Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նոյեմբերի 9-ին պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպել էին անվարձահատույց արյունատվության միջբուհական ակցիա, որին մասնակցում էին պետական և ոչ պետական բուհերի ուսանողներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն արդեն 10 տարի է՝ իրականացնում է անվարձահատույց արյունատվության ակցիաներ։
“Այս ակցիան երկու կարևորագույն նշանակություն ունի. նախ հետազոտվում է երիտասարդների արյունը, առողջական վիճակը, եթե կան խնդիրներ, դրանց մասին տեղեկանում ենք և համապատասխան ընթացակարգով իրականացնում ենք բուժական պրոցեսը։ Բացի այդ, նման անվարձահատույց ակցիայով կարողանում ենք օգտակար լինել մարդկանց, ովքեր արյան բաղադրամասերի կարիք ունեն”,- նշում է Կարեն Ավագյանը և ավելացնում, որ եթե 10 տարի առաջ նման միջոցառումներին մասնակցում էր ընդամենը 20 երիտասարդ, ապա այսօր՝ 500, ինչը նշանակում է, որ հանրության վերաբերմունքը դոնորությանը, մարդասիրական մոտեցումներին դրականորեն փոխվում է։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց նաև, որ անվարձահատույց արյունատվությունը նվիրված է նոյեմբերի 17-ին նշվող Ուսանողների միջազգային տոնին, որի շրջանակներում իրականացվում են նաև մի շարք այլ միջոցառումներ։
Արյուն տալուց առաջ երիտասարդ դոնորները լրացրին համապատասխան հարցաթերթիկը, բուժզննում անցան թերապևտի մոտ, որից հետո միայն թույլատրվեց նրանց կատարել արյունատվություն։ Ուսանողները նշում են, որ օգնելու պարտականությունը յուրաքանչյուրինս է։ “Ինչպես կարելի է հանգիստ ապրել, եթե գիտես, որ մարդիկ ունեն արյան պահանջ։ Հույս ունեմ, որ իմ մի կաթիլ արյունը ինչ-որ մեկին կյանք կպարգևի”,- ասում է Արմեն Հարությունյանը, ով առաջին անգամ էր արյուն հանձնում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը բազմիցս հանդես են եկել արյունատվության անվարձահատույց ակցիաներով՝ նպատակ ունենալով հասարակության, հատկապես երիտասարդության մեջ արմատավորել այն գաղափարը, որ մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր: Նշենք, որ տարեցտարի ոչ միայն ավելանում է արյուն տվող կամավոր երիտասարդների թիվը, այլև նման ակցիաները դառնում ավելի հաճախակի։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն