
Առաջիկա նախագահական ընտրություններին, եթե անգամ առաջադրվեն նախորդ երկու նախագահները կամ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ապա չեն կարող մրցել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
“Ես շանսեր ունեցող մրցակից չեմ տեսնում”,- ընդգծեց պատգամավորը:
Հարցին, թե Մկրտիչ Մինասյանը մրցակից չի՞ տեսնի, եթե անգամ խորհրդարանական մյուս ուժերը միանան և հանդես գան մեկ միասնական թեկնածուով, նա պատասխանեց. “Քաղաքական ուժերի կոնսոլիդացմանը չեմ հավատում: Ես ասում եմ, այն ինչ այսօր տեսնում եմ: Կարծում եմ մրցակիցներ կլինեն, բայց ոչ հավասարը հավասարի մրցակից”,-ասաց նա:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ նկատեց, որ այս պահին քաղաքական դաշտում նոր հավակնորդ չկա. “Եթե լիներ, ապա դեռ մեկ տարի առաջ պետք է հանրությանը ներկայանար իր ծագրով, մատչելի դառնար, բայց այս պահին նման անձ չկա”: