ, այդ թվերն ավելի խոսուն չե՞ն:
-Չէ, չէ, դա խոսուն չէ, հակառակը՝ սա խոսուն է, որ հաջողվել է 3.4 տոկոս ապահովել, որովհետեւ բոլորի կանխատեսումները, ուզում եմ Ձեզ հիշեցնել՝ նաեւ միջազգային կառույցներինը, եղել են բացասական, որ չի լինելու աճ, այլ կլինի հակառակը՝ հետընթաց:
-Այսօր Հայաստանի պետական բյուջեում խնդիրներ կան, քանի որ ծախսերը շատ են, իսկ բյուջե քիչ են գումարներ մուտքագրվում, այսինքն՝ բյուջեն «ճեղքվածք» է տվել: Կա՞ իրականում նման բան:
-Իհարկե, կա:
-Իսկ ի՞նչ է անում դրա համար ՀՀ Կառավարությունը, ինչո՞ւ է նման «ճեղքվածքներ» առաջացել:
-Փորձում է անել առավելագույնը, որպեսզի ճեղքվածքը վերացնի:
–Գործարարներին տուգանելո՞վ, նրանց բիզնեսներից գումար «պոկելո՞վ» է որոշել ՀՀ Կառավարությունը բյուջեի այդ «ճեղքվածքները» փակել:
-Եթե գործարարը խախտում է կատարում, ապա` այո՛: Ապօրինի որեւէ տուգանք գանձելու դեպքում մենք լրացուցիչ մեխանիզմներ ենք անգամ ստեղծել. վարչապետի գլխավորությամբ բողոքարկման հանձնաժողով ենք ստեղծել, այնպես որ, մենք լրացուցիչ պաշտպանիչ մեխանիզմներ ենք ստեղծել, որպեսզի նման դեպքեր տեղի չունենան:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ