Armlur.am-ի տեղեկություններով` օրերս ազատ է արձակվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Լիլիա Խաչատուրովան, ով առավել հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ:
Նա մեղադրվում էր կազմակերպված խմբի հետ Նաիրա Թ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մասնակի մեղավոր է ճանաչել:
Կարիճը առավել հայտնի է դարձել քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում: Նրան շատերը ՔԿՀ-ի հեղինակություններից էին համարում: Այստեղ նրան հարգում էին, նրանից վախենում էին, շատերն էլ չէին սիրում: Դեռևս նախորդ տարի մի խումբ կին դատապարտյալներ բողոքի ալիք էին բարձրացրել` ընդդեմ իրենց բախտակցի` ասելով, թե «օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար»:
Պատճառը Կարիճի` բաց ռեժիմում կամ, ինչպես ընդունված է ասել դատապարտյալների շրջանում, «բաց գաղութում» հայտնվելն էր: «Բաց գաղութ դուրս գալ» նշանակում է, առավոտյան ժամը 8-ին դուրս գալ ՔԿՀ-ից, աշխատել, երեկոյան 8-ին վերադառնալ ՔԿՀ: Կալանավոր կանայք ապշած էին և բարձրաձայնում էին, որպեսզի ստուգումներ անցկացվեն` իմանալու համար` ինչպես են «արտոնյալները» վերադառնում տներից` հարբած, «պատերը բռնելով»: Ի դեպ, բողոքավոր կալանավորները կարծիք էին հայտնել, թե բաց գաղութ են դուրս գալիս մարդիկ, որոնք կամ համագործակցում են վարչակազմի հետ, կամ «վերևներում» ընկերներ ունեն:
Հարցազրույցներից մեկի ժամանակ Լիլիա Խաչատուրովան խոստովանել էր, որ ՔԿ հիմնարկի պատերը սթափեցնում են մարդուն և ստիպում «զսպել ներվային շարժումները»:
Ինչպես Կարիճը հայտնվեց մեկուսարանում
Դեպքը տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերի 10-ին: Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է մեղադրական եզրակացությունից`այս գործով մեկ այլ մեղադրյալ` Ելենա Ս.-ն («Փիղ Էլեն» մականունով), իր մարմնավաճառ ընկերուհիներ «Պուշոկ» մականունով Աննա Ղ.-ի, «Մաշա» մականունով Նունե Ա.-ի, «Կարիճ» մականունով Լիլիա Խաչատուրովայի հետ որոշել են պատժել Նաիրային` Ելենային «Մամա Ռոզա» անվանելու համար:
Եվ կանայք Կարիճի «Պորշ Կայեն» ավտոմեքենայով նշված օրը` ժամը 03։40-ի սահմաններում, գնացել է Նաիրա Թ.-ի տան մոտ, ում հետ նախապես պայմանավորվել էին հանդիպել: Ավտոմեքենայում սկսված խոսակցության ընթացքում Ելենան կոպիտ արտահայտություններ անելով Նաիրայի հասցեին` իր ձեռքի գարեջուրը լցրել է վերջինիս վրա և նույն ապակյա գարեջրի շշով 2 անգամ դիտավորությամբ հարվածել Նաիրայի գլխին։ Սակայն միջադեպն այսքանով չի ավարտվել:
Լիլյան ու Ելենան մեքենայի մեջ պահված փայտե մահակներով հարվածել են Նաիրային։ Աննան ևս այս ամենից անմասն չի մնացել. նա էլ գրկել է «զոհին», որպեսզի վերջինս չշարժվի կամ պաշտպանվի: Նաիրայից «ազատվել են»` դանդաղ ընթացող ավտոմեքենայից գցելով: Ավելին, մոտ 200 մետր հեռանալուց հետո, Լիլիան ավտոմեքենան շրջադարձ է կատարել և վերադառնալով Նաիրայի ընկած վայրը, ավտոմեքենայի դիմացի անվադողով հարվածել է գետնին ընկածին և հեռացել։
Հետագայում պարզվել է, որ Նաիրայի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Թեպետ Կարիճն ու հանցակից ընկերուհիները վստահեցնում էին, որ նշված աղջիկը (խմբ. Նաիրան) ողջ-առողջ ապրում է իր համար, իսկ իրենք «անտեղի փակվել են չորս պատի մեջ»:
Տեսանյութը` A1 plus-ի (2014 թվական)